ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԸՄԲԻՇՆԵՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի եւ ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչները եւ աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներըՀՀ ԿԳՄՍ նախարարությունում էին:

 

Նրանք հանդիպել են  նախարարի եւ նրա տեղակալ  Կարեն Գիլոյանի հետ:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսումնամարզական հավաքների կազմակերպման, օրապահիկի, գործուղումների համար սահմանված գումարների չափաքանակը բարձրացնելու արդեն ընդունված որոշման մասին: Նա հույս է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի, որ ուսումնամարզական հավաքներն ավելի բարձր մակարդակով կազմակերպվեն, եւ բարելավվեն մարզիկների՝ մրցույթների մասնակցության պայմանները:

Կարեն Գիլոյանը եւս շնորհակալություն հայտնեց բոլոր մարզիկներին, հատկապես՝ ներկա երկու հավաքականներին՝ ընդգծելով, որ նրանք մեր երկրի համար իսկապես շատ ծանր շրջանում էին մեկնել մրցումներին:

«Անընդհատ կապի մեջ էի թիմերի հետ, եւ նրանք հոգեբանորեն ճնշված վիճակում էին: Հատկապես ըմբիշների մրցման օրերը շատ դաժան փուլի հետ համընկան: Դա էր նաեւ պատճառը, որ աշխարհի չեմպիոն չունեցանք, բայց փոխարենը 5 մեդալ եւ 5 օլիմպիական ուղեգիր նվաճեցինք», – ասել է Գիլոյանը:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում կայացած ԱԱ-ում ծանրամարտի հավաքականի մրցելույթներին՝ Գիլոյանը նշել է, որ սկզբում տպավորություն էր, թե լավ հանդես չէին գալիս, սակայն մարզիկները մեդալներ բերեցին, իսկ վերջում պարզվեց, որ թիմային պայքարում Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության առաջատարն է:

«Մեկ տարվա մեջ թիմային հաշվարկում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ հաղթել կարողանում են միայն հզորները», – շեշտել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը կունենա տղամարդկանց 3  եւ  կանանց 1 օլիմպիական վարկանիշ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, երկու ֆեդերացիաների ներկայացուցիչներն էլ բարձրացրել են իրենց հուզող կարեւոր խնդիրները, որոնց առնչությամբ  նախարարը ներկայացրել է պետական քաղաքականությունը: Անդրադարձ է եղել նաեւ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարության աշխատանքների ժամկետներին եւ ֆինանսավորման ընթացքին:

Հիշեցնենք, որ  Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներից արծաթե մեդալ եւ ուղեգիր էր նվաճել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալով եւ ուղեգրով է վերադարձել նաեւ Մալխաս Ամոյանը, իսկ Սլավիկ Գալստյանը բավարարվել էր միայն «Փարիզ-2024»-ի ուղեգրով: Ազատ ոճայինները 3 բրոնզե մեդալ եւ 2 օլիմպիական ուղեգիր էին նվաճել. 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեդալներ էին նվաճել: Հարությունյանն ու Թեւանյանը նաեւ «Փարիզ-2024»-ի ուղեգրեր են ապահովել:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում էլ մեդալակիրներ էին դարձել Վարազդատ Լալայանը (փոխչեմպիոն), Գոռ Սահակյանը (բրոնզե մեդալ), Անդրանիկ Կարապետյանը («Պոկում» վարժության փոքր ոսկե մեդալ), Սիմոն Մարտիրոսյանը («Հրում» վարժության փոքր արծաթե մեդալ), Ռաֆիկ Հարությունյանը («Պոկում» վարժության փոքր բրոնզե մեդալ) եւ Գարիկ Կարապետյանը («Պոկում» վարժության փոքր արծաթե մեդալ, երկամարտի եւ «Պոկում» վարժության աշխարհի  ռեկորդներ):

 

 

 

Ո՞ՒՐ Է ԱՆԴՐԵՆ

Ստեփանակերտում ծնված Անդրե Հովնանյանը կամ բոլորին հայտնի Անդրեն վերջին շրջանում կարծես ընդհատակ է անցել։

Դեռեւս այս տարվա մայիսին տեղի ունեցավ նրա եւ երգչուհի Անի Օհանյանի հարսանիքը։ Այս մասին հայտնել էր հենց ինքը՝ հրապարակելով տեսանյութ սոցիալական ցանցերի իր էջերում։ Հարսանիքին ներկա էին փոքրաթիվ քանակությամբ հյուրեր։

Ավելի վաղ Անդրեն յուրօինակ ամուսնության առաջարկություն էր արել Անիին Տաթեւի վանքում։

Նշենք նաեւ, որ նրանց հարսանիքը հետաձգվել էր սեպտեմբերյան ռազմական գործողությունների պատճառով:

Տարեսկզբին Անդրեն բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել էր Հայաստան ու մի քանի ամիս բնակվում էր հայրենիքում։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին շրջանում երգիչը ոչ միայն լռում է իր հայրենիքի կորստի մասին, այլեւ ջնջել է սոցիալական ցանցերի իր էջերը։ Թե ինչի հետ է կապված նրա այս լռությունը այն պարագայում, երբ նա մշտապես գովերգում էր իր հայրենիքը, անհայտ է։

 

 

 

Hotel Grand 3

Hotel Grand 3 կամ նոր պատմություն՝ նոր եթերաշրջանում: Հոկտեմբերի 16-ին եթերում կհայտնվի Իննա Խոջամիրյանի եւ Գոշ Հակոբյանի համատեղ նախագծի հերթական եթերաշրջանը: Parie Media-ի հետ համատեղ դերասանները կիսվել են նախագծի անոնսով, որից պարզ է դառնում, որ, նախորդ եթերաշրջանների համեմատությամբ, տեղի են ունեցել դերասանական կազմի փոփոխություններ:

Ինստագրամյան իր էջում հրապարակված հոլովակին կից Խոջամիրյանը գրում է. «Սիրուն աշխատած ու փայփայած նախագիծը, որը ձեր դատին պիտի հանձնեինք դեռ 10 օր առաջ, գալիս է եթեր:

Սեր կա, հոգի կա, ու նոր պատմություն…

Շնորհակալ եմ իմ ուժեղ թիմին, գործընկերներին, բոլորին:

Հոկտեմբերի 16-ից …»:

Թրեյլերից պարզ է դառնում, որ դերասանական կազմին են միացել Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Անի Խաչիկյանը եւ այլք:

Նախագծի սցենարիստն Անի Մաղաքյանն է։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախագիծը «փայփայել է» մոտ 2 տարի: «Իսկ հետո Իննան եւ Գոշը հավատացին դրան այնքան, որքան ես… Եվ մենք ստացանք Hotel Grand 3-ը»,- հավելել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը շուտով իր ընթերցողներին կներկայացնի բացառիկ մանրամասներ Hotel Grand 3-ից:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Հաստատվել է Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը, մրցավարի օգնականներ՝ Յուրե Պրապրոտնիկը եւ Գրեգա Կորտեժը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Մատոշան:

VAR-ի մրցավար է նշանակվել Նեյց Կայտազոցիչը, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեն Բորոշակը:

Հիշեցնենք, որ Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։

 

 

 

ՆԱԴԱԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը կմասնակցի 2024թ. Ավստրալիայի բաց առաջնությանը. այդ մասին հայտնել է առաջնության տնօրեն Քրեյգ Թայլին. փոխանցում է ESPN-ը։

Աշխարհի նախկին առաջին ռակետը 2023թ. հունվարին վնասվածք էր ստացել Australian Open-ի երկրորդ շրջանում ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ մրցախաղում եւ դուրս մնացել պայքարից։ Հունիսին 37-ամյա թենիսիստը վիրահատվել էր եւ այժմ անցնում է վերականգնողական փուլ։

«Մենք կարող ենք հաղորդել, որ Ռաֆան կվերադառնա։ Մենք զրուցել ենք նրա հետ մի քանի օր առաջ։ Նադալը հաստատեց, որ կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը։ Դա հրաշալի է»,- ասել է Թայլին։

Australian Open-ը տեղի կունենա հունվարի 14-28-ը։

 

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՀԵՐՔՈՒՄ Է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն հերքել է լուրերը, թե կատալոնական ակումբը պատրաստվում է մի քանի ամսով վարձակալել ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

«Մեսիի հնարավոր վերադարձի մասին բոլոր խոսակցությունը չունեն ոչ մի հիմնավորում։

Մենք ցանկանում ենք արժանին մատուցել Մեսիին եւ անհամբեր սպասում ենք, թե երբ կկարողանանք մեծարել նրան հրաժեշտի խաղում։ Նա արժանի է դրան։ Երբ լինեն հարմար պայմաններ, կյանքի կկոչենք մեր գաղափարները»,- Ռոմեուի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։

Մեսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2021 թվականներին, այնուհետեւ երկու տարի անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ում։ Այս ամռանը նա երկու տարվա պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։ «Բարսելոնան» ցանկանում է հրաժեշտի հանդիպում կազմակերպել Մեսիի համար։

 




Լրահոս