ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանեց դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները:

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. ««ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում, պետբյուջեի միջոցների հաշվին, դպրոցների եւ կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) գործընթացում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ: Նախագիծը նպատակաուղղված է պետական գնումների շրջանակում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելուն»:

Նրա խոսքով՝ փոքրաքանակ համակազմ ունեցող հաստատությունների համար կառուցվելու են կրթահամալիրներ, իսկ այն դպրոցների համար, որոնց աշակերտական համակազմը մեծ է, կառուցվելու են դպրոցների նոր շենքեր: Ծրագրի շրջանակներում արդեն ընտրված են եւ ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են թվով 170 հաստատություն, այդ թվում՝ 70 կրթահամալիր եւ 100 դպրոց:

Ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2026 թվականը: Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը, ժամկետները, ծավալները եւ պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ եւ գրավիչ դարձնել մրցութային գործընթացը մասնակից շինարարական ընկերությունների համար՝ միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքներ:

Այսպես, նախագծով նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը: Կապալառուների հետ կնքվելիք պայմանագրերը լինելու են գործոնային: Կապալառուին վճարվող կանխավճարի հաշվարկման եւ մարման մասով նույնպես առանձնահատկություններ են սահմանված: Կպահպանվի ենթակապալի ինստիտուտը, սակայն կսահմանվեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30%-ը: Նախագծով տարանջատվում է նաեւ մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցների համար:

Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու է այն կարեւոր: Նա նախ տեղեկացրեց, որ մինչեւ 2026 թվականը պետք է ավարտին հասցնեն Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը: 2024-26 թթ. այդ տեսանկյունից կարեւոր նշանակություն են ունենալու, քանի որ այդ ընթացքում պետք է սկսեն եւ ավարտեն 170-ի շինարարությունը:

«Դա նշանակում է, որ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում մեծ ծավալի աշխատանք կկատարենք, հայտարարենք մրցույթներ, ընտրենք կապալառու կազմակերպություններին եւ այդ պայմանագրերը արդյունավետ ձեւով կառավարելով՝ երաշխավորենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսված շինաշխատանքներն ամբողջ ծավալով եւ որակով իրականացնեն:

Հետեւաբար Ֆինանսների նախարարության, ՏԿԵՆ-ի եւ մյուս գործընկերների հետ մանրամասն քննարկել ենք, թե ինչ խոչընդոտներ կան գնման ընթացակարգերում, որոնք հաճախ դանդաղեցնում են աշխատանքների ընթացքը, եւ դուրս ենք բերել այն ռիսկերը, որոնք կարող են լինել նման պայմանագրերի կատարման դեպքում»,- ասաց նա, ապա հավելեց, որ ելակետը բոլոր սուր անկյունները հարթելն է, որպեսզի դպրոցաշինության աշխատանքները չվտանգվեն:

 

 

 

Ո՞ՒՄ ԿԶՐԿԵՆ ԱՆՁՆԱԳՐԻՑ

Ռուսաստանում հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր հիմնական դաշնային օրենքը, որը պարզեցնում է որոշ դիմողների համար երկրի անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչպես նաեւ սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու կարգ՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու ինստիտուտի փոխարեն: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

 

Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միատեսակ եւ հավասար՝ անկախ դրա ձեռք բերման հիմքերից։ Ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից։ Արտերկրում ապրելը չի դադարեցնում քաղաքացիությունը։

Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտարերկրյա պետության։ Օրենքն արգելում է խտրականությունը՝ սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հիման վրա: Նշվում է նաեւ, որ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։

Նոր օրենքը սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու ինստիտուտը՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու փոխարեն։ Սա վերաբերում է միայն նրանց, որոնք քաղաքացիություն են ձեռք բերել ոչ ծնունդով (այսինքն՝ ծնունդով ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիության դադարեցումը չի թույլատրվում):

Ընդլայնվել է նաեւ այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է Ռուսաստանի քաղաքացիության դադարեցում։ Դրանց թվում են, օրինակ, գործողությունները, որոնք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ծայրահեղականության, դիվերսիայի, դասալքության կոչեր, բանակի մասին կեղծիքներ եւ զինված ուժերի վարկաբեկում։

Բացի այդ, այս ցանկը ներառում է հանցագործություններ՝ կապված պետական կամ հասարակական գործչի կյանքի ոտնձգության, զինվորական գերեզմանների ոչնչացման կամ վնասման, նացիզմի վերականգնման եւ այլ անօրինական գործողությունների հետ։

 

 

ՄԵՂԱԴՐՈՒՄ Է 20-ԱՄՅԱ ԹՈՌՆՈՒՀՈՒՆ

ՀՀ եւ ՌԴ քաղաքացի,  Ազատամուտում հաշվառված Անահիտ  Ամիրյանը մեղադրվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Ֆիզիկական ներգործությունը մերձավոր ազգականի կողմից»)։ Նա  մեղադրվում է, որ 2023թ. հունվարի 15-ի առավոտյան Իջեւանի զինկոմիսարիատի հարակից տարածքում՝ ճամփեզրին,  իր որդու հետ շփվել չկարողանալու պատճառաբանությամբ վիճաբանել է իր թոռ Մանե Ամիրյանի հետ, ապտակել է նրան,  քաշքշել հագուստից՝ առաջացնելով ձեռքերի ափերի հակառակ կողմին քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ։ Ա. Ամիրյանը չի ընդունում  առաջադրված մեղադրանքը, որպես վկա հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ հունվարի 15-ին որոշել է գնալ Իջեւանի զինկոմիսարիատ, որպեսզի խաղաղ ծառայություն մաղթի  իր  թոռ  Ալիկին, հավաքված մարդկանց մեջից թոռնուհի Մանեն դուրս է եկել, իրեն ասել, որ ինքը հեռու գնա այդտեղից, Մանեի հետ խոսակցություն է եղել, որի ընթացքում Ալիկը մոտեցել եւ կրկին պահանջել է, որ տատը հեռանա տարածքից, հետո մոտեցել են երկու ոստիկաններ, նրանք  հայտնել են, որ թոռը չի ուզում, որ ինքը նրան բանակ ճանապարհի, որից հետո ինքը հեռացել է տարածքից։ Ուշագրավ է գործով ցուցմունք տված անձանց ցանկը՝  Մանե Ամիրյան, նրա եղբայր Ալիկ, նրանց անչափահաս քույր Անահիտ, նշված երեք երեխաների մայր Լուսինե Գասպարյան, վերջինիս քույր Էթեր Գասպարյան եւ երկու ոստիկաններ։ 30 տարի Ստավրոպոլում ապրած Ա. Ամիրյանը սկզբում տեղյակ չի եղել իր հանդեպ հարուցված քրեական գործի, իր նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին, հուլիսի 29-ին ՌԴ-ից վերադարձել է Հայաստան, Բագրատաշենի սահմանային անցակետում ձեռնաշղթաներ են հագցրել 61-ամյա կնոջ ձեռքերին։ Ա. Ամիրյանը  եւ իր ամուսինը  աշխատել են, երեք տղաներից յուրաքանչյուրի համար, այդ թվում՝ Սերյոժայի ընտանիքի համար տուն են գնել։

Ա. Ամիրյանի ամուսինը Ստավրոպոլում  հիվանդ,  ծանր վիճակում է, սակայն բացակայելու արգելքի պատճառով կինը չի կարող մեկնել, ամուսնուն խնամել։ Անահիտը 3 ամիս ապրում է Իջեւանում՝ իրավապաշտպան Աստղիկ Անտոնյանի տանը։ Աստղիկը հայտնեց, որ օգոստոսի 15-ին ՌԴ-ից իրեն է զանգահարել Ա. Ամիրյանի որդի Սերյոժան եւ սպառնացել վառել իր մորը, Աստղիկ Անտոնյանին եւ վերջինիս տունը: Մանե Ամիրյանը՝ որպես տուժող, իր ցուցմունքում հայտնել է, որ զինկոմիսարիատում եղբորը բանակ ճանապարհելուց հետո իրենք ոստիկանություն են գնացել ոչ թե Ա. Ամիրյանին պատասխանատվության ենթարկելու, այլ «նրանից ազատվելու եւ նրա հոգեկան խնդիրները կարգավորելու համար»։

Ա. Ամիրյանը, սակայն, հոգեկան հիվանդ չէ։ Հոկտեմբերի 24-ին  Իջեւանում  այս գործով դատական նիստը, Ա. Ամիրյանի փաստաբան, հանրային պաշտպան Արթուր Մելիքբեկյանի միջնորդությամբ, հետաձգվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս