«ՌՈԶԱԼԻ»-Ի ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԱՅԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ hոկտեմբերի 26-ից էկրաններին կհայտնվի «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգությունը: Ֆիլմի սյուժեն կառուցված է արհեստական բանականության հիման վրա։ Հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում են ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ, այլեւ նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում: Բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը սիրահարվելով կարող է դառնալ իսկական հերոս:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ֆիլմի պրեմիերան կայացել է յուրօրինակ մթնոլորտում, կապույտ գորգ՝ կարմիրի փոխարեն, փակ ցուցադրություն եւ հայտնի դեմքեր։

Կապույտ գորգի բացումն արել են գլխավոր հերոսներին մարմնավորող Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, եւ Նաստասյա Գոլովկոն: Կապույտ գորգին նաեւ ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ եւ ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Նախագծի բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմ ստեղծելիս միշտ մտածում են ստեղծել մի բան, որը նախկինում չի արվել, իսկ հետագայում այդ մտքի շուրջ կհավաքվեն համախոհներ:

«Ֆիլմի հիմնական սպառողները երիտասարդներն են, որոնց թեման հետաքքիր է, բայց կարծում ենք, որ սիրո եւ ազնիվ արժեքների թեման արդիական է ցանկացած սերնդի համար: Մեր ֆիլմն ունի կարեւոր գաղափար՝ «դարձե՛ք մարդ», քանի որ մեր ռոբոտը մարդկայնանում է՝ ձեռք բերելով մարդկային արժեքներ»,- նշեց Դավիթ Բաբախանյանը:

Խոսելով գլխավոր դերակատարի՝ Տարոն Իսպիրյանի մասին՝ պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց. «Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսեւորել, քանի որ Պոնչը թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որի մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափոխությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել, եւ հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ

Բլոգեր, դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը, որը հանրությանը հայտնի դարձավ հատկապես «Հատուկ դասարան» հեռուստանախագծում մարմնավորած Օլյայի կերպարով, ամուսնացել է։ Արաքսյայի ընտրյալը Կարուշ Հովհաննիսյանն է։ Պսակադրությունը տեղի է ունեցել Հառիճավանքում։

Տոնական երեկոյին ներկա են եղել նորապսակների ընկերները, հարազատները՝ Մերի Քբչարյանը, Բորիս Մելքոնյանը, Հրանտ Հովսեփյանը, Հայկ Դարբինյանը եւ այլք։

 

 

 

 

ԶՈՒԳԵՐԳ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

Սարգիս Եղիազարյանն ու Արմինկան համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմինկայի հետ զուգերգի միտք շատ վաղուց է եղել, բայց թե կոնկրետ ինչ երգ, անհայտ է եղել։

Ի վերջո, ընտրվել է Արմինկայի երգացանկից «Մի թող ինձ մենակ» երգը, որը շատ-շատերին իրենց երիտասարդությունն է հիշեցնում եւ նոր մատուցմամբ կհրամցվի հանդիսատեսին։

Երաժշտության հեղինակը Աշոտ Ղազարյանի որդին է՝ Արման Ղազարյանը, որը բավականին ուրախացել է, երբ իմացել է, որ հենց այս երգին է նոր շունչ հաղորդվելու։ Նոր գործիքավորման հեղինակը Գուրո Գասպարյանն է, որը եւս մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր գործին՝ ստանալով հետաքրքիր արդյունք։

Երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ, որի կեսն արդեն պատրաստ է։

Չկա սիրո պատմություն, չկան բարդագույն տեսարաններ. երգիչները տեսահոլովակում մարմնավորում են հենց իրենց՝ որպես երգչի։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սարգիս Եղիազարյանը ընդգծում է՝ իր համար պատիվ է Արմինկայի հետ զուգերգ ներկայացնելը։ «Ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ներկայանալ մի երգով, որը ժամանակին հիթ է եղել։ Խնդիր էր դրված, որ արդեն իսկ մեծ պատասխանատվությամբ աշխատած երգը ներկայացնել նոր շնչով ու մոտեցմամբ։

Շնորհակալ եմ Արմինկային համագործակցությանը համաձայնվելու եւ այս երգի ընտրության համար, քանի որ այն նաեւ իմ պատանի տարիների հիթն է, եւ ինձ համար մեծ պատիվ է Արմինկայի հետ ներկայանալը»,- եզրափակեց Սարգիսը։

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը կիսել է միավորը:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը հաղթել է, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին եւ կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից եւ անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑԻՆ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացավ եւս երկու հանդիպում:

Մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկ»-ը մրցեց «Վեստ Արմենիա»-ի հետ եւ առավելության հասավ 2:3 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում գոլերը խփեցին Սեմ Հենդրիկսը, Հովհաննես Հարությունյանը եւ  Ջեյմս Սանտոսը, իսկ «Վեստ Արմենիա»-ից` Անդրե Մենսալաոն ու  Զախար Տարասենկոն:

Օրվա մյուս խաղում «Արարատ»-ը զիջեց ԲԿՄԱ-ին: «Բանակայիններին» հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ»-ի դարպասը. գոլերը խփեցին Արգիշտի Պետրոսյանը եւ Նարեկ Ալավերդյանը:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաեւ «Նոա»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Շիրակ» խաղերը:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄՈԴՐԻՉԻՆ

Մադրիդի «Ռեալի» նորեկ, 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը շնորհավորել է 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին Արքայական ակումբում 500 հանդիպում անցկացնելու կապակցությամբ։

«500 հանդիպում. ինչպիսի՜ նվաճում։ Լեգենդ, միշտ հաճելի է»,- գրել է Բելինգելը սոցիալական ցանցերում։

Մոդրիչի 500-րդ խաղում «Ռեալը» Բելինգեմի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։

Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

 

 

 




Լրահոս