ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նոյեմբերի 2-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին եւ այն անհետաձգելի համարեց:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սահմանել իրավական հիմք, որպեսզի հնարավոր լինի ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն, ինչպես քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը։

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026թ.-ը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն եւ դիմում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։

Սույն դրույթն ապահովում է նաեւ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի պահանջների պատշաճ կատարումը, որի շրջանակներում վերը նշված անձինք հնարավորություն են ստանում ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով բացառելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ձեռք բերումը։

Բացի այդ, հաճախակի են լինում դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիները չեն օրինականացնում իրենց հետագա բնակությունը Հայաստանում կամ դիմում են օրինականացման համար տեւական ժամանակ անց, ինչի հետեւանքով վերջիններիս գտնվելը ՀՀ-ում համարվում է անօրինական եւ առաջ է բերում վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիր։

Հաշվի առնելով, որ օրենսդրությամբ հստակ ժամկետներ սահմանված չեն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ-ում բնակությունն օրինականացնելու համար, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ողջամիտ ժամկետ՝ նշված անձանց՝ ՀՀ-ում բնակությունն օրինականցնելու կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախահայերին, նշեց. «Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ:

Իհարկե, այդ գործընթացը, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք:

Իհարկե, կան օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն, այստեղ նաեւ մեզ բոլորիս՝ Կառավարությանը եւ պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից եւ եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն:

Նաեւ շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում, որ ճշգրիտ պետք է լինի ամեն ինչ իրավական տեսակետից: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում Հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում սպասվում է նաեւ 50+50 ծրագրի իրագործումը:

«Հետագայում արդեն նաեւ քաղաքացիություն եւ կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,- ասաց վարչապետը:

 

 

 

ԳՐԻՊԻ ՆՈՐ ՀԱՐՈՒՑԻՉ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ։

 

«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկանում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրը պարզաբանել է, որ գրիպի ընդհանուր ախտանշաններն են ջերմությունը, մարմնի ջարդվածության զգացումը, դողը, սարսուռը եւ քրտնարտադրությունը, գլխացավը, չոր հազը, շնչարգելությունը, հոգնածությունը եւ թուլությունը, քթահոսությունը (հարբուխ), կոկորդի ցավը եւ քերոցի զգացումը, ինչպես նաեւ ակնագնդերի ցավը, լուսավախությունը եւ արցունքահոսությունը, փսխումը եւ փորլուծությունը, որն ավելի տարածված է երեխաների մոտ։ Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ գրիպի վիրուսով պայմանավորված՝ առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը եւ այլն։ Հղիների մոտ, որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։ Սուր շնչառական վարակներով եւ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաեւ բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում եւ հորդորում է.

l պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա եւ երկու Բ ենթատեսակներից,

l խուսափել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

l հիվանդներին՝ մնալ տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց եւ մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը եւ  բուժումը,

l հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ չզբաղվել ինքնաբուժմամբ,

l չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի եւ սուր շնչառական վարակների բուժման համար,

l հագնվել եղանակին համահունչ,

l պահպանել հազի եւ փռշտալու վարվելակարգը,

l օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,

l հաճախակի օդափոխել փակ տարածքները,

l հետեւել անձնական հիգիենային:

 

 

 

ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի  սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը   պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում է  «Կանժինստրոյ» ընկերությունը։ Դովեղի դպրոցի շինարարության աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շինարարությունում աշխատում է Իրանի քաղաքացիների բրիգադ՝ թվով 9 հոգի, որոնք  շինարարական տարբեր աշխատանքներ են կատարում։ Դպրոցի շինարարության մեջ աշխատող  տեղացի  բանվորները նրանց հետ  հիմնականում ժեստերի լեզվով են շփվում։ Պարսիկները բնակվում են վարձակալած տանը, որի վարձը դպրոցի շինարարությունն իրականացնող կազմակերպությունն է հոգում։ 2023թ.  ապրիլի 29-ին Նիկոլ Փաշինյանը  Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում   այցելել է Դովեղի դպրոցի շինհրապարակ, բանվորներին  հորդորել է ետ չմնալ շինարարության ժամանակացույցից, հավաստիացրել է, որ դպրոցի շինարարության ֆինանսավորման գործում խնդիրներ չեն առաջանա։ Դովեղի դպրոցի շինարարության ֆինանսական  հիմնական  խնդիրն այն է, որ դպրոցի շինարարության տարածքը ոչ թե 3-րդ կարգի, փափուկ գրանտ է, ինչպես  նշված է  դպրոցի շինարարության նախագծում,  այլ 5-րդ կարգի, ժայտոտ գրունտ, որը քանդելու համար շինարարական տեխնիկա է աշխատել, մեծ ծավալի գործ է կատարվել, որի համար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում։ Քաղաքաշինության կոմիետեն դպրոցի հիմքի ժայռոտ  գրունտում կատարված աշխատանքների մասին հայտնել է  կառավարություն, որպեսզի  դպրոցի շինարարությունն իրականացնող  ընկերությանը լրացուցիչ ֆինանսավորում կատարվի։  Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում պետք է քննարկվեր ու լուծում տրվեր այդ խնդրին։

 

 

 

ՄԱՐԶԻ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ   2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով՝ որպես ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ խնդրում եմ հայտնել՝ որքան է ՔՊ կուսակցության անդամների թիվը, նրանցից քանիսն են Տավուշի մարզի բնակիչ։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Քանի որ ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիսանում   է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ, այլ ոչ խորհրդի անդամ, առաջարկում եմ համապատասխան հարցով դիմել «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչությանը»: Նախկինում Հայկ Ղալումյանը մարզպետարանի կայքում տեղադրված իր կենսագրության մեջ չէր նշել, որ ինքը ՔՊ կուսակցության անդամ է, սակայն վերջերս այդ մասին նշումն ավելացրել  է  կենսագրության մեջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս