
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ տեղեկացրել էր, որ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը 2013 թվականին տուգանք է սահմանել 9 խոշոր ընկերությունների նկատմամբ` 1,5 մլն դրամի չափով:
Վերոնշյալների թվում էին «Ալեքս գրիգ» և «ՍԱՍ» ընկերությունները, որոնք տուգանվել էին համապատասխանաբար` 900 և 800 հազար ՀՀ դրամով:
Ինչպես Armlur.am–ին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը, «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ», ինչպես նաև՝ «Տոնուս Լես» և «ԱՐՄԵՆՖԱՐՄ» ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքներով՝ պատասխանատվության ենթարկված պաշտոնատար անձինք մուծել են տուգանքները, իսկ «Տեխնոլայֆ», «Վի ել Վի սենթր» ընկերությունների պատասխանատուները պարտավորությունները չեն կատարել, և ներկայումս իրականացվում է բռնագանձման գործընթաց:
Իսկ «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ընկերությունը, 2012-ի ստուգման արդյունքներով, ենթարկվել է վարչական տուգանքի 2013 թվականին, որը պատասխանատուների կողմից ամբողջովին մարվել է, իսկ 2013 թվականի ստուգման արդյունքներով՝ հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների մասով դիմել է դատարան: