ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՆԱԽԱԳԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 16-ից եթերում կհայտնվի Իննա Խոջամիրյանի եւ Գոշ Հակոբյանի համատեղ նախագծի հերթական եթերաշրջանը: Parie Media-ի հետ համատեղ դերասանները կիսվել են նախագծի անոնսով, որից պարզ է դառնում, որ, նախորդ եթերաշրջանների համեմատությամբ, տեղի են ունեցել դերասանական կազմի փոփոխություններ:

 

Նախագծի առաջին սերիայի թողարկումը արդեն տեղի է ունեցել:

Սցենարիստն Անի Մաղաքյանն է։ Պրոդյուսերները Իննա Խոջամիրանն ու Գոշ Հակոբյանն են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը ներկայացրեց մանրամասներ «Hotel Grand 3»-ից:

«Սա «Hotel Grand-ի» վերջին եթերաշրջանն է, որտեղ անդրադարձ ենք արել լուրջ խնդրի. բիզնեսմենները ամեն բան փորձում են գնել ու սեփականաշնորհել` հողը բիզնես դարձնելով, եւ հակառակ կողմում՝ մարդիկ, ովքեր ամուր կպած են իրենց փոքրիկ հողին ու դեմ են նման իրողությանը:

«Hotel Grand-ը»  ընդլայնման ենթակա է, սակայն այն հողը, որն ուզում է սեփականատերը գնել, Առնոյինն է, որը ոչ մի դեպքում չի ուզում այն վաճառել: Ժամանակին եւս խոշոր բիզնեսներ ունենալուց հետո մեկուսացել է աշխարհից ու իր մի կտոր ֆերմայում է ապրում»:

Իննայի խոսքով՝ 2 տարբերակ կար՝ կա՛մ պատմությունը գեղեցիկ ավարտին հասցնել, կա՛մ անցնել լրիվ ուրիշ նախագծի:

««Hotel Grand-ը» մեր առաջնեկն է, սիրուն եզրափակում որոշեցինք տալ: 3-րդ եթերաշրջանում չկան միայն այն կերպարները, ում պատմությունը հասել էր տրամանաբանական հանգուցալուծմանը»:

Հավելենք, որ երրորդ եթերաշրջանում նոր դերասանական կազմը համալրել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Անի Խաչիկյանը, Թաթուլ Փոստանջյանը, Էմմա Ազիզյանը, Լյով Խուրշուդյանը, Հրանուշ Ավոյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ ինստագրամյան իր էջում հրապարակված հոլովակին կից Խոջամիրյանը գրել էր. «Սիրուն աշխատած ու փայփայած նախագիծը, որը Ձեր դատին պիտի հանձնեինք դեռ 10 օր առաջ, գալիս է եթեր:

Սեր կա, հոգի կա ու նոր պատմություն…

Շնորհակալ եմ իմ ուժեղ թիմին, գործընկերներին, բոլորին:

Հոկտեմբերի 16-ից… »:

Նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նախագիծը «փայփայել է» մոտ 2 տարի: «Իսկ հետո Իննան եւ Գոշը հավատացին դրան այնքան, որքան ես… Եվ մենք ստացանք «Hotel Grand 3-ը»»,- հավելել էր նա։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ԲԱՐԿՈՎԱՆ՝ ՈՐԴՈՒ ՀԵՏ

Հնդկաստանաբնակ դերասանուհի Սիլվա Բարկովան նշել է ազգային «Նավրատրիի» տոնը: Այն Հնդկաստանում սկսում են նշել նորալուսնից հետո առաջին օրը, որի ժամանակ անցկացվում են տաճարային փառատոններ, կատարվում են աղոթքներ, կազմակերպվում են ծիսական երթեր եւ տոնավաճառներ։ Հաճախ փառատոնի առաջին երեք օրերը նվիրված են աստվածուհի Լակշմիին, հաջորդ երեքը՝ Դուրգային, իսկ վերջինը՝ Սարասվաթիին։

Դերասանուհին տոնը անցկացրել է Մումբայում: Նա լուսանկարներ է հրապարակել որդու հետ՝ նրա դեմքը փակելով «սրտիկով» եւ կից գրելով՝ «Ուրախ Նավրատրի»:

Հիշեցնենք, որ Սիլվի Բարկովայի ամուսինը ազգությամբ հնդիկ է: Նա նախկինում աշխատել է որպես մոդել, հիմա ունի սեփական բիզնես պրոդյուսերական ոլորտում։ Հավելենք, որ դեռ այս տարվա մարտին դերասանուհին ամուսնու հետ եկել էր Հայաստան երեխային հայրենիքում լույս աշխարհ բերելու նպատակով:

 

 

 

ԿԻՍՎԵԼ Է ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ամերիկաբնակ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կիսվել է այն դժվարությունների մասին, որոնք հանդիպում են իրեն եւ շատ մայրիկների երեխաներին խնամելիս:

«Երբ երազում էի մեկ տարվա տարբերությամբ աղջիկներ ունենալու մասին, չէի պատկերացնում, թե այդ երազանքի ետեւում ինչքան դժվարություն ու պատասխանատվություն կա: Ստիպված ես ապրել գերհոգնածությամբ, մաքսիմալ լարված, երբեմն ամբողջ օրը ոչինչ չկերած կամ գիշերը չքնած, բայց էս բարդ պահերին միշտ պիտի հիշես, որ էս դժվարությունները ժամանակավոր են. կգա մի օր, երբ կարթնանաս այն պահին, երբ օրգանիզմդ ամբողջությամբ հագեցած կլինի քնից, ուտելիս կվայելես կերակուրը, կարող ես համարել, որ այսօր ի վիճակի ես ծանր օրվանից հետո երեկոյան որեւէ տեղ զբոսնել… Հուսանք ու սպասենք այդ օրվան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ դեռեւս 2 տարի առաջ՝ 2021 թվականին, դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանն ամուսնացել էր գործարար Սիմոն Խաչատրյանի հետ՝ մշտական բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում: Հենց նույն թվականին էլ ծնվել էր դերասանուհու առաջնեկը՝ Լեա-Մարիան, ավելի ուշ՝ 2022-ի դեկտեմբերին, ծնվեց Քրիստինեի երկրորդ դուստրը՝ Լյուսին, որի մասին հայտնել էր նա իր ինստագրամյան էջում: Երբ դեռ Լյուսին չէր ծնվել, Քրիստինա Եղոյանը հրապարակել էր հոլովակ, որում խոսում էր Լեայի հետ երկրորդ դուստր ունենալու իր երազանքի մասին: «Երազանքներն իրականանում են»,- գրել էր Քրիստինան հոլովակին կից:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆԵՏԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 10-16-ն անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել: Մրցաշարին հետեւել է նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչեւ 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչեւ 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչեւ 20 տարեկան մարզիկները՝ 60 մետր, իսկ 21 տարեկանից բարձր մարզիկները՝ 70 մետր մրցաձեւերում:

Մեծահասակաների 70 մետր մրցաձեւում հաղթողի կոչմանն արժանացել է Վասիլ Շահնազարյանը, արծաթե մեդալակիր է դարձել վրացի Ջավա Մաշեշվիլին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ամիր Սանդուեւը Ղազախստանից: Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչ Մաբինա Զոյիմավան, երկրորդ տեղը գրավել է Չիկո Բուտկարաձեն Վրաստանից, իսկ երրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Արփի Վարդանյանն է:

Մեծահասակների շրջանում անցկացվել են նաեւ թիմային մրցումներ: 70 մետր մրցաձեւի տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Երեւան 1» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Երեւան 2»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ղազախստանի երկրորդ թիմը: Աղջիկների պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է հայ եւ  վրացի մարզիկներից կազմված թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են Ղազախստանի առաջին եւ երկրորդ թիմերը համապատասխանաբար:

Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի խոսքով՝ մրցաշարին Հայաստանի շուրջ 40 ներկայացուցիչ է մասնակցել. հայ մարզիկները հաջող մրցելույթներ են ունեցել եւ մրցանակային տեղեր զբաղեցրել, ինչը, մարզչի գնահատմամբ, բավականին գոհացուցիչ է:

Ի դեպ, «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է շուրջ 10 տարվա դադարից հետո:

«Սա մեր ավանդական մրցաշարերից է, բայց տասը տարի առաջ դադարեցրինք այն անցկացնել մի շարք խնդիրների պատճառով: Ուրախ եմ, որ այս տարի հաջողվեց վերսկսել: Վստահ եմ՝ կշարունակենք ու տարեցտարի մրցաշարի աշխարհագրությունն ընդլայնելով՝ կունենանք ավելի մեծ թվով մասնակիցներ: Արդեն իսկ հետաքրքրությունը մեծ է»,- նշում է Բորիս Վասիլյանը: Հայաստանում նետաձգությամբ զբաղվող շուրջ 80 երեխաներ կան, որոնք մարզումներն իրականացնում են Երեւանում, Գյումրիում եւ Աշտարակում: Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ առաջիկայում եւս մեկ մրցաշար կանցկացվի՝ արդեն տեղացի մարզիկների մասնակցությամբ: Նշենք նաեւ, որ Հայաստանի նետաձգության հավաքականը նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, միջազգային մրցաշարի կմասնակցի Տաջիկստանում, իսկ դեկտեմբերին՝ Ռուսաստանում:




Լրահոս