ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՑՐԵԼ Է ՄԱՆԴԱՏԸ. ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, ընդամենը 33% ձայն էր հավաքել եւ չէր ընտրվել քաղաքապետ, երեկ, ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցութունների ձայներով, Ավինյանն ընտրվեց քաղաքապետ:

 

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը եկավ եւ քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը: Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել էին նիստը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսացկության ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ գնալու եւ մասնակցելու են ավագանու նիստերին, իսկ Հայկ Մարությանն այս պահի դրությամբ վերցրել է մանդատը:

-Պարո՛ն Գրիգորյան, փաստացի ձեր բոյկոտը որեւէ արդյունք չտվեց, ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ անգամ ձեր բացակայության պայմաններում: Չե՞ք կարծում, որ ձեր բոյկոտն անիմաստ էր, եւ պետք էր այլ քայլեր մտածել իշխանության վերարտադրումը կանխելու համար:

-Վերարտադրումը կանխելու համար բանակցություններ եղան մյուս ուժերի հետ, բայց դա չստացվեց, հաջորդ տարբերակը բոյկոտն էր: Եթե բոլորը միանային բոյկոտին, նաեւ «Հանրային ձայնը», կլինեին նոր ընտրություններ, բայց դա տեղի չունեցավ: Սա, սակայն, չի նշանակում, թե բոկոտը սխալ էր: Երեք ուժերի մեջ չեղավ համաձայնություն, մեզ մնում էր բոյկոտը միայն:

-Պարո՛ն Գրիգորյան, նրանք էլ ասում են, որ Հայկ Մարությանը տապալեց բանակցությունները, եւ նրա պատճառով է, որ ընդդիմադիր ուժերի մեջ համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց:

-Դա այդքան էլ այդպես չի. սա մեկնաբանության կարիք չունի: Դուք տեսել եք, թե իրենք ինչ են առաջարկել, մենք ինչ ենք պատասխանել: Առնվազն 4 կամ 5 անգամ հանրային ձեւով դա արվել է: Հիմա էլ հետ գնալ պետք չի, փաստացի չի հաջողվել համաձայնության գալ, ու եղել է այս վիճակը:

-Ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է նշանակված, գնալու՞ եք, մասնակցելու՞ եք ավագանու նիստերին:

-Իհարկե, գալու ենք, մասնակցելու ենք նիստերին:

-Հայկ Մարությանն ի՞նչ որոշում ունի, վերցնելու՞ է մանդատը, աշխատելու՞ է Տիգրան Ավինյանի հետ:

-Այս պահի դրությամբ վերցրել է մանդատն արդեն, ավագանու այսօրվա նիստին հրապարակվեց ավագանու անդամների անունները, այդ թվում՝ նրա: Այս պահի դրությամբ, իսկ թե հետո ինչ կլինի, որոշում կփոխի, թե ոչ, ես չեմ կարող ասել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում էր Պրահայում:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:

«Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Նշենք, որ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Հավելենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը:

 

 

 

ԱԶԱՏԵԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Դատական համակարգում խոսակցություններ կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը նեղացած է քաղաքական իշխանություններից, քանի որ իր դատավոր որդուն՝ Դավիթ Արղամանյանին, ազատեցին դատական համակարգից, ուստի նա Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի մասով անկանխատեսելի որոշում կկայացնի: Մասնավորապես, ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նա բեկանի Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տնային կալանքի տանի կամ էլ գրավ կիրառի Լեւոն Քոչարյանի նկատմամբ: Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լեւոն Քոչարյանին, բռնություն կիրառելով, բերման էին ենթարկել, ապա նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից էլ՝ ձերբակալել: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել: Լեւոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին 1 ամսով կալանավորվել է, եւ նրա պաշտպանները դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ գործը մակագրվել է իշխանությունների սրտով որոշում կայացրած դատավոր Մհեր Արղամանյանին: Նշենք, որ Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երեւանում, ոչ ավել, ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին բոլորին հայտնի՝ կալանք տվող դատարանի դատավոր, ինչից հետո վերոնշյալ դատարանը լուծարվեց, իսկ դատավորները հեռացվեցին համակարգից:

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային կառավարման համակարգում կարող եք տեսնել Հայաստանի 2023 թվականի բյուջեի հատկացումները։ Ըստ ինտերակտիվ բյուջեի պատկերի՝ տարեկան ոլորտային հատկացված բյուջեն կազմում է 2 մլդ 556 մլն 572 հազար 569 դրամ։ Ըստ գրաֆիկական պատկերների՝ կարող ենք տեսնել, որ ամենաշատ հատկացումներ ստացած ոլորտը սոցիալական պաշտպանության ոլորտն է, երկրորդ տեղում պաշտպանությունն է՝ 520 մլն 520 հազար դրամ։ Երրորդ տեղում 513 մլն 787 հազար դրամ ընդհանուր բնույթի ծառայություններին է տրամադրված, որի մեջ մտնում են օրենսդիր եւ գործադիր մարմինները, պետական կառավարումը, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերությունները, արտաքին հարաբերությունները, Կառավարության տարբեր մակարդակների միջեւ իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներին տրամադրվող ֆինանսական միջոցները նաեւ նմանատիպ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքների համար տրամադրված հատկացումները։ Չորրորդ տեղում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրություների, տնտեսական հարաբերությունների համար հատկացումներն են՝ 239 մլն դրամ, եւ միայն հինգերորդ տեղում կրթության ոլորտի  հատկացումներն են՝ 211 մլն դրամ։ Համեմատության համար կարող ենք ասել, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության բյուջեն 2024 թվականի համար նախատեսել է 2,340 միլիարդ լարի՝ 348 միլիոն դրամ։ Ըստ հրապարակված մյուս տվյալների՝  հատկացումների քանակով առաջին տեղում կրթության եւ գիտության ոլորտն է։ Հայաստանում կրթության ոլորտն այնքան է աչքաթող արվել, որ այս տարի ԿԳՄՍ ձախողված մրցույթներից հետո երեխաներին չհանձնվեցին իբրեւ տպագրվող ռուսերենի դասագրքերը. դրանք այս տարի չեն էլ լինելու։ Կրթության ոլորտը միայն որպես ֆինանսական միջոցներ ստանալու աղբյուր օգտագործելու պատճառով էլ այսօր պատմություն ունեցող համալսարանների շենքերը փորձում են վաճառել։ Գրեթե ոչ մի էական բարեփոխումներ չեն արվել այս ոլորտում, որի հետեւանքով այսօր ունենք կրթություն չգնահատող իշխանություն։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի են ընդունվում դասախոսներ եւ ուսուցիչներ, որոնք այդ ոլորտի համապատասխան կրթություն չունեն։ Հայաստանում չի գնահատվում գիտությունը, ինչի պատճառով Հայաստանում նվազել է գիտական աշխատությունների քանակը, պակասել է նաեւ գիտական աստիճան ունեցողների թիվը եւ աստիճան ստանալ ցանկացողների թիվը։ Դպրոցներում ուսուցիչներին ատեստավորում են՝ խոստումով, որ աշխատավարձի տոկոսային բարձրացում կլինի, սակայն այդպես էլ ոչինչ չի լինում։ Ուսուցիչներին գովում ու խրախուսում են միայն խոսքերով, սակայն նրանք աշխատանքին համապատասխան չեն վարձատրվում։ Չինաստանում ուսուցիչները ստանում են ամենաբարձր աշխատավարձը, եւ տեսաբանները փաստում են, որ այդ որոշումից հետո բարձրացել է ուսանողների եւ աշակերտների ուսման որակը եւ ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը։ Նրանք կարծում են, որ այս որոշումը երկրի տնտեսության զարգացմանը եւս նպաստել է։ Հայաստանում ուսուցիչը ստանում է ամենացածր աշխատավարձից մի քայլ բարձր աշխատավարձ, իսկ ՀՀ կառավարությունը բարձրացնում է իր սրտի որոշումներ կայացնող դատավորների աշխատավարձը։

 

 




Լրահոս