ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երեւան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ:

Ահազանգով անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը ձեռնարկել է քննչական եւ ապացուցողական անհետաձգելի գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ եւ կրակված գնդակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի 31-ամյա տղամարդը, դեպքից օրեր առաջ Արտաշատ քաղաքում հետիոտնային անցումով անցնելիս արժանանալով այդ պահին ավտոմեքենայով երթեւեկող տուժողի կողմից իրեն արված դիտողությանը եւ ձայնային ազդանշանին, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Արտաշատի բնակիչը հայհոյել է 31-ամյա տղամարդուն եւ թքել նրա ուղղությամբ:

Կատարվածից վրդովված եւ չհանդուրժելով իրեն հասցրած վիրավորանքը՝ վերջինս մտադրվել է սպանության եղանակով վրեժխնդիր լինել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու վճռականությամբ 31-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք բերած եւ իր մոտ պահվող 9մմ տրամաչափի լիցքավորված ակոսափող ատրճանակով զինված, տարբեր օրերի մեկնել է Արտաշատ քաղաք, հայտնաբերել է տուժողին՝ պլանավորելով եւ որոշելով սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր ժամանակն ու վայրը:

Մի քանի օր հետեւելով տուժողին՝ ի վերջո 2022թ. մարտի 28-ին 31-ամյա տղամարդը հերթական անգամ մեկնել է Արտաշատի բնակչի բնակության վայրի մոտ, դարանակալել ու սպասել է նրա ժամանելուն: Ժամը 20:40-ի սահմաններում տեսնելով, որ Արտաշատի բնակիչը քայլելով մոտենում է՝ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ թիկունքից անսպասելի մոտեցել է նրան եւ լիցքավորված ատրճանակը պահել է նրա գլխին: Տղամարդը, հասկանալով, որ ցանկանում է կրակել իր վրա, պաշտպանվելու նպատակով ձեռքով հարվածել է 31-ամյա տղամարդու ձեռքին՝ փորձելով գետնին գցել ատրճանակը, սակայն չի կարողացել, որից հետո քաշքշուկ է սկսվել  նրանց միջեւ: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը կրակել է տուժողի դեմքի՝ բերանի հատվածին, ապա՝ ձախ ձեռքին, այնուհետեւ, մի քանի մետր հեռանալով, շարունակել է կրակոցներ արձակել՝ ցանկանալով խոցել վերջինիս կյանքի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող հատվածները։ Կրակոցներից մեկը դիպել է տուժողի որովայնին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Դեպքի հաջորդ օրը 31-ամյա տղամարդը լքել է ՀՀ տարածքը: Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը քրեական վարույթով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու կրելու համար։

Հաշվի առնելով, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Դեպքից շատ չանցած՝ վերջինս ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, 2022թ. դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է ՀՀ եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մաս եւ 335-րդ հոդվածի 1-ին)։ Դատարանը հաստատել է նրան կալանքի տակ պահելու ներկայացված  միջնորդությունը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է տնային կալանքով եւ գրավով՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՄՈՐՆ ՈՒ ՔՐՈՋԸ

Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի. հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երեւանի բնակիչներ 79-ամյա Անահիտ Կ.-ն եւ 45-ամյա Լուսինե Կ.-ն:

Մաշտոցի ոստիկանները պարզել են նաեւ, որ նրանց դանակահարել է Երեւանի բնակիչ 48-ամյա Էլեն Կ.-ն։

Վիրավորները Էլեն Կ.-ի մայրն ու քույրն են:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

 

 

ՕՏԱՐՎԵՑ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի եւ նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերեւույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով եւ պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց), Մ.Խորենացու փողոցի եւ նույն փողոցի 1-ին փակուղու հատման հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրել են 2707 քմ մակերեսով հողատարածք: Կնքված վարձակալության պայմանագրով սահմանվել է պարտադիր պայման, ըստ որի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում հողատարածքը գնման նախապատվության իրավունքով կվաճառվի վարձակալին, սակայն, առանց վերոնշյալ պարտավորության կատարման, այսինքն՝ առանց հյուրանոցային համալիրի կառուցման, վարձակալն անհիմն օժտվել է գնման նախապատվության իրավունքով, եւ վերոնշյալ հողատարածքը 2006 թվականի հոկտեմբերի 27-ին ուղղակի վաճառքով օտարվել է «Բյուրակն» ՍՊ ընկերությանը:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք շինարարության թույտվության ժամկետի ավարտից, ինչպես նաեւ կառուցապատման համար հողամասի տրամադրման օրվանից երեք տարի հետո կառուցապատողի կողմից հողամասն ամբողջությամբ կամ դրա մասը չօգտագործելու պայմաններում միջոցներ չեն ձեռնարկել հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարեցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետության (համայնքի) օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցանք կատարելու դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

 




Լրահոս