Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին և ներկա թաղապետերի ոդիսականը. ինչ կապեր են գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին:

ArmLur.am-ը գրել էր, որ համայնքապետարանը գնումների գործընթացը լիակատար չի կատարել, չարաշահումներ են հայտնաբերվել, այսինքն հայտարարվել է մրցույթ, որից հետո նախատեսված գումարն իր նպատակին չի ծառայել, այդ գումարի մի մասը այսպես ասած «մեջ-մեջ է արվել»:
Նշենք, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու վերաբերյալ:

Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով հաջորդը լինելու է Սաշա Կատվալյանը, ով Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, քանի որ նա եւս կասկածյալների ցանկում է:

Իսկ ո՞վ է Սաշա Կատվալյանը:

Կատվալյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրամանով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար դեռեւս 2022 թվականի մարտի 2-ից: Իբրեւ թե ամեն ինչ հարթ էր գնում, այն էլ տեղի ունեցավ Եռաբլուրի աղմկահարույց դեպքը: Շուրջ 8 ամիս ղեկավարած Կատվալյանը հոկտեմբեր ամսին, սեփական դիմումի հիման վրա, ազատվեց աշխատանքից՝ չասելով իր՝ աշխատանքից հեռանալու պատճառների մասին:

Ավելի ուշ, մամուլը գրել էր, որ Սաշա Կատվալյանը ներքին խնդիրներ է ունեցել կառավարող կուսակցության հետ, և դրա պատճառը նրա՝ սեպտեմբերի 21-ի գրառումն է:

Մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ին, երբ 44-օրյա պատերազմում նահատակված զիծառայողների ծնողներն արգելեցին իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, անմարդկային դաժանությամբ զոհվածների ծնողներին ու հատկապես մայրերին սկսեցին գետնին քարշ տալով տարածքից հեռացնել կարմիրբերետավորները, որպեսզի բացեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ճանապարհը:

Այդ օրը կառավարող թիմից միայն Սաշա Կատվալյանը դատապարտեց տեղի ունեցածը:

«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե’րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

Հավելենք, ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Կատվալյանն ու երեկ բերման ենթարկված Արման Բարխուդարյանը եւս մտերիմներ են, եւ առանց մեկը մյուսի գիտության քայլեր չեն անում:

Նշենք նաեւ, որ Սաշա Կատվալյանն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս