Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի ղեկավար Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի եւ Սենատի մեկ այլ անդամ Ղոնան լը Գլյոյի հետ քննարկեցինք, թե ինչպես են ռուս-ուկրաինական, ապա նաեւ Իսրայելա-պաղեստինյան պատերազմների բռնկման ֆոնին խախտվում Հարավային Կովկասում բնակվող հայերի իրավունքները:

 

Արցախի Հանրապետությունն էթնիկ զտման ենթարկվեց Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ի 24-ժամյա զինված ագրեսիայի ընթացքում, որի հետեւանքով տեղաբնիկները 3 օրում դուրս եկան իրենց պատմական հայրենիքից ու հիմա վտարանդի են…

Ընդգծեցի, որ Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին հրամանագիրը ստորագրել է ճնշման տակ, իսկ միջազգային կոնվենցիաներով հստակ սահմանումներ կան, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի, հետեւաբար Արցախի Հանրապետությունը գոյություն ունի եւ պիտի ունենա:

Իմ խոսքում նշեցի, որ Արցախի Հանրապետության՝ լեգիտիմ ճանապարհով ձեւավորված կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է նիստեր անցկացնեն, բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որպեսզի հնարավոր լինի միջազգային երաշխիքների պայմաններում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք: Կոսովոյի ինքնորոշման նախադեպը պետք է տարածվի նաեւ Արցախի վրա:

Գործընկերներիս ներկայացրի, որ Հայաստանի Հանրապետությունն էլ վտանգված է, եւ չի բացառվում, որ Արցախի Հանրապետության ճակատագիրը կսպառնա նաեւ Հայաստանին եւ հայ ժողովրդի հայաստանաբնակ հատվածին, եթե միջազգային դատարանների որոշումները մնան անկատար:

Ադրբեջանն իր ծավալապաշտական նկրտումները չի դադարեցնում եւ օկուպացրած է պահում Հայաստանի 3 մարզերից մոտ 140 կիլոմետր քառակուսի տարածք: Թուրքիան եւ Ադրբեջանը, ի թիվս այլնի, Սյունիքով արտատարածքային միջանցք են պահանջում:

Այս առումով Արցախի եւ ՀՀ ինքնիշխանության պահպանմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը շատ կարեւոր են:

Այս համատեքստում շեշտեցի, որ միջազգային դիտորդների ներկայությունն Արցախում օր առաջ իրավիճակ կփոխի: Խնդրեցի գործադրել ջանքեր այդ ուղղությամբ:

Որպես ընդդիմություն՝ ընդգծեցի, որ Ֆրանսիայից ավելի հաճախ ենք հայամետ դիրքորոշումներ լսում, քան ՀՀ իշխանություններից:

Իհարկե, շոշափեցինք նաեւ ինձ համար ամենազգայուն թեմաները՝ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո գերեվարված եւ անհետ կորած մեր հայրենակիցների վերադարձի ու Ադրբեջանի կողմից վերջիններիս որոնողական աշխատանքների ապօրինի դադարեցման, ինչպես նաեւ 9-ամսյա շրջափակումից հետո գերեվարված քաղաքացիների ու պետական պաշտոնյաների շուտափույթ վերադարձի ջանքերին ուղղված հարցերը:

Գործընկերներս հայտնեցին, որ արդեն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից կոշտ հայտարարություն, որտեղ խոսվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, ինչի համար Ֆրանսիայի սենատի մի շարք անդամներ արդեն իսկ թիրախավորվում են Ադրբեջանի կողմից: Սենատորները, սակայն, հետ չեն կանգնի եւ չեն դադարի բարձրացնել ճշմարտությունը:

Պարոն Ֆրասսան տեղեկացրեց ինձ, որ Ֆրանսիայի վարչապետը, ի պատասխան սենատորների հարցերին, ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանին զենք կտրամադրի, որպեսզի ապահովի իր բնակչության անվտանգությունը»։

 

 

ՏԱՐԻՆԵՐ ԿՏԵՎԻ

Զանվածային թաղման վայրերում հայտնաբերված անձանց նույնականացումը կարող է 10 տարի տեւել։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է ԿԽՄԿ դատաբժշկական քննության հարցերի գծով համակարգող Էլիֆ Գյունչե Էսքիքյոյը Բաքվի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը  շատ ժամանակ է պահանջում։ «Մարդու դիակը հանելը կհեշտացնի լաբորատոր աշխատանքները։ ԴՆԹ ոչ մի անալիզ չի կարող 100-տոկոսանոց արդյունք տալ։ Եթե կմախքը հանվել է ամբողջությամբ, արդյունք կարելի է ստանալ երկու նմուշ վերցնելով։ Լաբորատոր հետազոտությունները կարող են շատ ժամանակ տեւել, եթե հայտնաբերվել է կմախքի մի մասը»։

Փորձագետի կարծիքը խիստ տարբերվում է ադրբեջանական կողմի գործողություններից. Արցախում հայտնաբերված յուրաքանչյուր թաղատեղի եւ հարակից տարածք Ադրբեջանի իշխանությունները հռչակում են «հայերի կողմից սպանված ադրբեջանցիների թաղման վայրեր». դա արվում է առանց փորձաքննության եւ կրում է քարոզչական նպատակ։

 

 

ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության թեման ամբողջովին փակ է։ Նա մեկնել է Ֆիզուլիի շրջան, այնտեղ հանդիպում ունեցել եւ հայտարարել, թե դա շատ մեծ ուրախություն է։

Նա այնտեղ է մեկնել՝ «Ֆիզուլի քաղաքի օրը» նշելու համար։

«Մեր «Մեծ վերադարձ» ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքներով՝ 2026 թվականի վերջին Ֆիզուլիի շրջանում կբնակվի 22 հազար մարդ, իսկ Ղարաբաղում եւ, ընդհանուր առմամբ, Արեւելյան Զանգեզուրում՝ 140 հազար մարդ», – նշել է նա։

 

 

ՄԱԿՐՈՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այցելել Իսրայել։

«Ես աջակցում եմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն դա միշտ պետք է համատեղելի լինի միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի հետ», – ասել է Մակրոնը։

Նա ասել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս մեկնել Իսրայել, սակայն այցի ժամկետ չի նշել։

Նշենք, որ Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ պատերազմի սկզբից ի վեր մի շարք առաջնորդներ այցելել են Թել Ավիվ, այդ թվում՝ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, իսկ վաղը այնտեղ կժամանի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գրանադայի հայտարարության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը եւ հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար սահմանների սահմանագծման թեմային:

Նա մեջբերեց Գրանադայի հայտարարությունից այդ հատվածը. «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաեւ հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու եւ հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»։

«Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելն իր  հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Երկու առաջնորդները վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ»:

Այս նույն սկզբունքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով արձանագրվել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ).  «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»:

Այս սկզբունքի մասին պետք է իմանաք հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետեւյալ երկու կարեւոր արձանագրումները.

Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:

Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, եւ, հետեւաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին եւ վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաեւ երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում»,- հայտարարեց Փաշինայնը:




Լրահոս