ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը մանրամասներ ներկայացրեց  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման արդյունքից։

Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին՝ Շահրամանյանն ասաց, որ հանդիպման ժամանակ պարզաբանումներ են տվել մի խումբ քաղաքացիների հնչեցրած հիմնական հարցերին։

«Հարցերի մեծ մասը վերաբերում էր սոցիալական խնդիրներին՝ տեղավորման, աշխատանքի եւ աշխատավարձի հետ կապված։ Բոլոր հարցերին տրվել է պատասխան մեր լիազորությունների շրջանակում։ Մենք պատրաստ ենք նաեւ ձեր հարցերը գույքագրել եւ ներկայացնել համապատասխան մարմիններին։ Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տալ։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք երկու սենյակ, եւ այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել կամավոր զբաղվել ձեր հարցերով, ունենալու են այդ հնարավորությունը։

Հաջորդ հարցը մեր քաղաքական ապագայի հետ է կապված։ Ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, բայց կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որը մեզ համար վտանգներ կարող է պարունակել։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»,- ասաց Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դռները բաց են բոլորի համար, պատրաստ են իրենց հնարավորությունների եւ լիազորությունների սահմաններում լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օրհասական հարցերը։

«Խնդրում եմ մեր հայրենակիցներին սթափ եւ զգոն լինել, պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունենք իրար նկատմամբ նման գործելաոճ դրսեւորել։ Երբեք ես չեմ հրաժարվել որեւէ մեկի հետ հանդիպելուց եւ հարցեր քննարկելուց։ Լրիվ բաց ենք բոլորի համար։

Հիմա խնդրում եմ մեր հայրենակիցներին ցրվել եւ զբաղվել առօրյա հարցերով։ Ձեր խնդիրը մեզ համար պարզ է։ Առաջիկայում իմ կողմից ստանալու եք հրապարակային պատասխանները ձեր հնչեցրած հարցերին։ Բարդ իրավիճակում ենք հայտնվել, եւ այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է միայն ու միայն միասնություն»,- եզրափակեց Շահրամանյանը։

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ,  ներխուժել էին շենք՝ պահանջելով հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

 




Լրահոս