Գովելի, սակայն անհեռանկար…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող ` 1-ին կուրսեցի 780 ուսանողներ այսօր Երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակի հավաստագրեր են ստացել, որոնք ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ կրթաթոշակի հատկացման այս ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ: Տիգրան Սարգսյանը դիմելով ուսանողներին ` նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական. «Ինչ էլ ձեզ համար անենք, քիչ է, դուք ավելիին եք արժանի: Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ», – ասել է վարչապետը:

Նախաձեռնությունն, անշուշտ, գովելի է, սակայն նաև օգնության կարգով մի փոքր հուշում անեմ Կառավարությանը. այն, որ մեր ուսանողները պետք է իրենց հայրենիքում երջանիկ զգան և իրենց ապագան կապեն Հայաստանի հետ, դա բոլորիս ցանկությունն է, սակայն դրա իրագործման համար միայն կրթաթոշակ տալը բավական չէ, անհրաժեշտ է նաև գտնել պատասխանն այն տարրական հարցի, թե ինչ պետք է անի ուսանողը Հայաստանում բուհն ավարտելուց հետո, լրացնի տաքսու վարորդների՞, թե՞ տոնավաճառում վաճառողուհիների շարքը: Սովորաբար ուսանողների զգալի մասն ավարտելուց հետո նախընտրում են երրորդ տարբերակը ` արտագաղթը, իսկ բուհում սովորելը փաստորեն դառնում է ֆիկտիվ երևույթ, դիպլոմը ` «օժիտի» ատրիբուտ: Այս ամենը նպաստում է բարձրագույն կրթության ` գնալով էլ ավելի արժեզրկմանը երկրում: Եվ որպեսզի ուսանողներին կրթաթոշակներով ապահովելու այս դրական նախաձեռնությունը անպտուղ չլինի, անհրաժեշտ է նաև մտածել համակարգի արժևորման մասին, ինչն էլ անմիջականորեն կապված է երկրում գործազրկության և աղքատության ծավալների հետ:

Ի դեպ, նույնիսկ մասնագիտությամբ աշխատանք գտնելն էլ շատ դեպքերում չի փարատում արտագաղթելու ցանկությունը, քանի որ սովորաբար աշխատավարձի չափը նույնիսկ գոյատևելու հույսեր չի ներշնչում:

Կարեն Վարդանյան




Լրահոս