Ֆաշիստներն ու նվնվացողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար է հրաժարվելը եկամտաբեր աթոռից, եթե նույնիսկ գիտակցում ես, որ արդեն ամեն ինչ ավարտված է և լավագույն օրերը, մեղմ ասած, հավիտյանս մնացել են անցյալում: Նման դեպքերում աթոռից զրկվածները սովորաբար իրենք իրենց մխիթարելու նպատակով սկսում են զբաղվել ինքնախաբեությամբ:

Սա պարզ երևում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի երեկվա ելույթից, ով ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել իր ՝  արդեն նախկին լինելու հետ: Նախկինի պես իրեն համարելով իրեն Ուկրաինայի պետության օրինական ղեկավարը ՝  Յանուկովիչը մոռանում է, որ ընդամենը վերջերս է ստիպված փախուստի դիմել այն երկրից, որտեղ ինքը, իր պատկերացմամբ, լեգիտիմ նախագահ է: Այս սինդրոմը կարելի է անվանել իրականության գիտկացության կորուստ, ինչը շատ դեպքերում բնորոշ է նաև Հայաստանի իշխանություններին, պարզապես ՝  ավելի փոքր մասշտաբներով, քանի որ ուկրաինական մայդանը, ուկրաինացի ժողովրդի ՝  պայքարելու պատրաստակամությունն ու ընդդիմության վճռականությունը պարզապես համեմատելի չեն Հայաստանում իրականացվող բողոքի ակցիաների, նմանատիպ գործընթացների և ընդդիմության գործունեության հետ: Ուստի մեր իշխանությունների մոտ ինքնախաբեությամբ զբաղվելու հնարավորություններն անհամեմատ ավելի լայն են, ավելի հեշտ է նկարել «ապահով Հայաստանի» պատկերը, քան հենց նոր իրեն երկրից վռնդած ժողովրդին ներկայացնել, թե ինքը լեգիտիմ նախագահ է:

Եթե Ուկրաինայի քաղաքների փողոցներում, ըստ Յանուկովիչի, «ծայրահեղականության սանձարձակություն է», «երկրում էլ ուլտրաազգայնականների և ֆաշիստների ավազակախմբեր են գործում», ապա Հայաստանում Սերժ Սարգսյանն ավելի պարզ է ներկայացնում իրադրությունը ՝  գաղջ մթնոլորտ, դժգոհ և նվնվացող մարդիկ:

Մեղավորը նման բոլոր դեպքերում լինում է Արևմուտքը, երբեմն էլ ՝  Արևելքը, սակայն մի բան ընդհանուր է ՝  մեղավորներին միշտ դրսում են փնտրում, բայց ոչ երբեք իրենց մեջ, բոլոր անհաջողությունները պայմանավորում են դրսի գործոններով: Սա է աթոռասեր նախագահներին բնորոշ ընդհանուր հատկանիշը: Սա է նաև նախկին նախագահներին բնորոշ հատկանիշը ՝  իրենց բոլոր ձախողումներն արդարացնում են ինչ-որ գործոններով և շարունակում ապրել այն հույսերով, որ իրենց դեռ սպասող կա, իրենք դեռ ողջ են, չնայած որ վաղուց արդեն վեր են ածվել քաղաքական դիակների:

Կարեն Վարդանյան




Լրահոս