Միսակ Մարտիրոսյանին առաջարկել են Վճռաբեկի նախագահի դեմ ցուցմո՞ւնք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի նոյեմբեր ամսից կալանքի տակ գտնվող  «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացվել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը: Վերջինիս դիտարկմամբ` գործարք է արվել, որ մարդիկ սխալ ցուցմունքներ տան, և սրա մասին հայտարարությունը Մարտիրոսյանի գործին դրական ընթացք կտա:

«Այս գործն անիմաստ ձգձգվում է, որևէ հստակ գործ չի արվում: Չի բերվում որևէ հիմնավոր պատճառ, թե ինչքանով է անհրաժեշտ կալանավորումը: Պատճառ են բերում, թե կարող է փախչել կամ խանգարել գործի ընթացքին: Ես էլ ասում եմ, եթե դեպարտամենտի ղեկավարը, դատավորը կամ դատախազը կարող են փախչել, ուրեմն «չփախչող մարդիկ» դրույթը չի կարող գործել»,- գնահատեց Զուռնաչյանը:

Նշենք նաև, որ Armlur.am–ին հայտնի է դարձել, որ Միսակ Մարտիրոսյանին առաջարկել են ցուցմունք տալ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, ինչն անելուց հետո իրեն ազատ կարձակեն, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է: Լուրի իսկությունը  Armlur.am–ը փորձեց ճշտել Վարդան Զուռնաչյանից, ով հայտնեց, որ սրա մասին Միսակ Մարիտիրոսյանը կհայտարարի դատարանի դահլիճում:

Հիշեցնենք, որ Մ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով  և 311-րդ  հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:

Տաթև Հարությունյան




Լրահոս