Երբեք որևէ բանկ կամ ֆինանսական այլ կազմակերպություն հեռախոսով չի հարցնի ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը․ Սամվել Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս բազմաթիվ օգտատերեր տելեգրամյան ալիքներով մարդկանց կեղծ տեղեկություն են ուղարկում այն մասին, թե իբրև տվյալ մարդու հեռավոր ազգակցականն իր խոշոր ունեցվածքը, երրորդ մարդու միջոցով, կտակել է նրան: Վերջինիցս միջնորդը խնդրում է իր չափաբաժինը՝ «լավության» դիմաց:

«Սա տասնամյակներ տևող խաբեության ձև է, որը կոչվում է «Նիգերիական սպամ», քանի որ Նիգերիայից են հիմնականում սկսողները: Այս խաբեությունից պաշտպանվելը շատ պարզ է. պետք է միացնել ընդամենը սեփական մտածողությունը և հասկանալ, որ երբեք անծանոթ մեկը չի տա ձեզ գումար, առավել ևս նման խոշոր չափի: Ուրիշ փրկություն, քան սեփական բանականությունն է, այս պարագայում գոյություն չունի »,- ArmLur.am-ին պարզաբանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նույն բովանդակությամբ հաղորդագրություններ են ստանում Telcell-ի օգտատերերը: Կեղծ զանգերի միջոցով բաժանորդին ներկայանում են որպես աշխատակից և տեղեկացնում, որ վարկ է ձևակերպվել վերջինիս անձնական տվյալներով և առաջարկում են նրան մտնել ուղարկված էջ և չեղարկեն այն:

«Այստեղ երկու կարևոր երևույթ պետք է հիշել. նախ՝ երբեք որևէ բանկ կամ ֆինանսական այլ կազմակերպություն հեռախոսով չի հարցնի ձեր կոդերը, անձնական տվյալները, գաղտնաբառերը, երկրորդ՝ եթե ձեզ զանգում և առավել շատ տեղեկություններ են ուզում, պետք է հեռախոսազանգն անջատել և հետ զանգել նույն համարով, որովհետև հետ զանգելով հնարավորություն է տրվում իրական բաժանորդի հետ կապ հաստատել»,- նշեց փորձագետը:

Նանիկ Աղասյան




Լրահոս