ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն:

ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սեւ անգղի առանձնյակ (լատ.՝ Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երեւան՝ կենդանիների եւ թռչունների համար նախատեսված վերականգնողական կենտրոն:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպիսի տուգանքներ են նախատեսված արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու եւ տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար:

Իննա Աբելյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն ու տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (այսինքն` մեկ միլիոն դրամ):

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ: Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս պետական հրդեհային հսկողություն իրականացնող մարմինը (այն է՝ ՀՀ ՆԳՆ ԱԻ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը):

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ դեպքում կարող է անձը ստանալ անժամկետ հաշմանդամության խումբ:

Կարինե Պետոյան (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:

 

 

 

 




Լրահոս