ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ից օգոստոսի 2-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Լոռու մարզի Ալավերդի համայնքի առավել տուժած 1088 անձ 372 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացել է կանխիկ աջակցություն՝ աղետի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով։ Յուրաքանչյուր անձի «Հայփոստի» միջոցով տրամադրվել է 39 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ փոխանցվել է 42 432 000 ՀՀ դրամ։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի՝ Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում եւ ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ՝ հայտնաբերելու թիրախային տնային տնտեսությունները, որտեղ.

գ ակնառու վնասվել են բնակչի բնակելի տան կառուցվածքային մասերը, տնամերձ հողամասը, առկա է գյուղատնտեսական կենդանիների կորուստ,

գ միակ եկամտի աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն էին, եւ բերքի 75-ից 100%-ը կորցրել են։

Կանխիկ աջակցությունը տրամադրվել է Ալավերդի համայնքի Ալավերդի, Օձուն, Ծաղկաշատ, Հաղպատ, Ակներ, Սանահին, Աքորի, Ամոջ եւ Հագվի բնակավայրերի առավել խոցելի ընտանիքներին, որոնք ընտրվել են հետեւյալ չափորոշիչներով.

գ վեց եւ ավելի անդամ, այդ թվում՝ մինչեւ 18 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ,

գ մինչեւ 18 տարեկան երկու կամ ավելի երեխաներ ունեցող միակողմանի ծնողազուրկ ընտանիքներ,

գ միայն 65 եւ բարձր տարիքի տարեցներից բաղկացած ընտանիքներ,

գ միայն հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ,

գ միայն 65 եւ  բարձր տարիքի տարեցներից եւ հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ։

Հարցերի դեպքում շահառուները կարող են զանգահարել ՀԿԽԸ՝ 060625066 հեռախոսահամարով։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում՝ հետեւյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում եւ այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

 

 

 

ՔԵՐՈԲՅԱՆՆ ՈՒ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հիմա տարբեր ուղղություններով առեւտրային գործարքները նորմալ իրականանում են, եւ կոնյակի հետ կապված մի քանի օրվա խնդիրը, որ առաջացավ, արդեն չկա, եւ որոշ ընկերություններ լաստանավային ուղղությունով էին արտահանում, ու ոչ մի խնդիր չի եղել: Դա կարող է համարվել ինչ-որ մասնավոր դեպք, որը լուծվել է»: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան արտահանմանըը:

 

«Մեզ համար շատ կարեւոր են Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները, եւ մենք այն զարգացնում ենք, բայց նաեւ էական ջանքեր, ռեսուրսներ ենք ծախսում եւ ժամանակ, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները նաեւ այլ ուղղություններով: Այդ ուղղություններով ունենք որոշակի հաջողություններ. օրինակ՝ ԱՄԷ-ի հետ վերջին երկու-երեք տարվա մեջ փոխադարձ առեւտուրը տասնապատկվել է, եւ արդեն մեկ միլիարդից ավելի է, եւ այս տարի մեկուկես կամ գուցե երկու միլիարդ դոլարի կհասնի»,- ասաց նախարարը:

Շարունակելով արտաքին առեւտրի թեման՝ Քերոբյանը նշեց, որ ապրանքների եւ ծառայությունների առեւտրի մասով մենք առաջին անգամ կգերազանցենք մեր ՀՆԱ-ն. այսինքն՝ մեր ՀՆԱ-ից ավելի արտաքին առեւտրաշրջանառություն կունենանք, եւ դա կլինի առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ:

Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հետ կապված՝ Քերոբյանն ասաց, որ տարբեր մտավախություններ եղել են, բայց ընդամենը մտավախությունների մակարդակով. «Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ մեր ընկերություններն իրենց գործընկերների հետ ինտենսիվ են աշխատում Ռուսաստանում»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նա նաեւ խոսեց տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին եւ նշեց. «Նոյեմբերի 5-10-ը Շանհայում Չինաստանի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին մասնակցելու ենք մեր տաղավարով: Այնտեղ ներկայացված են լինելու 20-ից ավելի ընկերություններ: Փետրվարին ԱՄԷ-ում մասնակցելու ենք խոշորագույն միջազգային ցուցահանդեսի, եւ ընդհանուր առմամբ մեր մասնակցությունը տարածաշրջանային ցուցահանդեսներին էապես դիվերսիֆիկացրել ենք: Մեզ համար շատ կարեւոր է, որ արդեն առկա գործարար կապերն ամրապնդվեն եւ զարգանան, բայց մենք տեսնում ենք նաեւ շատ մեծ պոտենցիալ այլ ուղղություններով՝ նաեւ եվրոպական:  Մենք հիմա Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ գուցե շատ մոտ ենք, երկկողմ առեւտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարն անցկացնելուն: Էապես աճում է Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը:

Մենք բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում ենք մաքսիմալացնել, ինչը շատ լավ է»:

 

 

 

8 ԱՄԻՍ ԵՆ ՆԱԽԱՏԵՍԵԼ

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի՝ Դիլիջան համայնքի  Թեղուտ գյուղի  հարավային ծայրին գտնվող  կամուրջը հիմնանորոգվում է, այդ պատճառով այն փակ է տրանսպորտային միջոցների երթեւեկության համար։ Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը տրանպորտային միջոցները հարկադրված են անցնել շրջանցիկ ավտոճանապարհով, որը ձգվում է Թեղուտ գյուղի մեջով։ Մի քանի կիլոմետր երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը շատ փոսառատ է, հանդիպակած ավտոմեքենայի հայտնվելու դեպքում  վարորդը ստիպված է մեքենան գցել խոր փոսերի մեջ։ Թեղուտի ավտոմոբիլային կամուրջը հիմնանորոգելուց առաջ հարկ էր Թեղուտ գյուղով ձգվող ճանապարհի մեծ փոսերը լցնել ասֆալտով։ Կամրջի վերանորգումն սկսվելոց հետո՝ որոշ ժամանակ անց, Թեղուտով ձգվող գյուղամիջյան ճանապարհի կեսի մեծ փոսերը լցրել են ասֆալտով, սակայն այդ ճանապարհի մնացած հատվածի մեծ փոսերը ասֆալտով կամ խճաքարով չեն հարթեցրել։ Կարծես քիչ է, որ գյուղամիջյան այդ ճանապարհը փոսառատ, կիսաքանդ է, թեղուտցիները գյուղամիջյան ավտոճանապարհին արհեստական խոչընդոտ են ստեղծել՝ «պառկած միլիցա» են սարքել, ինչի  հետեւանքով ճանապարհով երթեւեկելը դժվար է։ «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել, պարզելու, թե ե՞րբ է սկսվել Թեղուտի կամրջի վերանորոգումը, ե՞րբ կավարտվի, ճանապարհաշինական ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնում: Մարզպետարանից ստացած պատասխանում նշված է. «Մ- 4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման կմ 104 + 300 հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնում է «Կամուրջշին» ՍՊԸ-ն՝ ՀՀ  ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի պատվերով: Աշխատանքները մեկնարկվել են 2023թ. հունիսի 21-ին, աշխատանքների կատարման պայմանագրային վերջնաժամկետ է սահմանվել 2024թ. փետրվարի 15-ը, սակայն շինարարական կազմակերպության կողմից նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ»։

 

 

 

 

ԹՌՉՈՂ ՕԲՅԵԿՏ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջեւան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Արմինե Հովակիմյանը հոկտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մեկ րոպե եւ 4 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, ուր գիշերային երկնքում, մթան մեջ, մերթ կարմիր, մերթ կանաչ, մերթ պայծառ լուսավորվում է թռչող անհայտ օբյեկտ։ Ուսուցչուհին դիտողներին խնդրում է պարզաբանել, թե ինչ է դա։ Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Մարիամ Անտոնյանը, տեսանյութին արձագանքելով, գրել է, որ 44-օրյա պատերազմից առաջ Նոյեմբերյան քաղաքի երկնքում շատ էին նման թռչող օբյեկտները։ Իջեւանցի մի օգտատեր էլ գրառել է, թե դա  ապօրինի ծառահատումներին ու որսագողությանը հետեւելու համար օդ բաց թողնված դրոն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս