ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձի արդեն վճարվել է ՀՀ կառավարության կողմից նախատեսված միանվագ դրամական աջակցության գումարը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Թեպետ նախորդ շաբաթ նախատեսված էր, որ այդ վճարումը պետք է իրականացվեր շուրջ 60 հազար մարդու, բայց տվյալների նույնականացումը ավելի արագ տեղի ունեցավ, եւ մենք կարողացանք 80 հազար մարդու վճարել»,-հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝  ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին եւս 100 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար ստացվել է շուրջ 27 հազար 300 դիմում։

«Նախորդ շաբաթ արդեն իսկ կարողացել ենք  վճարել 14 հազար 593 երեխայի համար։ Այս պահի դրությամբ մնացած դիմումները գտնվում են մշակման փուլում, եւ առաջիկա օրերին կկարողանանք նաեւ նրանց վճարել»,-մանրամասնել է Մկրտչյանը՝ նշելով, որ կվճարվի ԼՂ-ի բռնի տեղահանված այն բոլոր հայրենակիցների միանվագ դրամական աջակցությունը, որոնք չունեին բանկային քարտեր։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ նախորդ վճարման ընթացքում վճարվել է ավելի քան 4000 նոր քարտապանների։ Նոր տվյալները Կենտրոնական բանկից ստանալուն պես շաբաթական կտրվածքով կիրականացվի   տվյալների մշակումը, որից հետո՝ նաեւ վճարումը։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ, ժամանակավոր կացարաններում բնակվելու, եւ 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար. նախագիծւ Կառավարության նիստում հավանության էր արժանացել։

Աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս եւ  անչափահաս անդամներին, բացառությամբ՝

l եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,

l բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

Տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն Հայփոստի միջոցով այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է, կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է եւ չունի բանկային հաշվեհամար։

Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝

l բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,

l պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

Սկսած նոյեմբերից՝ աջակցությունը կտրամադրվի՝ մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵՑ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երեւան-Սեւան մայրուղի):

Մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները եւ խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

– աշխատանքային մակերեւույթները, դարակաշարերը եւ աշխատասեղանները՝ ներառյալ սարքավորումների եւ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, կառուցված են եղել հիգիենայի պահանջները չբավարարող նյութերից,

– չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման եւ կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ

Արցախից քաղաքացիների բռնի տեղահանումից հետո Հայաստանում սկսվել է դպրոցականներին ուսումնական  գործընթացներին ընդգրկելու գործընթացը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ տեղեկանալու համար, թե որքան աշակերտներ են արդեն տեղավորվել դպրոցներում։

Նախարարությունից մեզ պատասխանեցին. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներից շուրջ 14.000-ն արդեն ընդգրկվել են ուսումնական հաստատություններում։ Գույքագրման փուլում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերի պահանջը, որից հետո սահմանված կարգով դպրոցականները կապահովվեն դասագրքերով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը կիրականացվի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության՝  2023 թվականի հոկտեմբերի 12-ի  «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշման»։

ՕՖԵԼՅԱ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 16-ին Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են:

Առցանց հարթակի գործընկերները ստիպված չեն լինի որեւէ քայլ ձեռնարկել դրա համար: Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքների տեղաշարժի բոլոր փուլերում։

Վաճառողը ետ կստանա ապրանքի արժեքը՝ փոխարինումը հայտնաբերման օրվա ընթացիկ գնով, առանց հաշվի առնելու մշտական հաճախորդի զեղչը, հաշվարկվելու է նաեւ միջնորդավճարը: Այս գումարը կարտացոլվի ֆինանսական հաշվետվությունում՝ որպես «փոխարինված ապրանքների փոխհատուցում»: Ապրանքները չեն վերադարձվի վաճառողին, գումարը կնստացվի հաշվեկշռին փոխարինումը հայտնաբերելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

Այս ժամանակահատվածն անհրաժեշտ է Wildberries-ի մասնագետների կողմից մանրակրկիտ հետաքննության համար։

«Մենք մշտական երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ, միասին քննարկում ենք նրանց հետ համագործակցության պայմանները։ Հետեւաբար, թարմացրել ենք փոխարինումների հետ աշխատելու կանոնները. ցանկանում ենք պահպանել համագործակցության թափանցիկությունը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։




Լրահոս