ՆԱՄԱԿ՝ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդը, արձագանքելով Հայաստանին եւ Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վայրագությունների մասին ահազանգող նամակներիս, իր պատասխան նամակում հավաստիացրել է Արցախի Հանրապետության եւ այնտեղից բռնի տեղահանված բնակչության իրավիճակի, ինչպես նաեւ հենց Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրության մասին։ Նա, մասնավորապես, նշել է.

 

«Հարգելի՛ տիկին Թովմասյան,

Եվրոպական խորհրդարանի նախագահ տիկին Ռոբերտա Մեցոլան խնդրել է ինձ՝ որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահ, պատասխանել Ձեր նամակներին։

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրությունը կենտրոնացած է 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման համատեքստում Լեռնային Ղարաբաղի եւ իր տեղահանված բնակչության համար ստեղծված ողբերգական հետեւանքների, ինչպես նաեւ Հայաստանին սպառնացող վտանգների վրա:

Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, ինչպես նաեւ խորհրդարանի՝ 2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձեւում մենք խստորեն դատապարտում ենք նախապես ծրագրված եւ չհիմնավորված ռազմական հարձակումը եւ կոչ ենք անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պատասխանատու անձանց նկատմամբ։ Ինչպես գիտեք, մեր նախորդ բանաձեւերում եւ հայտարարություններում մենք արդեն միաձայն դատապարտել եւ պահանջել ենք պատժամիջոցներ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման համար, որն իրականացվել է 2020 թ. հրադադարի հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի հրամանների բացահայտ խախտմամբ։

Թույլ տվե՛ք իմ խորին ցավակցությունը հայտնել այս ռազմական հարձակման, դրա հետեւանքների, այդ թվում՝ Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետեւանքով Ղարաբաղի հայերի զոհերի համար։ Ես նաեւ իմ խորին զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։ Մենք կշարունակենք նպաստել փախստականների վերադարձի իրավունքի իրացմանը եւ նրանց անվտանգության ու բարեկեցության համար Ադրբեջանի պատասխանատվությանը՝ միջազգային երաշխիքներով։ Սա պետք է ներառի միջազգային ներկայությունը տեղում՝ ապահովելու թափանցիկություն եւ վստահություն, ինչպես նաեւ այլ առաջնահերթ խնդիրների, ինչպիսին է մշակութային ժառանգության պահպանումը:

Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի Հանրապետությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության եւ ռազմական կուտակումների մասին։ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում ԵՄ-ի աջակցությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու Ադրբեջանի նախագահի մերժումն այս առումով ցավալի է, քանի որ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս կայուն խաղաղության ձգտման՝ Բաքվի հանձնառության բացակայությունը։ Սա է նաեւ պատճառը, որ մենք կոչ ենք անում համապարփակ վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թեեւ մենք վստահում ենք եւ կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները, Բաքվի հետ «բիզնեսը, ինչպես միշտ» բանաձեւն ակնհայտորեն այլեւս անընդունելի է։

Այս դժվարին ժամանակահատվածում, երբ Ձեր երկիրը բախվում է մի շարք արտաքին սպառնալիքների, Եվրախորհրդարանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը եւ տարածքային ամբողջականությանը: Այն ձգտում է Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության էական ավելացմանը՝ մարդասիրական օգնության անմիջական կարիքներից դուրս: Մենք կարծում ենք, որ դա որոշակի պայմաններում պետք է ներառի նաեւ Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը:

Ի վերջո, թույլ տվե՛ք նշել, որ ես ողջունում եմ վերջերս Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Սա կարեւոր քայլ է՝ հօգուտ միջազգային արդարադատության, որը հստակ ուղերձ է հղում պոտենցիալ ագրեսորներին եւ Հայաստանն ավելի է մոտեցնում Եվրամիությանը»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը»:

 

 

 

ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում մանդատը։ Նա արդեն համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Չարչյանը հաստատեց այս տեղեկությունը, սակայն չցանկացավ խոսել պատճառների մասին։

«Առաջիկայում հայտարարություն կտարածեմ, կխոսեմ. հիմա ժամանակ չունեմ»,- ասաց նա։

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ ՀՅՈՒՊԱՏՈՍ

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով՝ Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ԱԳՆ-ից:

 

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Գազայում տեղի ունեցած մարտերում պետք է մարդասիրական դադար լինի. առաջնահերթությունը տարածաշրջանին օգնություն հասցնելն է. այսպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ Հեռարձակումն իրականացնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Գազայում պետք է հումանիտար դադար լինի: Հումանիտար դադարը կքննարկվի այսօր: Անհրաժեշտ է, որ մարդասիրական օգնությունը հասցվի տարածաշրջան եւ բաշխվի: «Համաս»-ի հարվածները Իսրայելին պետք է դադարեցվեն, պատանդները պետք է ազատ արձակվեն: Սրանք դեէսկալացիայի առաջին քայլերն են», – ասել է Բորելը։

«Առաջին օրը 20 բեռնատարի թույլատրվեց մուտք գործել Եգիպտոսից, բայց նորմալ ժամանակներում՝ առանց պատերազմի, օրական 100 բեռնատար էր հասնում Գազա, ուստի պարզ է, որ 20-ը քիչ է։ Կարեւոր է ավելի շատ օգնություն տրամադրելը, վառելիք է պահանջվում էլեկտրակայանների եւ աղազերծման համակարգերի գործարկման համար, առանց որոնց նույնիսկ հիվանդանոցները չեն կարող գործել»,- հավելեց Բորելը:

 

 

 

ՍՊԱՌՆԱՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը հայտարարել է, որ Եվրոպական  Միությունը ձախողել է այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էր երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի եւ հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս մասին ասել է  լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էինք երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի եւ հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ, ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձեւակերպենք մեր քաղաքականությունը, այսինքն՝ ունենանք հստակ դիրքորոշում, այն է՝ ինչպիսի դիրքորոշում ունենք արդյոք այդ երկու երկրների հետ կապված։

Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ եւ հրահրող քաղաքականությունը, անշուշտ կկիրառվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են։  Շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ ակտիվորեն աջակցել խաղաղությանը միտված բոլոր  բանակցություններին»,- ընդգծեց Ռոթը։

Հարցին, թե որ պայմաններում կկիրառվեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, օրինակ՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ ամեն ինչ կանի, որ պատժամիջոցները սեղանին հայտնվեն եւ կիրառվեն։

«Ամեն դեպքում, մենք թույլ չենք տա՝ ԵՄ-ն ինտենսիվացնի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ավտորիտար պետությունները միայն մի լեզու են հասկանում, եւ այդ պատճառով հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետեւանքներ կունենան նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե այդպիսի զարգացումներ տեղի ունենան»,- եզրափակեց Ռոթը։

Հավելենք, որ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ժամանել է Հայաստան։

Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։

 

 

 

 




Լրահոս