Ուշագրավ միջադեպ Լիտվայի վարչապետի ներկայությամբ. թանգարանի տնօրենն ու արարողակարգի պետը լեզվակռիվ են ունեցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 19-ին ուշագրավ դեպք է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ օրը, երբ թանգարան-ինստիտուտ է գնացել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ, պատվիրակության հետ է եղել նաեւ Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տհաճ միջադեպ է արձանագրվել: ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ըստ մեր աղբյուրների, Լիտվայի Հանրապետության վարչապետի ներկայությամբ միջամտել է թանգարանի տնօրենի խոսքին, ընդհատել է մի քանի անգամ, ներկայացրել թանգարանի գործունեությունը, մանրամասները: Նրանց չի զսպել անգամ Լիտվայի վարչապետի ներկայությունը, քանի որ լեզվակռիվ է սկսվել, կողմերը միմյանց վիրավորել են, նույնիսկ կա պնդում, թե նաեւ քաշքշուկ է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փխանցում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մի կոշտ նամակ է ուղարկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ խնդրել կարգի հրավիրել Գագիկ Վանոյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի շուրջ զրուցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին:

Դիմեցինք արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանին՝ հասկանալու համար՝ արդյոք նամակ ստացել են թանգարանից եւ ինչ բովանդակության: ԱԳՆ-ից խոստացել են պատասխանել մեր հարցադրումներին։

Ավելի ուշ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Հարություն Մարությանից որեւէ դիմում չեն ստացել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս