ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով էկրաններին կհայտնվի նոր նախագիծ՝ «Գերիները»: Սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է: Սերիալը բաղկացած է լինելու 24 սերիայից: Ռեժիսորն է Հայկ Վարդանյանը:

 

Սերիալի դերասանական անձնակազմում ընդգրկված են Հայկ Հովհաննիսյանը, Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Ստեփանյանը, Լուիզա Մելքոնյանը եւ այլք:

Ֆիլմի մանրամասների, իր կերտած կերպարի եւ այլնի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գլխավոր դերակատարներից Հայկ Հովհաննիսյանի հետ:

«Կերպարիս անունը «Գերիներ» հեռուստանախագծում Էդգար է, որն ակտիվ առօրյա ունեցող երիտասարդ է, սովորում է համալսարանում, ունի ընկերուհի»,- պատմում է Հայկը:

Նրա խոսքով՝ Էդգարը Հայկի հետ վստահաբար ունի նմանություն, սակայն ամենաակնառուն կարելի է հենց ակտիվությունը նշել:

Հայկն առաջարկը ստացել է Սերգեյ Հայրապետյանից՝ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության պրոդյուսերից, եւ սիրով ընդունել:

«Դերասանական կազմից կարող եմ առանձնացնել Մարինկա Խաչատրյանին եւ Սիսիան Ստեփանյանին, որոնց հետ խաղալուց մեծ բավականություն եմ ստացել»,-  նշել է նա:

Խոսելով դերասանական անձնակազմի մասին՝ Հովհաննիսյանը, որպես լավ խաղընկերներ, նշում է նաեւ Էրմինային եւ Ավետին՝ հավելելով, որ խաղընկերները եւ նկարահանող թիմը մեծ դժվարությամբ են ստեղծել նախագիծը:

«Խոսքը տեղանքի ու գրաֆիկի բարդության ու դժվարության մասին է: Նկարահանումները անց են կացվել Երեւանում, Դիլիջանում, Իջեւանում, Ալավերդիում, հիմնականում՝ սարերում, քարանձավներում եւ գետերի շրջակայքում»:

Հետաքրքիր դեպքեր մտաբերելիս Հայկը հիշում է, որ հենց քարանձավներում նկարահանումների ժամանակ իրենց խանգարել են չղջիկները, եւ անընդհատ գրաֆիկից հետ են ընկել:

«Հուսամ՝ հեռուստադիտողին կկարողանանք փոխանցել էմոցիաներն ու արժանի գնահատական կստանանք»,- եզրափակում է Հայկը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն՝ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների անհետացման սպառնալիքի հետ կապված ահազանգեր եւ կոչ արել ստեղծել դրանց պաշտպանության տարբեր մեխանիզմներ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, չկարողանալով թաքցնել գերատեսչության վերաբերմունքը ֆրանսիական կողմի նկատմամբ, մեկնաբանել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի այս հայտարարությունները՝ նշելով, թե ֆրանսիացի պաշտոնյայի այցը եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում մշակութային ժառանգության մասին հայտարարությունները, իբր, ֆրանսիական կողմի «հերթական թուլության եւ կողմնակալության» օրինակ են։

«Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային եւ պատմական հուշարձանների պաշտպանության կարեւորությունը եւ մասնավորապես իր պարտավորությունները։ Ֆրանսիան բարոյական իրավունք չունի նման պահանջներ ներկայացնելու որպես երկիր, որը բռնագրավել է այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային գույքը։

Հայտարարությունները, որ մշակութային եւ պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում, անհիմն են, ինչը հաստատել են տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունները»,- հայտարարել է Հաջիզադեն՝ մոռանալով, սակայն, որ ՄԱԿ-ի նշյալ առաքելությունները անգամ ԼՂ են այցելել արդեն ամբողջական բռնի հայաթափումից հետո, չեն այցելել պատմամշակութային վայրեր, չեն ուսումնասիրել կոթողները, այլ տվել են ընդհանրական ու կողմնակալ կարծիք:

 

 

 

 

ՓՈՍՆ Է ԸՆԿԵԼ

Ֆուտբոլի նախկին աստղ Ժերար Պիկեն միջոցառումներից մեկի ժամանակ ընկել է բեմից: Այդ պահը ֆիքսվել է տեսանյութով, որն այժմ դարձել է վիրուսային: Իսպանացի նախկին պաշտպանը բեմում է եղել իր կազմակերպության՝ Kings League Americas գալա-ին, երբ որոշել է ողջունել երկրպագուներին: Նա, բջջային հեռախոսը ականջին, մոտեցել է բեմի եզրին, երբ հանկարծ ընկել ու անհետացել է։ Ըստ ամենայնի, Պիկեն ընկել է բեմի տակ գտնվող փոսը։

Պիկեի նախկին սիրելիի՝ Շակիրայի երկրպագուներն այս միջադեպն անվանել են կարմա այն բանի համար, թե ինչպես է նա վարվել երգչուհու հետ:

Պիկեն ու Շակիրան բաժանվել են 2022 թվականին. նրանք միասին էին, բայց  ամուսնացած չեն եղել։ Բաժանումից յոթ ամիս անց Պիկեն հայտարարեց  24-ամյա Կլարա Չիա Մարտիի հետ իր հարաբերությունների մասին: Հունիսին հիթային երգչուհին բացահայտեց, որ Պիկեն իրեն դավաճանել էր այն ժամանակ, երբ իր հայրը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր։ «Շակիրան պլանավորել էր դա»,-կատակել է X-ի (նախկին Twitter) օգտատերերից մեկը, իսկ մյուսը ավելացրել է. «Շակիրա վուդու»:

«Մենք բոլորս կարող ենք համաձայնել, որ մեղավորը Շակիրան է»,-նշել է մեկ ուրիշը:

 

 

 

 

«ՓՅՈՒՆԻԿ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` հայկական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի թիմն ունի 33 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը 26-ական միավորով կիսում են «Ուրարտու»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն:

«Ալաշկերտ»-ն ունի 25, «Նոա»-ն` 24, «Արարատ»-ը` 17, ԲԿՄԱ-ն` 13, «Շիրակ»-ը` 10 միավոր: Վերջին երկու հորիզոնականներում են «Վեստ Արմենիա»-ն եւ «Վան»-ը` 7 միավոր:

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 28-30-ը:

 

 

 

ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները  ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող մրցաշարում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել:  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը կիսել է միավորը:

Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները մրցեցին միմյանց հետ, եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին եւ կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից եւ անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

 

 

 

ՀԵՌԱՑՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

«Լիվերպուլի» լեգենդար հարձակվող Ռոբի Ֆաուլերը հեռացվել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալ Կադիսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

48-ամյա անգլիացի մասնագետը 4 ամիս առաջ էր գլխավորել թիմը, որը առաջնության 8 տուրից հետո 20 միավորով երկրորդ տեղում է։

Ռոբի Ֆաուլերին «Ալ Կադիսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Միչելը, որի նախորդ թիմը հունական «Օլիմպիակոսն» էր։

 

 




Լրահոս