Ի՞ՆՉ ՊԱՇՏՈՆ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երեւանում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 10-ին՝ մամուլի ասուլիսին, հայտարարեց Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը:

 

«Երեւանի ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ եւ նպատակ ունենալով Երեւան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար եւ հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների  նախընտրական ծրագրերը, որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ Երեւանի զարգացման եւ երեւանցիների բարօրության»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ Երեւանի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով:

Այս խոսքերից հետո Տիգրան Ավինյանը եւ Երեւանի ավագանիում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը ստորագրեցին հուշագիրը:

«Հանրապետություն» կուսակցության հետ ստորագրված այս հուշագիրը նշանակում է, որ Երեւան քաղաքի կառավարումը ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները իրականացնելու են միասին, ինչը նշանակում է, որ գործադիրում նշանակումները եւս իրականացվելու են միասին եւ փոխհամաձայնեցված: Կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին: Այս մասին  հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ պաշտոններ են տրվելու «Հանրապետություն» կուսակցությանը, եւ արդյոք սա էր այն գինը, որը պետք է վճարեին համագործակցության համար:

Ճշտող հարցին, թե արդյոք «Հանրապետություն» կուսակցությանը բաժին է հասնելու փոխքաղաքապետի պաշտոնը, Ավինյանն ասաց. «Բոլոր այդ մանրամասները ամեն նիստի հետ հայտնի կդառնան: Մեր ներքին քննարկումների արդյունքում կներկայացնենք բոլոր պաշտոնյաներին, որոնք պետք է ստանձնեն պատասխանատվություն գործադիրում»:

Իր հերթին Երեւանի ավագանիում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց, որ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երեւանի, Հայաստանի շահով, Սահմանադրությամբ, ժողովրդական, իրավական պետության հիմնարար սկզբունքներով։

«Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոններն էին արդյոք ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ, ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում: «Եվս մեկ անգամ կրկնեմ՝ դա շնորհ, պարգեւ չէ՝ որեւէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։

 

 

 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Երեւանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ավագանու հոկտեմբերի 10-ի նիստին քվեարկությանը մասնակցել էր ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ 5:

Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր:

Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Հանրային ձայն» խմբակցությունները:

Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը եւ «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել են Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

 

 

ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա եւ 2 փրկարար շուն ժամանել են Հայաստան: Հոկտեմբերի 10-ի երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երեւանում դիմավորել է ֆրանսիական թիմերին։

Նրանք Հայաստանի եւ ԵՄ-ի փրկարարների հետ կմասնակցեն «HOPE 2023» վարժանքին:

Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Հայաստանում են նաեւ Կիպրոսի եւ Մոնտենեգրոյի որոնողափրկարարական թիմերը։

 

 

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ՝ ԳԱԶԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է նախորդ գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի եւ «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Ռիմալի եւ Խան Յունիսի օբյեկտներին։ Զինվորականները պնդում են, որ այդ երկու շրջաններն օգտագործվում են որպես «ահաբեկչական հանգույցներ», զգալի թվով  ահաբեկչություններ հենց այնտեղից էին սկսվում։

Ինչպես հաղորդում է  The Times of Israel թերթը, ծանր տրանսպորտային ինքնաթիռները թռչել են եվրոպական տարբեր երկրներ՝ Իսրայել տեղափոխելու այն զինվորներին, որոնք չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ։ Գործողությունն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության հետ  համաձայնությամբ։

Ներքին տեղահանվածների թիվը Գազայի հատվածում աճել է մինչեւ 187 հազար, անօթեւան մնացած առնվազն 137 հազար մարդու տեղափոխել են դպրոցական շենքեր ժամանակավոր ապրելու նպատակով, սակայն  50 հազար պաղեստինցի դեռ անօթեւան են։ Բուն Գազայի ապաստարանները գերբնակեցված են, իսկ խմելու ջրի մատակարարումը սահմանափակ է:

Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, որը սեպտեմբերին կայացած ավագանու ընտրություններին հանդիսանում էր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Արցախի Հանրապետության լուծարումը հակասահմանադրական է, Արցախի նկատմամբ մեր իրավունքների ամրագրումը՝ որպես քաղաքական առաջնային օրակարգ» թեմայով։

Սուրեն Պետրոսյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ այս նախաձեռությունը կապ չունի իր կուսակցական գործունեության հետ։ Սուրեն Պետրոսյանի այս նախաձեռնությանը սատարում էր նաեւ ԵՊՀ Իրավիագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի հայկականության երաշխավորման իրավաքաղաքական հիմքերը եւ Արցախի նկատմամբ մեր իրավունքների ամրագրման ուղղությամբ հետագա քայլերը։

Ըստ Պետրոսյանի՝ քայլերից գլխավորն Արցախի սահմանադրական կարգի վերականգնման ուղղված քննարկումն է,  պետք է նախաձեռնել եւ վերականգնել Արցախի լուծարված խորհրդարանը։ Հարցին, թե այս թեմայով որեւէ քննարկում ունեցել են արդյոք Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք նպատակահարմար չենք գտել, քանի որ վստահ ենք, որ նրանցից ոչ ոք չի կարող անհամաձայնություն տալ։ Հետագայում նախատեսում են ստեղծել տեղեկատվական շտաբ, որը համախմբմանը կօգնի։ Քանի որ իշխանությունը Արցախի հարցում ձեռքերը լվացել է, այդ պատճառով նախաձեռնել ենք այս գործողությունը»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իսրայելում բնակություն հաստատած ռուսներին անվանել է «վախեցած հայրենասերներ»:

«Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Իսրայել մեկնած ռուսները «վախեցած հայրենասերներ» են։ Աշխարհը հետեւում է լիբերալ սկզբունքայնության ճկունությանը: «Վախեցած հայրենասերները» իրենց կոչումը հաստատեցին՝ նորից վախենալով եւ լքելով իրենց նոր հայրենիքները։ Աշխարհը լայն բաց աչքերով է դիտում ազատական սկզբունքների ճկունությունը»,- գրել է Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում:

Վերջում Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ նախկինում հյուսիսարեւելյան ռազմական շրջանի եւ մոբիլիզացիայի պատճառով Իսրայել փախած ռուսները խոսում էին պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հարձակումների մասին։

 




Լրահոս