ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԸ ԿԳՆԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ւր է նայում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երբ իր քթի տակ ՔՊ-ականները քրեական գործընթացների մեջ են:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեզ փոխանցել էր իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել:

«Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես եւ Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին) երբ բնակարան ենք գնել, այլեւս տան վարձավճար չենք ստացել…»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր պատգամավորը:

Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները եւ պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչեւ 2022 թվականը ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաեւ տան վարձի գումար է ստացել պետբյուջեից:

Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվականը՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին ե՛ւ տուն է գնել, ե՛ւ տան վարձավճար է ստանում:

Ստացվում է, որ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ստում է, երբ ասում էր, թե ինքն ու Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չեն ստացել: Ստացել են:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացել ենք ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից: Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, որն աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, իրականում իր լուրջ պատճառներն ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ.

«Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում եմ տեղեկացնել.

  1. Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:
  2. Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով:
  3. Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել:
  4. Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ.

«ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իսկ արդյոք պատրաստվո՞ւմ է գնալ ու ինքնախոստովանական ցուցմունք տալ Գլխավոր դատախազությունում:

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՄԱՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում:

 

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդապետյանը ԲԴԽ-ում միակ խորհրդականն է, որն ունի ավտոմեքենայի օպերատիվ համարանիշներ, եւ հարց է առաջանում՝ ինչպես են այդ համարանիշները հայտնվել Կարեն Անդրեասյանի խորհրդականի մոտ:

Պարզվում է՝ հայրենի դատական համակարգի անկախության թիվ մեկ երաշխավոր կառույցի անդամների համար դեռ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ոստիկանություն եւ 10 հատ օպերատիվ համարանիշներ խնդրել:

Բնականաբար, ոստիկանությունը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի խնդրանքը եւ ԲԴԽ-ի 10 անդամներին հատկացրել օպերատիվ համարանիշներ: Ու քանի որ ԲԴԽ անդամների փոփոխությունները հաճախ են լինում վերջին տարիներին, ԲԴԽ որոշ անդամների օպերատիվ հարամանիշները փոխանցվել են նորեկներին՝ բացառությամբ մեկի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը, որը «իր սրտի պաշտոնյան» չէ, չի կարող օպերատիվ համարանիշներ ունենալ:

Ըստ ամենայնի, հենց նրան «հասանելիք» օպերատիվ համարանիշն է Կարեն Անդրեասյանը տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին: Իսկ ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Դատական համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Արշակ Վարդապետյանը օպերատիվ համարանիշներով հաճախ է լինում տարբեր դատարաններում, հանդիպում դատարանների նախագահների հետ՝ նրանց փոխանցելով Կարեն Անդրեասյանի մեսիջները, թե որ գործով ինչ վճիռ կամ որոշում է անհրաժեշտ քաղաքական իշխանությանը:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արշակ Վարդապետյանից՝ հետաքրքրվելով, թե երբ է ստացել օպերատիվ համարները, եւ արդյոք դատարանների նախագահների մոտ գնալու առաքելության համար է ստացել համարանիշները:

-Որտեղի՞ց Ձեզ այս տեղեկությունը:

-Ես իմ աղբյուրներն ունեմ, որոնք չեմ պատրաստվում բացահայտել, պարզապես Ձեզնից ցանկանում եմ ճշտել:

-Ես էլ շատ տեղեկություններ, ասեկոսեներ կամ, ինչպես Դուք եք սիրում ասել, օդում կախված լուրեր եմ ստանում, որ լրագրողները գումարի դիմաց պատվերներ են անում, բայց դա ես չեմ բարձրաձայնում:

-Իմ մասին նման բան Դուք լսե՞լ եք: Եթե իմ մասին նման բան կլսեք, գործընթաց սկսե՛ք:

-Ընդհանրապես եմ ասում:

-Բայց իմ հարցն ու Ձեր պատասխանն ի՞նչ կապ ունեն իրար հետ:

-Այնքանով կապ ունեն, որ եթե իմ այս տեղեկությունը բամբասանքի մակարդակի խոսակցություններ են, ապա նույն կարգի բամբասանք է նաեւ Ձեր նշածը: Դրա համար նաեւ Ձեզ եմ խնդրում եւ հորդորում զերծ մնալ բամբասանքներից:

-Այսինքն՝ Դուք օպերատիվ համարներով չե՞ք շրջում:

-Կարծում եմ՝ ես արդեն բավարարող պատասխան տվեցի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթը առաջինն էր, որ գրել էր «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում ուշագրավ դեպքի մասին։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության 56-ամյա աշխատակից պահնորդը կենտրոնի անչափահաս սաների նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ։

Մասնավորապես, 56-ամյա տղամարդը, 2023 թվականի ապրիլի 30-ին՝ իր հերթապահության ընթացքում, «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 13, 14 եւ 15 տարեկան սաներից պահանջելով հանգիստ մնալ, խմբի համար նախատեսված սենյակին կից բաց պատշգամբում նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ օդում թափահարելով իր մոտ պահվող դանակը:

Սպառնալիքն իրականացնելու իրական վտանգից վախենալով՝ երեխաները դիմել են փախուստի:

Պահնորդը նույնպիսի վարքագիծ դրսեւորել է նաեւ մի քանի օր անց։ Մասնավորապես, կենտրոնի տարածքից դուրս գալու պատճառով 56-ամյա անձը կենտրոնի բակային տարածքում հիշյալ 3 անչափահաս սաներից կրկին պահանջել է խելոք մնալ եւ, իր մոտ պահվող դանակը ցուցադրաբար թափահարելով օդում, նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ։ Երեխաները վախենալով դիմել են փախուստի, սակայն տղամարդը վազել է նրանց հետեւից՝ միաժամանակ գետնից վերցնելով փայտանման իր ու նետել նրանց ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես պահնորդ աշխատող անձին մեղադրանք է ներկայացվել՝ Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով: 56-ամյա անձը նշված երկրորդ դեպքից հետո ազատվել է աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս