Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում, ինչը խոսում է երկրների հարաբերությունների խորացման մասին. Հակոբ Արշակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջեւ բարեկամական կապերին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, կարեւորել Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը հայ-կանադական համագործակցության ամրապնդման գործում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի եւ Կանադայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւս մեկ կարեւոր քայլ է Երեւանում Կանադայի դեսպանատան բացումը, որը կարող է դիտարկել որպես երկու երկրների կառավարությունների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:




Լրահոս