«Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսը ՀԱԿ-ի դեպքում արդեն հստակորեն խմբագրման կարիք ունի, առաջին բաղադրիչն այլևս ավելորդ է. ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը կայացավ: Ընդ որում, արդյունքները ՀԱԿ-ի համար գոհացուցիչ էին, քննարկվել է «ամեն ինչ»՝ ինչպես ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է նշել: Այստեղ որոշակի առաջընթաց կարելի է արձանագրել, քանի որ այդ «ամեն ինչն» այս անգամ չի սահմանափակվել լոկ վարչապետ փոխելու անհրաժեշտությունն ընգծելով, այլ ՀԱԿ կողմից ներկայացվել է նաև Սերժ Սարգսյանին փոխելու անհրաժեշտությունը:
Այսինքն՝ կարգախոսի 2-րդ մասը («ոչ սերժանտացմանը») գոնե ՀԱԿ-ի կողմից շարունակում է մնալ օրակարգային: Իսկ թե ինչ արձագանք է տվել Գագիկ Ծառուկյանը «ոչ սերժանտացմանը>> առաջարկին, ԲՀԿ-ական լրատվամիջոցներն այդ մասին, իհարկե, չեն հաղորդում՝ բավարարվելով միայն Ծառուկյանի՝ տիպիկ ԲՀԿ-ական ոճի մեջ պատասխանը ներկայացնելով՝ « ԲՀԿ-ն փաստում է, որ պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, և հրամայական է դարձել բոլոր քաղաքական և հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը»:
Ըստ էության, ոչինչ չասվեց, և ըստ էության՝ կրկին հաստատվեց, որ օլիգարխը ընդդիմադիր լինել չի կարող, ընդամենը կարող է լինել «այլընտրանքային»: Եթե հիշենք 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Ծառուկյանի ելույթը Բրյուսելում 2012թ. դեկտեմբերի 6-ին, որտեղ նա հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ՝ իշխանություններին փաստացի մեղադրելով կոռումպացված լինելու մեջ, իսկ հետո հրաժարվեց մասնակցել ընտրություններին, կարող ենք եզրակացնել, որ նմանատիպ սցենարի կրկնությունը չի բացառվում. Ծառուկյանն արդեն հանդիպեց ՀՅԴ-ի հետ, ՀԱԿ-ի հետ, կհանդիպի նաև «Ժառանգության» հետ, լուրջ թեմաներ կքննարկի, էլի մարդկանց մի խումբ որոշակի հույսեր կկապի, իսկ հետո՞: Որքանո՞վ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ 2013-ի ԲՀԿ-ական սցենարը չի կրկնվի: Բնականաբար, Հայաստանի քաղաքական ուժերից որևէ մեկին վստահելը վաղուց արդեն անշնորհակալ գործ է դարձել:
Տեղին է հիշել նաև, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի հանկարծակի ակտիվացմանը բավականին ակտիվ էր արձագանքում ԲՀԿ-ն՝ ստանձնելով երիտհանրապետականներից Քոչարյանին պաշտպանելու առաքելությունը: Արդյունքում՝ վերջնականապես հաստատվեց արդեն իսկ գրեթե հաստատված այն իրողությունը, որ ԲՀԿ-ական այլընտրանքի անունը հենց Ռոբերտ Քոչարյան է: Հետևաբար, «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսում ՀԱԿ-ի դեպքում ավելորդ է դառնում ոչ միայն առաջին, այլ նաև երրորդ բաղադրիչը: Մնում է միայն «Ոչ սերժանտացմանը» հատվածը, սակայն դատելով դեպքերի նման զարգացումից, բնավ զարմանալի չի լինի, եթե մի օր ընդդիմադիր ուժերի առաջնորդներից մեկը սկսի նաև Սերժ Սարգսյանի գովքն իրականացնելուն: Հայաստանի դեպքում ամեն ինչ էլ սպասելի է, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերի «սերժանտացումը», ինչի նախադեպեր, ի դեպ, ունեցել ենք:
Կարեն Վարդանյան