ԱՆԿԼԱՎՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵ՞Լ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ, որը մեզ հետ զրույցում խոսել է անկլավների վերաբերյալ Ադրբեջանի պահանջների մասին։ Անդրադարձել ենք նաեւ Գրանադայում ստորագրված փաստաթղթի բովանդակությանը եւ Բրյուսելում սպասվելիք հանդիպման արդյունքներին:

 

-Դուք Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում ունեցած հանդիպումից հետո նշեցիք, որ ստորագրվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ հանձնվել են անկլավները, Զանգեզուրի միջանցքը: Կխնդրեի պարզաբանել, թե ինչու եք այդպես կարծում, քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ չի քննարկվել անկլավների վերաբերյալ ոչինչ:

-Նախ՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետը մի քանի միջնորդների ներկայությամբ արել է գրավոր հայտարարություն, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառ կմ-ը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 29.800 քառ կմ տարածքը: Ըստ էության, դա քաղաքական հայտարարություն է, որի տակ ստորագրել են այլ միջնորդ երկրներ, եւ այդ հայտարարությունը, փաստորեն, Հարավային Կովկասի վերաբերյալ տեսլականն է, որը ներկայացված է ոչ թե ծրագրերի տեսքով, այլ իրավական կշիռ ունեցող փաստաթղթի տեսքով: Այդ փաստաթուղթը կամ այդ իրավական հայտարարությունը չի ստորագրել կամ դրան չի միացել Ադրբեջանի Հանրապետությունը:

Ի՞նչ հետեւություններ կարող է անել Ադրբեջանը այս հայտարարությունից, նույնիսկ եթե Հայաստանը դրա մեջ այլ բովանդակություն չի դնում, քան այն, ինչը որ հայտարարել է: Երբ որ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետը սահմանում է, թե, ըստ իր ընկալման, Հարավային Կովկասում որոնք են երկրների սահմաններն ու տարածքները , դա Ադրբեջանին հնարավորություն է տալիս Հայաստանի հետ ունեցած բանակցային ձեւաչափերում այդ իրավական փաստաթղթի վրա հիմնվել՝ որպես հիմք՝ առ այն, թե ինչ ենք անելու տարածքների հետ, որոնք կարող են վիճելի կարգավիճակ ունենալ: Նախ դրանով եւս մեկ անգամ լիարժեքորեն ամրագրվում է, որ Արցախի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության վարչապետի ընկալման մեջ չկա: Նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Արցախը եւս մեկ անգամ այդ փաստաթղթով փակվում է:

Երկրորդ կարեւոր հետեւությունը. այն վիճելի տարածքները, որոնց հանդեպ հավակնություններ ունի Ադրբեջանի Հանրապետությունը, ճանաչվում են, փաստորեն, Ադրբեջանի մաս: Խոսքը, այսպես կոչված, անկլավների մասին է: Այնպես չէ, որ սա առաջին նմանատիպ հայտարարությունն է կամ փաստաթուղթը, որտեղ ֆիքսված էր, որ Հայաստանի Հանրապետությունը  պատրաստ է անկլավները տալ Ադրբեջանին, բայց այս փաստաթղթի յուրօրինակությունը այն է, որ ունի, այսպես կոչված, միջնորդներ, որոնք  վերահաստատում են այդ պնդումը: Հետեւաբար Ադրբեջանը Հայաստանի հետ հետագա բանակցություններում, օրինակ՝ հոկտեմբերի վերջին Բրյուսելում, կարող  է հանգիստ հարցնել, թե արդյոք մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, դա ներառում է արդյոք անկլավները:

Զրուցեց ԷՄՄԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԱՀԱԶԱՆԳ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Արցախահայության սեփականության իրավունքի, Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցերի հրատապ կարգավորման անհրաժեշտության մասին վերստին ահազանգել եմ միջազգային գործընկերներիս։

 

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի օկուպացիայից հետո արցախահայությունը զրկված է ոչ միայն իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու, այլեւ իր անշարժ եւ շարժական գույքը տնօրինելու, հոգեւոր, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու իրավունքներից։

Միջազգային գործընկերներիս խնդրել եմ իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր՝

« ապահովել արցախահայության սեփականության իրավունքի իրացումը,

« հնարավորություն տալ վերջիններիս ազատ եւ անկաշկանդ տնօրինել իրենց գույքը (անշարժ, շարժական, կենդանիներ),

« Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատկանող գույքի անօրինական տնօրինման դեպքում պահանջել վնասի փոխհատուցում,

« նպաստել մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանմանն Արցախում, որտեղ 10 հազարից ավելի հուշարձաններ կան։ Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ ՄԱԿ միջազգային դիտորդները (որոնց Արցախում տեղակայման անհրաժեշտության մասին գրություններ էի ուղարկել միջազգային գործընկերներիս, իսկ միջազգային մի շարք դերակատարներ էլ հաճախ խոսում են դրա կարեւորության մասին) պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու եւ հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:

Վերոնշյալ խնդիրների մասին, ինչպես վերջերս (https://bitly.ws/XL9p), այնպես էլ նախկինում բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային գործընկերներիս տարբեր ձեւաչափերով։ Հույս ունեմ, որ դրանք կստանան իրենց պատշաճ լուծումը, որոնց ուղղությամբ իմ կողմից իրականացվող ամենօրյա ջանքերը կլինեն շարունակական»։

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԽԱՌԸ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հուլիսի 2-ին։ Աննա Ժամակոչյանը եւս այն փոխնախարարներից է, որն, ըստ երեւույթին, քաղաքական ոլորտ եկել է՝ ճանապարհ փակելով եւ նոր իշխանությունների վստահությունը շահելով։ Անհայտ է, թե ինչպես է արվեստի քննադատը միանգամից դարձել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար այն դեպքում, երբ այս ոլորտը քննադատության հետ ընդհանրապես կապ չունի։ Փոխնախարարի կենսագրությունից հասկանում ենք, որ նա այդքան էլ կայուն չէ մասնագիտության ընտրության հարցում, քանի որ 2012-2014 թվականներին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ապա՝ 2012-2016 թվականներին, եղել է Երեւանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ: 2019 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում: Անհասկանալին այն է, թե ինչու է Ժամակոչյանի կենսագրությունում ամեն ինչ այսքան խառը. նա հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից կտրուկ անցում է կատարել  դեպի արվեստ, ապա՝ սոցիոլոգիա։ Աննա Ժամակոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ ձեռք է բերվել 2011 թվականին։ Փոխնախարար ժամակոչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 28 դոլար, 821 հազար դրամ եւ 1 222 եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ, որից 14 մլն 498 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք նաեւ, որ Աննա Ժամակոչյանին շատ տեսնել չի հաջողվում. նա հայտնվում է միայն ինչ-որ հայտարարություններ անելու համար։ Հավելենք նաեւ, որ Ժամակոչյանի աշխատանքային փորձը սահմանափակվում է՝ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր լինելով, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդելով եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար լինելով։ Այսինքն՝ ինչպես իշխանականների մեծ մասը, այնպես էլ փոխնախարար Ժամակոչյանը Հայաստանի կառավարական համակարգ է եկել առանց որեւէ լուրջ աշխատանքային փորձի։

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում իսրայելական զինվորականների համար զրահատեխնիկայի բեռով, որը պետք է փոխարինի հոկտեմբերի 7-ին սկսված մարտերի ժամանակ վնասված մեքենաներին. գրում է Times of Israel-ը։ Նախարարության պաշտոնյաների խոսքով՝ առաքումը՝ 400 միլիոն շեքել արժողությամբ, ավելի մեծ գնման մաս է կազմում Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մեքենաների պարկը համալրելու համար: Հաղորդագրության համաձայն՝ հետագա մատակարարումները կներառեն նաեւ շտապօգնության զրահապատ մեքենաներ, բեռնատարներ եւ ինժեներական սարքավորումներ:

 




Լրահոս