ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չհայտարարագրված մեքենաներ, 3 մլն կանխիկ գումար. ինչ ունեցվածք ունի գործազուրկ Սաշա Կատվալյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որը զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, եւ չնայած որ Բարխուդարյանն իր ընկերն է, եւ ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում:

Սակայն, ArmLur.am-ին հասած տեղեկությունները ճիշտ հակառակի մասին են: Մասնավորապես մի շարք աշխատակիցներ հայտնեցին, որ Սաշա Կատվալյանը ոչ ուղղակի եւ երբեմն էլ ուղղակի կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ իր մտերիմ-հարազատներին այդ պաշտոններին ու հաստիքներին տեղավորելու համար:

ArmLur.am-ը ուսումնասիրեց, թե Սաշա Կատվալյանը ինչ ունեցվածք է կուտակել իր պաշտոնավարման տարիներին:

Սաշա Լյովայի Կատվալյանն այս հայտարարագիրը ներկայացրել է որպես Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
Կատվալյանն ունի 2 անչափահաս երեխա՝ Լևոն և Արեգ Կատվալյանները։ Կատվալյանի կինը՝ Շուշանիկ Ղևոնդյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում որպես Հանրակրթության վարչության առաջին կարգի մասնագետ։ Կատվալյանի հետ համատեղ բնակվում է նաև Անահիտ Սարգսյանը։

Կատվալյանը հայտարարգրել է 3 անշարժ գույք, որից 1-ը հողամաս է, մյուսը ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված շինություն, որը դեռ չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշված 2 գույքը նվիրատվություն է, որոնք գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Երրորդը բնակարան է բազմաբնակարան շենքում Երևանի Դավթաշեն համայնքում և ձեռք է բերվել 2022 թվականին։
Կատվալյանը տրանսպորտային միջոց չի հայտարարգրել, ֆինանսական միջոցներից կա միայն 3 մլն դրամ կանխիկ դրամական միջոց։ Նա նաև չի հայտարարագրել տարեկան եկամուտներ։

Չհայտարարգրված մեքենաների պատկերին զուգադրվում է պարոն Կատվալյանի վարած 30000 դոլար արժողությամբ Toyota Camry մեքենան: Հիշեցնենք, որ Սաշա Կատվալյանը որեւէ բիզնես չունի, ապրում է պետական աշխատավարձի «հույսին»:
Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 33 մլն 450 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Երբ Սաշա Կատվալյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար էր, 2021  թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 2018 թվականին նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, որը սակայն հաջորդ տարիների հայտարարագրերում չենք տեսնում։ Տեղեկություն չկա նաև դրա վաճառքի մասին։
Հավելենք, որ Սաշա Կատվալյանը քաղաքապետարանում այլևս որեւէ պաշտոն չունի, որեւէ հաստիք չի զբաղեցնում: Իսկ նրա մասով թե ինչ որոշում կկայացվի՝ անհայտ է: Քաղաքապետարանում նրա անունը չի էլ շրջանառվում:

Մարիամ Ղազարյան, Էմմա Միքայելյան




Լրահոս