ԵՐԿՓՈՒԼԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ՝ Wildberries-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries առցանց առեւտրի շուկան նախատեսում է գործարկել պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվեր անելուց, ընդ որում՝ այդ տարբերակները կլինեն մի քանիսը. «Ժողովուրդ» օրաթերթին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

 

«Օնլայն հարթակը մշակում է հավելվածում պատվերի լրացուցիչ հաստատման գործառույթ, որպեսզի նվազագույնի հասցնի այլ սարքերի, ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց կողմից պատահական պատվերների հնարավորությունը»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում։

Նոր ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում։ Այն հնարավոր կլինի միացնել՝ ըստ ցանկության: Որպես պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ՝ կարող է լինել Pin կոդը, ինչպես նաեւ Touch ID եւ Face ID տեխնոլոգիաները եւ դրանց անալոգները Android-ում։

Ընկերությունը պարզաբանել է, որ պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիան ավելացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջերս օգտատերերից մեկի երեխան պատահաբար պատվեր էր կատարել։

«Երեխան մոր հավելվածում 250,000 ռուբլու պատվեր էր կատարել։ Wildberries-ը, հիմնվելով օգտատերերի վարքագծի վերլուծության վրա, եկել էր այն եզրակացության, որ նրա վերջին պատվերն իսկապես կարող էր կատարված լինել երեխայի կողմից»,- բացատրել է ընկերությունը։

2022-ի մայիսին Wildberries-ը որոշ օգտատերերի տեղեկացրել է, որ 100 ռուբլի կգանձի յուրաքանչյուր պատվիրված ապրանքի համար, որից սպառողն ի վերջո կհրաժարվի։ Ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը պարզաբանել էր, որ վերադարձը վճարովի դարձնելն անհրաժեշտ է, որպեսզի պայքարեն գնումներ անելու թուլություն ունեցողների, այլ ոչ թե սովորական հաճախորդների հետ։

2023-ի ապրիլին Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի մարզային վարչության բողոքի հիման վրա՝ դատարանն անօրինական ճանաչեց թերություն ունեցող ապրանքների վերադարձի համար գնորդներից հավելյալ գումար գանձելու պրակտիկան։

Դատարանը վճռել էր, որ եթե սպառողը Wildberries-ում գնված ապրանքում թերություններ է հայտնաբերում, որոնք չեն հայտարարագրվել վաճառողի կողմից, նա իրավունք ունի պահանջել, որպես դրանք վերացվեն, տվյալ ապրանքը փոխարինվի նույն ապրանքանիշի արտադրանքով, փոխհատուցվեն կորուստները։ Սպառողն իրավունք ունի նաեւ հրաժարվել գնումից եւ պահանջել, որպեսզի վերադարձվի ապրանքի համար վճարված գումարը։ Ընկերության ներկայացուցիչներն այդ ժամանակ հայտարարել էին, որ դատարանը լիովին չի հասկանում ընկերության քաղաքականությունը, եւ որ թերի ապրանքների վերադարձը «հաճախորդների համար եղել եւ մնում է անվճար»։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Wildberries-ից էժան գնումների սիրահարներին տհաճ անակնկալ է սպասվում։

Ավելի ուշ տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության դիմաց եւ պահանջել ՊԵԿ-ին հնարավորինս արգելել Wildberries-ից էժան պատվիրված ապրանքների վաճառքը, որոնք լուրջ խնդիրներ են առաջ բերում։

Այս ամենին արձագանքել էր Wildberries-ը: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում եւ ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերում: Աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։

Ընկերության համար կարեւոր է տեղական բիզնեսի կարծիքը, եւ մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները եւ բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան»։

 

 

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏԵՂԵԿԱՆՔ

«Ժողովուրդ» օրաթերթին Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ աշխատանքային օրերին:

ԼՂ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00-ին, հետեւյալ հասցեում՝ ք. Երեւան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։

Հեռ.՝ 012-37-77-65:

Ծանոթություն. վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար»,- նշված է հատարարության մեջ:

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանվածներին կացարանով եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացում այս օրերին կատարած աշխատանքի համար:

Նախարարը հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարանները, տները, որպեսզի հնարավոր լինի բռնի տեղահանվածներին հյուրանոցներից, հյուրատներից տեղափոխել մշտական բնակության վայրեր։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դպրոցահասակ երեխաների հաշվառմանը, որպեսզի երեխաների կրթության իրավունքը չտուժի, եւ նրանք դուրս չմնան կրթական գործընթացից։

Նախարարը հանձնարարել է առանձնացնել հատուկ կարիք, առողջական խնդիրներ ունեցող անձանց, հետեւել, որպեսզի այդ մարդիկ պատշաճ բուժսպասարկում անցնեն։

Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաեւ կամավորների, իսկ բռնի տեղահանվածներին այցելելիս նրանց իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին։

Մարզպետը նախարարին զեկուցել է մարզում կատարված աշխատանքները, տեղեկացրել է, որ մարզում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում, եւ արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել։

Մարզպետը տեղեկացրել է, որ հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարաններն ու տները։

Տավուշի մարզում այս պահին տեղակայվել է 3388 բռնի տեղահանված, որոնցից 899-ը՝ հյուրանոցներում։

 

 

 

 

ԳՆԱՃԻ ՆՎԱԶՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ համաշխարհային գնաճը կնվազի՝ 2022 թվականի 8,7 % առավելակետից 2023 թվականին հասնելով մինչեւ 6,9 %-ի, իսկ 2024 թվականին՝ 5,8 %-ի: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցը։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2024 թվականի համար սպառողական գների աճի կանխատեսումը «վերանայվել է 0,6 տոկոսային կետով դեպի բարձրացումը, ինչն արտացոլում է սպասվածից բարձր հիմնական գնաճը»։

Արժույթի միջազգային հիմնադրամը միեւնույն ժամանակ փոքր-ինչ վատթարացրել է 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը:

Սպասվում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 3 %, իսկ հաջորդ տարի՝ 2,9 %:

 

 

 

ՏԱՐԱԴՐԱՄԻ ԱՐԺՈՒՅԹԸ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 397.52 դրամ. նախորդ օրվա համեմատ նվազել է 6.58 դրամով: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.93 դրամ (նվազել է 4.51 դրամով):

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.12 դրամ (նվազել է 4.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 397-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով, վաճառվում է 420-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.64-3.91 դրամով, վաճառվում է 4.99-4.20 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետեւյալն է.

l դոլարը գնվում է 392 դրամով, վաճառվում՝ 397-398 դրամով,

l եվրոն գնվում է 412-415 դրամով, վաճառվում է 422-423 դրամով,

l ռուբլին գնվում է 3.85 դրամով, վաճառվում է 3.98-4.00 դրամով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը կապ էր  հաստատել Կենտրոնական բանկի հետ` հասկանալու համար թե ինչի հետ է կապված այս երեւույթը: Ինչո՞ւ է դրամն արժեզրկվում, իսկ եվրոյի, ռուբլու ու դոլարի արժեքը բարձրանում է:

Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է արտարժույթի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմ, եւ, հետեւաբար, փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի եւ պահանջարկի փոփոխություններով:

 

 




Լրահոս