ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՐՑՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում՝ Արծվաշենի հարցը»: Այս մասին հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

«Երբ որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որի դրույթներից, ենթադրում եմ, մեկը կամ դրան հաջորդող գործընթացներից մեկը կլինի դեմարկացիա-դելիմիտացիա երեւույթը: Այս հարցերը կդիտարկվեն համատեքստում, կքննարկվեն, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետեւ անկլավի կամ որեւէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինեն՝ մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ: Համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո  կքննարկեն եւ  որոշակի եզրակացության կգան: Առաջին հերթին՝ հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- ասել է Սանոսյանը:

Անդրադառնալով երկրի ներսում տեղի ունեցող շինարարական պրոցեսսներին՝ Սանոսյանը նշեց, որ «Հյուսիս-Հարավ» ծրագրում դրականն այն է, որ վերջապես որոշ հատվածներում մտանք շինարարության փուլ:

«Մասնավորապես՝ երկար տարիներ կառուցված էր Արտաշատից Երեւան եւ Երեւանից Աշտարակ հատվածները: Ընդ որում, Երեւանի որոշ հատվածներում կան որոշակի դատական հարցեր, ինչի համար էլ աշխատանքները կամ դանդաղ են առաջ գնում, կամ առաջ չեն գնում, բայց  կարծես դրանք էլ են լուծում ստանում: Հիմա մենք շինարարության փուլում ենք՝ Աշտարակից Թալին հատվածի: Գիտեք, որ գործող փոխարինող ճանապարհը շատ ոլորաններ ունի, հաճախ վթարներ են լինում, անհարմար է երթեւեկել: Հիմա երկու շինարարական ընկերություն աշխատում է. յուրաքանչյուրը 18 ամիս ժամկետ ունի աշխատելու:

Լանջիկից Գյումրի հատվածի հիմնական մասը այս տարի կավարտվի, կմնան ճանապարհի կահավորման կամ որոշ այլ փոքր աշխատանքներ: Եթե եղանակները թույլ տան, ասֆալտապատումն ամբողջությամբ կավարտվի:

Մենք վերջապես սկսել ենք Հարավի առաջին հատվածի՝ Ագարակից Քաջարան հատվածի աշխատանքները: Արդեն մրցույթն իրականացրել ենք. հաղթող ընկերություն ունենք՝ իրանական: Այնտեղ եւս 2024-ին շինաշխատանքներ կսկսվեն»,- հայտարարեց Սանոսյանը:

Խոսելով Մարգարայի կամրջի վերագործարկման մասին՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ ցանկացած ենթակառուցվածք բացել կամ օգտագործելը այդ ենթակառուցվածքն օգտագործող բոլոր երկրներին բերում է դրական, օգտակար հետեւություն կամ արդյունք:

«Ինչ վերաբերում է Մարգարային, ապա հիմա այնտեղ որոշակի շինարարական, կահավորման աշխատանքներ են տեղի ունենում, որոնք իրականացնում են ՊԵԿ-ի քաղաքաշինության մեր գործընկերները: Ընթացքի մեջ են. կիրականացնեն, իսկ թե կոնկրետ երբ կսկսի աշխատել, չեմ կարող ասել, այդ մասով այլ բանակցողներ աշխատում են»,- ասաց Սանոսյանը:

 

 

ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացվում է «ՌԻԱ Նովոստիի» կողմից, այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Թուրքիայի արտգործնախարարության սոցցանցային X հարթակում։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաեւ՝ մեր երկկողմ հարաբերությունները», – ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

 

 

 

ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր հանձնաժողովը գրեթե 1,7 մլն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին եւ Հայաստանի կարողությունների մեծացմանը։

Նոր ֆինանսավորումը նպատակաուղղված կլինի ամրապնդելու ԵՄ գործող մարդասիրական օգնությունը տեղահանվածներին՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային ապահովություն եւ ապրուստի, բժշկական միջոցներ: Այս ֆինանսավորումը գալիս է լրացնելու ԵՄ կողմից արդեն իսկ խոստացված 10,45 միլիոն եվրոն, ինչը 2023թ. մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը կհասցնի ավելի քան 12 միլիոն եվրոյի:

 

 

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Հոկտեմբերի 31-ին սիրիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Սիրիայի` արտերկրում գտնվող հայրենակիցների եւ արտաքին գործերի նախարար Միքդադի միջեւ։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ զարգացմանը։

Լավրովը մատնանշել է Սիրիա եւ տարածաշրջանի այլ երկրներ զինված էսկալացիայի տարածման անթույլատրելիությունը։ Այդ կապակցությամբ նա նշել է սիրիական տարածքում Իսրայելի օդային հարվածների անընդունելիությունը, որոնք, Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ավելի հաճախակի են դարձել։

Ընդգծվել է Գազայում արյունահեղության անհապաղ դադարեցման, մարտերի հետեւանքով առաջացած բոլոր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

 

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ նոյեմբերի 1-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սաֆյան անցուղում: Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, եւ կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի խորքերում կատաղի մարտեր են մղում պաղեստինյան «Համաս» արմատական շարժման զինյալների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի տարածքի խորքերում», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իսրայելի Պաշտպանության բանակը նաեւ հայտնել է, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են «Համաս»-ի առաջադիրքի վրա՝ անկլավի հյուսիսային մասում։

«Բացի այդ, (խմբ.՝ իսրայելական) ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների, խոցել են հակատանկային հրթիռային կայանքներ, դիտակետեր եւ առգրավել բազմաթիվ զենքեր», – նշվում է տեքստում։

Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունները Գազայի հատվածում։ Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։

Հիշեցնենք, որ  Գազայում պաղեստինյան առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ավիահարվածների հետեւանքով 8525 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 3542 երեխա։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» արմատական շարժման անակնկալ հարձակման հետեւանքով իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է։ Իսրայելի բանակը հայտնել է նաեւ, որ վերջին հակամարտության ընթացքում զոհված զինվորականների թիվը 315 է։ «Համաս»-ի կողմից գերի է պահվում Իսրայելից առեւանգված 240 մարդ։

Հավելենք նաեւ, որ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ լքել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանները։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

ԻՊԲ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ հարավում «Ռաֆահ» հսկիչ անցակետով Եգիպտոսից շարունակում է մարդասիրական օգնություն մտնել Գազայի հատված։

Հոկտեմբերի 13-ին Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ 1,1 միլիոն պաղեստինցիներ պետք է մեկ օրվա ընթացքում տարհանվեն Գազայի հատվածի հարավ։ Իսրայելի պաշտպանության բանակն իր կոչը բացատրել էր այն բանով, որ պաղեստինյան «Համաս» շարժման զինյալները թաքնվում են Գազա քաղաքի տների տակ գտնվող թունելներում եւ բազմաբնակարան շենքերում։

«Համաս»-ը բնակիչներին կոչ է արել անտեսել Իսրայելի հանձնարարականը: Շարժումը նաեւ ՄԱԿ-ին դիմել է խնդրանքով՝ միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանման դեմ:




Լրահոս