Կոչ եմ անում միանալ մեր պայքարին և կանխել մոտալուտ աղետը. Կոնսերվատորիայի ուսանողուհու ահազանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնսերվատորիայի փակվելու մասին տեղեկացել ենք համացանցում, սոցցանցերում վիրուսի պես տարածվող, աղետալի հետևանքների մասին ահազանգող աղմկահարույց լուրերից: Ամենուրեք մեզ՝ կոնսերվատորիայի ուսանողներիս, համալսարանից դուրս հարցադրումներ էին անում. ոմանք կոնսերվատորիայի փակվելու, ոմանք տեղափոխվելու, ոմանք էլ՝ ակադեմիական քաղաքի մաս կազմելու վերաբերյալ: Եվ այս ամենը գնալով ինչպես նյարդայնացնում, այնպես էլ մեզ հանդիման եկող աղետի մասին էր ահազանգում: Բոլորին միաբերան մի պատասխան էինք տալիս. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ

•Չի՛ տեղափոխվելու
•Չի՛ միանալու այլ ԲՈւՀ-ի
•Մաս Չի՛ կազմելու ակադեմիական քաղաքի:

Եվ այս պատասխաններն էլ անհերքելի փաստ ընդունած՝ միահամուռ կերպով մղվեցինք պայքարի՝ մեր բաժին պայքարին»,- ArmLur.am-ի հետ զրույցում իր բողոք-պահանջն է հայտնում կոնսերվատորիայի ուսանողուհի Ռիմմա Մարտիրոսյանը:

Ռիմմա Մարտիրոսյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի բակալավրի 4-րդ կուրսում: Ռիմման ասում է, որ լինելով կոնսերվատորիայի սան, ինքը և իր համակուրսեցիներն իրենց պարտքն են համարում պայքարել ու անել ամենը՝ կոնսերվատորիան չփակելու համար:

«Ես կոնսերվատորիայի ժառանգից եմ և իմ պարտքն եմ համարում պայքարել ու անել ինձնից կախված առավելագույնը՝ կանխելու այս աղետը: Անկախ այն հանգամանից, որ հաշված ամիսներ են մնացել իմ շրջանավարտ դառնալուն, ես շարունակելու եմ իմ բաժին պայքարը, քանզի ես այստեղ տեսել ու զգացել եմ, թե ինչ նվիրումով է ամբողջ դասախոսական կազմը չնչին վարձատրության դիմաց կրթում, դաստիարակում ու որպես որակյալ երաժիշտ թրծում, քանդակում յուրաքանչյուր ուսանողի»,- ասում է ուսանողուհին:

Ռիմման ասում է, որ կոնսերվատորիայի պահպանության համար ստորագրահավաք են սկսել, որի արդյունքները, համապատասխան նամակով ուղարկվելու են ԿԳՄՍ նախարարին: Նա հույս է հայտնում, որ նախարարը կընդառաջի իրենց պահանջին:

«Առաջին շոշափելի քայլը հանուն կոնսերվատորիայի պահպանության սկսած ստորագրահավաքն էր, որը մեր հայրենակիցների բազմաթիվ խնդրանքներից ելնելով` երկարաձգվել է մինչև մարտի 25-ը, քանզի ոչ բոլորն էին հասցրել ստորագրությամբ իրենց դիրքորոշումը հաստատել: Համապատասխան նամակին կից՝ ստորագրահավաքի արդյունքները ուղարկելու ենք ԿԳՄՍ նախարարին՝ որպես մեր և մեր հայրենակիցների արդար պահանջի դրսևորում՝ գնահատել կոնսերվատորիայի դերն ու նշանակությունը և հետամուտ լինել վերջինիս պահպանությանը»,- նշեց ուսանողուհին և հավելեց, որ առաջիկայում նախատեսում են այլ գործողություններ՝ իրենց խոսքը լսելու դարձնելու համար:

Անդրադառնալով կոնսերվատորիայի ունեցած նշանակությանը` ուսանողուհին նշեց. «Կոնսերվատորիան լոկ երաժշտական կրթություն տվող համալսարան չէ, այլ ազգի մշակութային դիմագիծը կերտող 100-ամյա կրթական սուրբ օջախ, որը կրթել և շարունակում է կրթել Հայաստանի մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնող որակյալ երաժիշտների:

Եվ ամեն ինչից զատ, մեր ազգը պետք է գիտակցի, որ մեր կրթօջախի առջև ծառացած այս խնդիրը հավասարապես լուրջ վտանգ է նաև մյուս կրթօջախների համար: Վտանգի տակ է մեր ամբողջ կրթական համակարգը, մարում է կրթված ու գիտակից սերունդ ունենալու մեր մեծ հույսը:

Այսպիսով, կոչ եմ անում միանալ մեր պայքարին և կանխել մոտալուտ աղետը, որն ուր որ է կթակի բոլորիս դռները:
Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ հաջողությամբ չի պսակվել: Իսկ այն հաստատ հաջողությամբ է պսակվելու»:

Նանիկ Աղասյան




Լրահոս