Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, ընդամենը 33% ձայն էր հավաքել եւ չէր ընտրվել քաղաքապետ, երեկ ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցութունների ձայներով Ավինյանն ընտրվեց քաղաքապետ: «Հանրային ձայն» կուսակցությունը եկավ եւ քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված երդմամբ։ Երեւանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21-ին` ժամը 10:00-ին։ Երեկվա նիստին նաեւ հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ նշանակվեցին: «Հանրապետություն»-ը ստացավ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները, «Հանրային ձայն»-ը՝ միայն Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, մյուս բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են: Այսպիսով, բաց է մնում միայն Տիգրան Ավինյանի տեղակալների՝ փոխքաղաքապետերի հարցը, որը կքննարկվի արտահերթ նիստով կամ էլ նոյեմբերի 21-ի հերթական նիստին: Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երեւանի ավագանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում են քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյանը, որը Ավինյանի մտերիմն է քաղաքապետարանում, մյուս փոխքաղաքապետի հարցն էլ դեռ վաղուց է որոշված. այս պաշտոնում կնշանակվի Արմեն Փամբուխչյանը, որը քաղաքապետարանում Փաշինյանի «աչքն ու ականջն է»: Ի դեպ, Փամբուխչյանը «գործազուրկ» է դեռ հունիսի 30-ից՝ ԱԻ նախարարության լուծարումից հետո: Փաշինյանն էլ երկար փնտրտուքներից հետո նրա համար դեռ վաղուց պահել է փոխքաղաքապետի պաշտոնը: Փոխքաղաքապետերից մեկն էլ պետք է բաժին հասնի «Հանրապետություն» կուսակցությանը: Այս պահին թեժ քննարկումներ են գնում կուսակցության ներսում Արտակ Զեյնալյանի եւ Անի Խաչատրյանի թեկնածությունների շուրջ: ՔՊ-ն այդ պաշտոնը տալու է Արամ Սարգսյանի ղեկավարած ուժին, իսկ թե ում կառաջադրեն՝ Զեյնալյանին, թե Անի Խաչատրյանին, «Հանրապետություն»-ը դեռ որոշում չունի:

 

 

 

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի հոսքն ավարտված է։ Ավելի քան 100 հազար տեղահանվածներից մոտ 54 հազարը շարունակում են գտնվել պետության կողմից տրամադրված կացարաններում։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ինչպե՞ս են տեղի ունենալու Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին նյութական փոխհատուցումները։ Մասնավորապես, շատ-շատերը ունեցել են Արցախում ընտանի կենդանիներ (կով, խոզ եւ այլն), որոնք եղել են իրենց ապրուստի միակ միջոցը, եւ այսօր Հայաստանում փաստացի ոչինչ չունեն։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունը. «ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու նպատակով արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ օրենքով սահմանված կարգով, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Մասնավորապես, արդեն իսկ հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքները հոգալու նպատակով պետության կողմից յուրաքանչյուրին 100.000 դրամ միանվագ աջակցություն տրամադրելու վերաբերյալ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվող փոխանցումների իրականացումն արդեն մեկնարկել է»։ Փոխվարչապետը տեղեկացնում է նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով հատկացնել 40000 եւ կոմունալ ծախսերի համար հավելյալ 10000 դրամ։ Ի վերջո, անդրադառնալով մեր բուն հարցին՝ Խաչատրյանը տեղեկացնում է, որ կարիքների գնահատման գործընթացի ավարտից հետո, ըստ անհրաժեշտության, նաեւ աջակցության նոր ծրագրեր կդիտարկեն գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար։ Թե «ըստ անհրաժեշտության» արտահայտության տակ ինչ կա թաքնված, ու ինչպես դա կորոշվի, անհայտ է։ Նույն անորոշ պատասխանը տրվում է՝ կապված բնակարանային ապահովման հետ։ Արդյոք արցախահայությանը հետագայում հատկացվելո՞ւ են բնակարաններ, տներ, ինչպես հայտնի ժամանակներում էր, թե՞, ինչպես ՀՀ մնացած քաղաքացիները, նրանք եւս իրենց արդար քրտինքով մեկ անգամ էլ պետք է «տուն դնեն»։ Փոխվարչապետը վաղվա ծրագրերից խոսել խուսափում է՝ կարծես ակնարկելով՝ կապրենք, կտեսնենք. «Մինչ այս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ եւ միջնաժամկետ կարիքներին արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաեւ հնարավոր երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները։ Երկարաժամկետ աջակցության ծրագրերի հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշումները կկայացվեն եւ հանրությանը կներկայացվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համապարփակ կարիքների գնահատումն ավարտելուց հետո»։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին: Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն առհասարակ չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Թեկնածուի առաջադրման ժամկետը մինչեւ ամսի 12-ն է, ընդդիմադիրները վաղը կներկայացնեն նրա թեկնածությունը ԱԺ, իսկ ԱԺ առաջիկա նիստին արդեն կքննարկվի Մանվել Բադալյանի թեկնածության հարցը: Թե ինչու կանգ առան հենց Մանվել Բադալյանի թեկնածության վրա՝ հաշվի առնելով, որ ՔՊ-ն նախորդ անգամ տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը, եւ թե հիմա ինչ ակնկալիքով են նոր թեկնածու առաջադրում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված մեր լիազորությունն է ներկայացնել թեկնածու, մենք ներկայացնում ենք արժանապատիվ, իսկ թե ինչ կանի իշխանությունը, չեմ կարող ասել: Մյուս բոլոր հարցերի պատասխաններն արդեն ԱԺ նիստին կհնչեն»:

 

 

 

 

Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է Առաջին ատյանի դատարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով: Հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հրաչյա Սարգսյանը դիմել էր Վարչական դատարան՝ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ ՀՀ օրենսգրքի 180.1-ի հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտում է համարվում առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով: Արդյունքում Վարչական դատարանը, շուրջ 1 տարի քննելով գործը, որոշել է մերժել նախկին քաղաքապետ, ներկայիս փոխնախարար Հրաչյա Սարգսյանի հայցը: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանում լուրջ են տրամադրված եւ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ նիստերը շարունակվում են: Տեսնենք, թե ինչ կստացվի այս դեպքում:

 

 




Լրահոս