ՈՎ ՈՐՔԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Է ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարբերաբար անդրադառնալով պաշտոնատար անձանց տարեկան հայտարարագրերին՝ այս անգամ ներկայացնում ենք միայն նախարարների առաջին տեղակալների տարեկան աշխատանքի վարձատրությունները եւ եկամուտները։

 

Այսպիսով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջին տեղակալ Աննա Ժամակոչյանի աշխատանքի վարձատրությունը տարեկան կազմում է 14 մլն 498 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջին տեղակալ Լեւոն Բալյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 087 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 13 մլն 194 հազար դրամ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանի տարեկան եկամուտը եւ տարեկան աշխատանքի վարձատրությունը կազմել է 10 մլն 577 հազար դրամ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին տեղակալ Արաքսիա Սվաջյանի հայտարարագրում բացակայում են եւ՛ տարեկան եկամուտների մասին, եւ՛ աշխատանքի վարձատրության մասին տվյալները։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի առաջին տեղակալ Գայանե Գաբրիելյանի աշխատանքի վարձատրությունը տարեկան կազմել է 13 մլն 340 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 528 հազար դրամ։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջին տեղակալ Հակոբ Վարդանյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 14 մլն 860 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 18 մլն 560 հազար դրամ, որից 631 հազար դրամը վարկ է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 17 մլն 127 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 55 մլն 996 հազար դրամ, որից 35 մլն դրամը վարկ է։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առաջին տեղակալ Վահե Գեւորգյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 14 մլն 755 հազար դրամ, որը նրա միակ տարեկան եկամուտն է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի առաջին տեղակալ Արման Խոջոյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 15 մլն 024 հազար դրամ, իսկ նրա տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 224 հազար դրամ։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի առաջին տեղակալ Դավիթ Համբարյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 8 մլն 496 հազար դրամ, իսկ նրա տարեկան եկամուտները՝ 12 մլն 587 հազար դրամ:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 11 մլն 589 հազար դրամ, որն էլ եղել է տարեկան եկամուտը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առաջին տեղակալ Արման Պողոսյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 15 մլն 303 հազար դրամ, իսկ նրա տարեկան եկամուտները կազմել են 27 մլն 594 հազար դրամ, որից 1 մլն 372 հազար դրամը վարկ է։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախարարների առաջին տեղակալների աշխատավարձների տարբերությունները շատ չեն, սակայն կարող ենք արձանագրել նաեւ, որ նրանք քիչ աշխատանքի վարձատրություն չեն ստանում։

Այսպիսով, թոփ 3 բարձր աշխատավարձ ստացող փոխնախարարներից առաջին տեղում է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որի տարեկան աշխատանքի վարձատրությունը 17 մլն 127 հազար դրամ է։

Առողջապահության փոխնախարարից հետո 2-րդ տեղում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն է՝ 15 մլն 303 հազար դրամ աշխատանքի վարձատրությամբ։ Պողոսյանին անմիջապես հաջորդում է եւ 3-րդ տեղը զբաղեցնում է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ 15 մլն 024 հազար դրամ աշխատանքի վարձատրությամբ։

Իշխանություններն ամեն ինչ անում են, ամեն գնով փորձում են իրենց սրտի պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, այդ թվում՝   չեն մոռանում դատական համակարգում աշխատող իրենց «սրտի դատավորների» վարձատրության մասին։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 363 երեխա արդեն հաճախում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ըստ մարզերի ներկայացնելով կրթօջախներում ընդգրկված, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թվերը։

«Երեւանի դպրոցներ է հաճախում 4860 երեխա, Կոտայքի մարզի՝ 2895, Արարատի՝ 2083, Արմավիրի՝ 2122, Լոռու՝ 916, Գեղարքունիքի՝ 742, Արագածոտնի՝ 729, Շիրակի՝ 631, Սյունիքի՝ 581, Տավուշի՝ 478, Վայոց ձորի՝ 321»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին կրթօջախներում ընդգրկելու գործընթացը շարունակական բնույթ է կրում։

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉՎԵՐԹՆԵՐ ՉԿԱՆ

Համացանցում լուրեր են տարածվում, թե ապրիլի 1-ից դադարում են Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթները։ Հայաստանի Հանրապետության՝ օդանավ շահագործող ավիաընկերությունները 9-ն են, որից «Սքայբոլ» ՍՊԸ-ն ավիափոխադրումներ չի իրականացնում, սակայն օդ բարձրացող օդապարիկը եւս համարվում է օդանավ։ Միջերկրական ավիափոխադրումներ չի իրականացնում նաեւ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն, «ՆովԷյր» ՍՊԸ-ն, կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններից ««ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ-ն։

Որոնումների արդյունքում պարզ դարձավ, որ գրեթե ոչ մի հայկական ավիաընկերություն ապրիլի 1-ից հետո դեպի Մոսկվա պլանավորած թռիչք չունի։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Քաղավիացիայի կոմիտեի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ դա նորմալ է, որ հաջորդ տարվա ապրիլի համար պլանավորված թռիչքներ չկա։ Հավելեցին նաեւ, որ յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է որոշում, որ ուղղությամբ իրականացնի չվերթները, եւ տեղյակ չեն այս լուրերի մասին։

Մենք կապվեցինք նաեւ Fly Arna ավիաընկերության հետ. մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը մեզ պատասխանեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Քաղավիացիայի կոմիտեն եւ Fly Arna ավիաընկերությունը հերքում են այս լուրերը, սակայն փաստն այն է, որ ապրիլի մեկից ոչ մի թռիչք չկա։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ԲԱՆԱԿՈՒՄ

Հովհաննես Նազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված  ՊՆ սահմանապահ զորամասերից մեկի ականանետային դիվիզիոնի 3-րդ ականանետային մարտկոցի  կառավարման դասակի հաշվարկող, կոչումով շարքային, 2022թ. մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նույն զորամասի պահեստանոցում ապօրինի կերպով իրացրել է իր մոտ գտնվող կաննաբինոիդների խմբին պատկանող թմրանյութը, այն է՝ հյուրասիրել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ջիվան Մանուկյանին, ինչից հետո վերջինիս հետ նույն պահեստանցում խմբով ծխելու եղանակով միասին ապօրինի գործածել են թմրանյութը։ Հ. Նազոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով եւ 364.2 հոդվածի 2-րդ մասով, իսկ Ջ. Մանուկյանին՝ 364.2 հոդվածի 2-րդ մասով։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Հ. Նազոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը, իսկ Ջ. Մանուկյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնում են, որ Ռոսաստանի Դաշնության Տուլա քաղաքի հայ համայնքի բարերարությամբ Արցախից բռնի տեղահանված եւ Նոյեմբերյան համայնքում վերաբնակեցված չորս եւ ավելի երեխաներ ունեցող 20 ընտանիքների տրվել է  հարյուր հազարական  դրամ օգնություն։

 

 

ԴԺԳՈՀ ԵՆ

Իջեւան համայնքի բնակիչները շարունակում են դժգոհել, որ Իջեւանի բժշկական կետրոնի շտապ օգնության ծառայությունը վատ է աշխատում. երբ իրենք  զանգահարում են այդ ծառայություն, պատասխանում են, որ շտապ օգնության բրիգադը  այլ կանչով մեկնել է, հարկ է սպասել։ Իջեւանի ԲԿ-ն սպասարկում է 46 հազար մարդու:  Ըստ կառավարության հաստատած չափորոշիչի՝ այդ ԲԿ-ում պետք է գործեր շտապ օգնության երկու բրիգադ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին այդ առթիվ տեղեկատվական հարցում ենք ուղարկել։ Մարզպետարանից ստացված պատասխանում  նշված է. «Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի «Իռ-Վիգ» բժշկական կենտրոններից յուրաքանչյուրում գործում է  շտապ օգնության 1 բրիգադ։ Հիվանդի՝ Երեւան տեղափոխումը իրականացվում է  բժշկական կենտրոններում առկա ռեանիմոբիլներով։ Բացի 4 բժշկական կենտրոններում գործող շտապ օգնության կայաններից, որոշ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ առողջության կենտրոնների ենթակայության սանիտարական տրանսպորտով (որը կահավորված է անհրաժեշտ սարքավորումներով եւ դեղորայքով) իրականացվում է նաեւ «Ընտանեկան բժշկի կանչ աշխատանքից դուրս» ծրագիրը։ Տեղեկացնեմ  նաեւ, որ մարզի բժշկական կենտրոնների կազմում գործող 4 շտապ օգնության ծառայությունները գործում են 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս