ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը դրամատիկ բացահայտումների է հանգեցնում: Պատգամավոր Միքայել Թումասյանի ընտանիքն ապրում է տարեկան 2 մլն դրամով. իր կյանքի ամենաեռանդուն 17 տարիներին՝ բանակից զորացրվելուց հետո, նա որեւէ տեղ չի աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անհայտ պատգամավոր Միքայել Թումասյանը համալսարանն ավարտելուց հետո 6 տարի անգործության էր մատնված: Նա աշխատանք է ունեցել միայն 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Մինչ 2018 թվականի հեղափոխությունը Թումասյանի կենսագրությունում կա 3 կետ. ծնվել է 1980 թվականին, 1999-2001 թվականներին՝ 19 տարեկանից, անցել է զինվորական ծառայության եւ 32 տարեկանում՝ 2012 թվականին, ավարտել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի՝ արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը: Իսկ, ահա, հեղափոխությունից հետո կենսագրություն չունեցող Թումասյանի կյանքը գլխիվայր շուռ է եկել. 2018 թվականին նա դարձել է ՔՊ կուսակցության անդամ եւ նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար՝ աշխատելով մինչեւ 2021 թվականը։ Որեւէ տեղ չաշխատած Միքայել Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 Nissan Altima մակնիշի մեքենա եւ 11 մլն դրամական միջոց, սակայն եկամտի աղբյուրներ նշված չկան: Որտեղի՞ց գործազուրկ Թումասյանին այդ միջոցները՝ անհայտ է մնում: Այժմ Թումասյանը ունի մեկ անհատական բնակելի տուն եւ 7 մլն դրամ էլ՝ որպես աշխատանքի վարձատրություն, որը ստանում է Ազգային ժողովի աշխատակազմից։ Թումասյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 763 հազար դրամ։ Բայց պատգամավորը նաեւ վարկ ունի, որի մարմանը 2022 թվականի ընթացքում ուղղել է 5 մլն 545 հազար դրամ: Եվ հարց է առաջանում, թե ինչպես է ապրում Թումասյանի ընտանիքը տարեկան 2 մլն դրամով. այսինքն՝ օրական 5 հազար 400 դրամով: Գուցե պատկերացում լինի, թե կնոջ եկամուտներն են ծածկել անհրաժեշտ ծախսերը, բայց՝ ոչ. Թումասյանի կինն էլ գործազուրկ է: Բայց Տատյանա Մալկովան հայտարարագրել է 2010 թվականի արտադրության Porsche մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն էր։ Կինը, չունենալով ոչ մի եկամուտ, աշխատանք, նաեւ հայտարարագրել է 57 հազար 500 դոլար կանխիկ դրամական միջոց: Նկատենք, որ պատգամավորի կինն էլ եկամտի որեւէ աղբյուր չի նշել։ Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հստակ անելիք ունի այս ուղղությամբ: Ապօրինի գույքի փնտրտուքը միայն թիրախավորված նախկինների շրջանում չէ, որ պետք է փնտրել: Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ապա այն ամբողջությամբ մատնված է պարապուրդի: Հայկուհի Հարությունյանը չի համարձակվում որեւէ ՔՊ-ականի մասով որեւէ գործողություն ձեռնարկել՝ իր պաշտոնեական պարտականություններից բխող:

 

 

 

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2023 թվականի ընթացքում մեկը մյուսի հետեւից դատական հայցեր է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ՝ պահանջելով կայացրած որոշումները անվավեր ճանաչել: Մասնավորապես՝ տեղեկացանք, որ 5 հայց է ներկայացվել հիշյալ մարմնի դեմ, որպեսզի տեսչական մարմինը անվավեր ճանաչի կայացրած որոշումները: Նկատենք, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր վառելիք ներկրող ընկերություն, եւ դեռ ավելին՝ ընդգրկվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն տարրական հրդեհային անվտանգության կանոնները, ըստ էության, չի պահպանում. պետական օղակների թիրախում է հայտնվել ու ստիպված է դատարաններով կարգավորել հարցերը: Հիշեցնենք նաեւ, որ «Սի Փի Էս Օիլ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007 թվականին։ «Սի Փի Էս Օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն, ըստ մեր հավաստի աղբյուրների, «Սի Փի Էս» (CPS) ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի 100% բաժնեմասը:«Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սի Փի Էս Օիլ»-ը գրանցված են Երեւանի կենտրոնում գտնվող նույն հասցեում։

 

 

 

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր մեզ փոխանցեց իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել: «Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես եւ Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլեւս տան վարձավճար չենք ստացել…», – ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պատգամավորը: Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, եւ պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչեւ 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաեւ տան վարձի գումար է ստացել պետբյուջեից: Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին ե՛ւ տուն է գնել,  ե՛ւ տան վարձավճար է ստանում: Եվ մեզ մնում է միայն հավելել, որ ստում էր պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, երբ ասում էր, թե` ես եւ Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չենք ստացել: Ստացե՛լ եք: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացել ենք ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազության համակարգից ահազանգեր են գալիս առ այն, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որպեսզի նրանք հետագայում թոշակ չստանան: Մասնավորապես՝ համակարգում կան դատախազներ, որոնց թոշակի գնալուն դեռ 5-6 ամիս ժամանակ կա, սակայն նրանք արդեն ազատվել են պաշտոնից: Իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ պահանջեց ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Դատախազությունում Ձեր կողմից նշված նպատակով ազատումներ չեն լինում: Եթե լինում են ազատումներ (որոնց մասին Գլխավոր դատախազությունը մշտապես իրազեկում է), ապա դրանք տեղի են ունենում բացառապես «Դատախազության մասին» օրենքով նախատեսված հիմքերով»:

 




Լրահոս