ԿԱՐԵՎՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամ։ Այս մասին երեկ Ազգային ժողովում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ Նա նաեւ հավելեց, որ հատկացվող բյուջեի 82 մլն դրամը նախատեսվում է աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցության համակարգերի ձեռքբերման համար, իսկ մյուս մասը կծախսվի նախագահի ներկայացուցչական ծախսերի վրա։ Հիշեցնենք, որ 2022 թվականի բյուջեի քննարկմանը «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով տարեկան պլանը հաստատված էր 1 մլրդ 602 մլն 527 հազար դրամ։ Նախորդ տարի «Հանրապետության նախագահի գործունեություն եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 1 մլրդ 598 մլն 700 հազար դրամ։ «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 3 մլն 760 հազար, 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Կառավարության որոշմամբ, այն ավելացվեց 20 մլն դրամով: Ստացվում է, որ  2024 թվականի բյուջեի քննարկման ընթացքում նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանն ուղղված ֆինանսական միջոցներն ավելացվել են 82 միլիոնով։ Ֆինանսական բյուջեն ավելացնում են, սակայն նախագահի գործունեությունը չի ավելանում։ Ներկայացուցչական ծախսեր կատարել սիրող  իշխանությունների որոշումները ստորագրող նախագահը իրեն հատկացված ֆինանսական միջոցներն ուղղում է միայն իր արտագնա այցերին։ Օրինակ՝ մեր նախագահը շատ է սիրում այցելել իր ընկերներին արտասահման կամ հայտնի անձանց հոգեհանգստի արարողություններին, ինչպես, օրինակ, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը։ Ստացվում է, որ նախագահ Խաչատուրյանը եւ նրա աշխատակազմը տեղյակ են միայն ֆինանսներ ստանալուց եւ ծախսելուց, իսկ երկրում տիրող իրավիճակից նախագահը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ շուտով կտեղեկանա մամուլից, եւ հուսով ենք՝ գոնե կմիջամտի կամ մի հայտարարությամբ հանդես կգա։

 

 

 

 

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Առաքելյանը եղել է ԱԺ նախագահի օգնականը։ Հայտարարագրում պաշտոնատար անձի պաշտոնը նշված է որպես օգնական, սակայն նա ԱԺ նախագահի օգնական եղել է 2022 թվականին։ Մեզ չհաջողվեց Դավիթ Առաքելյանի կենսագրության մասին որեւէ տվյալ գտնել, այդ պատճառով էլ այլ մանրամասներ չենք ներկայացնում, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել 2016 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։ 2022 թվականի հաշվետու տարվա վերջին նրա բանկային հաշիվների մնացորդները կզամել են 175 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, 8 մլն 500 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 180 հազար ռուբլի։ Թվում է, թե ամեն ինչ կարգին է, որ բոլորն էլ կարող են այսքան մեծ քանակի կանխիկ գումարներ ունենալ, սակայն ուշագրավն այն է, որ Առաքելյանի տարեկան եկամուտները կազմում են 9 մլն 383 հազար դրամ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները 2,5 անգամ ավել են՝ գրեթե 23 մլն դրամ։ Կարելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել, որ «պոզով-պոչով կոռուպցիան» հենց իր կողքին է, քանի որ Առաքելյանը հայտարարագրում բաց եւ թափանցիկ  չի նշել ունեցած ֆինանսական միջոցների աղբյուրները։ Դավիթ Առաքելյանի եկամուտների 8 մլն 487 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 895 հազար դրամ ստացել է ՀՀ նախագահի աշխատակազմից։

 

 

 

 

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ում որոշում կա Երեւան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ավագանու՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի անդամ Նուարդ Վարդանյանին, որը նշանակվել է ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում թեժ քննարկումներից հետո այդ որոշումը փոխվել է: Այսպիսով, նախապես ՔՊ-ում որոշված է եղել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, ամբողջությամբ տապալել է իր ոլորտը եւ պետք է ազատվի այդ պաշտոնից: Նույնիսկ որոշվել էր, որ Սամվել Ղուկասյանը կնշանակվի քաղաքապետի խորհրդական կամ ԲՏԱ նախարարությունում պաշտոնի: Օրեր հետո իրավիճակ փոխվեց: Հիշեցնենք, որ Սամվել Ղուկասյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրան մեկ տարի առաջ ԱՄՆ-ից կանչել են, որ աշխատանք տան: Անգամ նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն իր նախնական համաձայնությունը տվել էր, որ Սամվել Ղուկասյանին պաշտոնանկ անելուց հետո այդ պաշտոնում նշանակվի Նուարդ Վարդանյանը: Պարզվում է, որ Նուարդ Վարդանյանի՝ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում չնշանակվելու որոշման մեջ կարեւոր դեր են ունեցել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, որտեղ մենք անընդհատ հիշեցնում էինք Նուարդ Վարդանյանի այդ սկանդալային հայտարարությունները, կենսագրական կոռուպցիոն տարրեր պարունակող տվյալները, որի արդյունքում ի վերջո որոշումը փոխվեց:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված պատգամավորներից հետաքրքրվել՝ ինչու Արցախի բռնի զավթումից հետո ՀՀ-ում Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ չեն հրավիրում եւ ինքնորոշման հարց բարձրացնում: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, մեր այս հարցին ի պատասխան, ասաց, որ դեռ փակ քննարկումներ են ունենում միայն: «Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ պետք է հանդես գան կա՛մ պատգամավորները, կա՛մ ԱԺ ղեկավարությունը, բայց այս պահին դեռ փակ քննարկումներ են տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով. շատ հարցեր դեռ ոչ հրապարակային են քննարկվում»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում հրապարակային շատ բան ասել չեն կարող. «Ժամանակը կգա, կխոսենք, հիմա շատ բան չենք կարող դեռ խոսել. եթե հրապարակային լիներ, կխոսեինք»: Նկատենք, որ Արցախի բոլոր պատգամավորները միաբերան ասում են, որ հիմա դեռ փակ քննարկումների մեջ են: Տպավորություն է, որ նրանք ինչ-որ բանի են սպասում եւ առաջիկայում հստակ քայլեր նախաձեռնելու մտադրություն չունեն:

 

 




Լրահոս