Վերջին մի քանի օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի մանկապարտեզներում իրականացվել են մի շարք ստուգումներ:
Armlur.am-ին հասած տեղեկություններով՝ այդ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են սահմանված նորմերի խախտումներ` կապված կենցաղային հարցերի, սննդամթերքի և այլ խնդիրների հետ, որի հետևանքով մանկապարտեզների որոշ տնօրեններ ստացել են նկատողություններ:
Մեր թղթակիցը Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից փորձեց պարզել, թե կոնկրետ որ մանկապարտեզներում են հայտնաբերվել այդ խախտումները, ու ինչ բնույթի նկատողություններ են ստացել մանկապարտեզների տնօրենները:
Վերջինս, սակայն, հայտնեց, որ այս ստուգումներն իրենցից ընթացիկ գործունեություն են ներկայացնում, որը Երևանի քաղաքապետարանն անընդհատ իրականացնում է:
Արթուր Գևորգյանը նշեց, որ խախտումների ու նկատողությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` ավելացնելով. «Եթե նման դեպքեր հայտնաբերվում են այդ մասով, նախաձեռնում ենք քայլեր և այդ մասին տեղեկացնում ենք նաև հանրությանը: Եթե որոշակի սահմանված նորմերի խախտումներ են ի հայտ գալիս, ապա համապատասխան պատասխանատվություն են կրում»: