ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՍՏՂԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դերասան, երգիչ  Ռաֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր եւ դերասանուհի Իրինա Այվազյանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Վերջերս դերասանուհի Իրինա Այվազյանը հրավիրված էր LIFEROOM-ի տաղավար եւ Ամալյա Հովհաննիսյանի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել էր, որ ինքը եւ Ռաֆ Հարությունյանը բաժանվել են, եւ իրենց բաժանման պատճառը եղել է այն, որ իր կողակիցը խնդրել է, որպեսզի արտաքինի հետ կապված որոշակի փոփոխությունների դիմի, ինչից դերասանուհին բավականին վիրավորված էր: Մեկնաբանելով դերասանուհու ասածը՝ Ռաֆ Հարությունանը նշել է. «Հարաբերություններում կա փուլ, երբ մարդիկ պետք է փորձեն ճանաչել իրար, ու մեզ մոտ դա կոչվում է ընկերություն անել։ Երբ Իրինան հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ընկերություն ենք անում, դեռ նոր էր այդ ամենը, եւ ճանաչման փուլն էր մեզ մոտ։ Երբ ճանաչել ենք միմյանց, հասկացել ենք, որ երկուսս էլ լավն ենք, բայց ոչ իրար համար»:

 

«Ես դա իր համար եմ ասել, որ մի փոքր իրեն հետեւի, ավելի ուշադիր լինի իր արտաքինին. եթե ես էլ այն չհավանեմ, հետո՝ մեկ ուրիշի հետ հարաբերություններ ունենալու ժամանակ, ավելի հեշտ կլինի»,- ասաց Ռաֆը եւ հավելեց, որ չի սիրում, երբ իր անձնական կյանքի մասին խոսում են:

Ռաֆ Հարությունյանի կարծիքը չեն կիսում ոչ միայն իր եւ Իրինա Այվազյանի երկրպագուները, այլ նաեւ մի շարք հայտնիներ: Ի պատասխան Ռաֆ Հարությունյանի տեսակետի՝ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել էր՝ ասելով, որ Իրինան բավականին գեղեցիկ աղջիկ է. «Սիրելի՛ հետեւորդներ, ուղարկում եմ ձեզ դիտելու Tert.am Life-ի հարցազրույցը, որտեղ մի սկսնակ, կիսահայտնի, անմեղսունակ արտիստ հարցազրույց է տալիս իր մասին եւ անդրադառնում է մի շարք հարցերի: Այդ հարցազրույցը ավելի մեծ անդունդի մեջ գցեց այս երիտասարդին, քանի որ հարցազրույցի ժամանակ բոդիշեյմինգի եւ բուլլինգի է ենթարկում իր նախկին ընկերուհուն, որը, կարծում եմ, իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ չէր անի: Այդ հարցազրույցից հետո ատելության ու հեյթի մեծ ալիք է սկսել՝ իր անձի հետ կապված, չեմ ուզում այդ ալիքին էլ ինչ-որ բան ավելացնել: Իսկ Իրինա Այվազյանի հետ կապված՝ ասեմ, որ բավականին երիտասարդ ու հաջողակ աղջիկ է, եւ թույլ մի՛ տվեք, Իրինա ջա՛ն, որ այսուհետ որեւէ մեկը Ձեզ բոդիշեյմինգի կամ բուլլինգի ենթարկի»:

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը վերջում հավելել է, որ դերասանուհին առհասարակ ոչ ոքի թույլ չպետք է տա իր կառուցվածքի հետ կապված քննադատություններ անել, քանի որ ինքը բավականին գեղեցիկ է:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Մրայա Քերիի All I Want for Christmas is You կուլտային հիթը աշխարհի շատ երկրներում ավանդաբար նշում է տոնական սեզոնի սկիզբը: Հայտնի փոփ դիվայի մրցակիցը կրկին ցանկանում է խաթարել սուրբծննդյան շունչը՝ հերթական դատական հայցը ներկայացնելով երգչուհու դեմ։ Այս անգամ Քերիի դեմ հայտ ներկայացրած Էնդի Սթոունը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում՝ պնդելով, որ երգչուհին կրկնօրինակել է իր՝ 1993 թվականի երգերից մեկը, որն այժմ, Քերիի շնորհիվ, սուրբծննդյան հիթ է դարձել։

Սթոունը հայտնի է Վինս Վան եւ Վալիանտ բեմական անուններով: Քերիի եւ երգի համահեղինակ Վալտեր Աֆանասեւի, ինչպես նաեւ Sony Music Entertainment-ի դեմ քաղաքացիական հայցում Սթոունը նրանց մեղադրում է «հեղինակային իրավունքի խախտման եւ անարդար հարստացման» համար:

Սթոունի փաստաբաններն ասում են, որ երգը ստեղծվել է 1989 թ.-ին, ռադիոեթեր է հեռարձակվել 1993թ.-ին, իսկ հաջորդ տարի հիթ է դարձել Billboard Hot Country Singles & Tracks հիթ-շքերթում, մոտավորապես՝ նույն ժամանակ, երբ հայտնվել է Քերիի տոնական երգը։

Հայցում նշվում է, որ Քերին կրկնօրինակել է Սթոունի՝ 1989 թ.-ի «կոմպոզիցիայի կառուցվածքը»:

Երգի թողարկումից ի վեր Քերիի տարբերակը ամեն տարի հեռարձակվում է ռադիոկայաններով: Երգը նաեւ գլխավորել է Billboard Hot 100-ը եւ գրանցել է ավելի քան 10 միլիոն օրինակի վաճառք՝ կոչվելով ադամանդյա, ինչով էլ դարձել է այսպիսի նվաճման հասած միակ սուրբծննդյան երգը:

 

 

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ

50 Cent-ի In Da Club երգը թողարկումից 20 տարի անց RIAA-ի կողմից պաշտոնապես ադամանդի կարգավիճակ է ստացել:

Մինչ օրս Get Rich Or Die Tryin ալբոմն ԱՄՆ-ում վաճառվել է առնվազն 10 միլիոն օրինակով եւ գրանցել ավելի քան 1,2 միլիարդ լսում Spotify-ում եւ 1,8 միլիարդ դիտում՝ YouTube-ում: In Da Club-ը 50 Cent-ի առաջին երգն է, որը հասել է ադամանդի կարգավիճակի։ Թրեքի պրոդյուսերներն են Dr. Dre-ն եւ Մայք Էլիզոնդոն։ 2002թ.-ին Billboard Hot 100 տարեվերջյան աղյուսակում այն զբաղեցրել է առաջին տեղը: Երգն ունի Գրեմմիի 50 անվանակարգեր, այդ թվում՝ «Լավագույն նոր կատարող», «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ դուետ կամ խումբ», «Տղամարդու լավագույն ռեփ սոլո կատարում» եւ «Լավագույն ռեփ երգ»։

 

 

 

ՃԱՆԱՉՎԵՑ ԱՆՄԵՂ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով ճանաչվեց անմեղ։

Փաստաբան Ռուբեն Բալոյանը մանրամասնել է. «Երկու տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության քր. օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ…

Շնորհավորում եմ, Սիմո՛ն ջան, հայ ազգի փառք ու պարծա՛նք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

 

 

 

ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Մեն կղզում անցկացվող FIDE Grand Swiss մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին եւ 4,5 միավորով բաժանում է 13-24-րդ տեղերը։ 4,5-ական միավոր ունեն նաեւ Լեւոն Արոնյանն (ԱՄՆ) ու Սամուել Սեւյանը (ԱՄՆ)։

7-րդ տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթել է հնդիկ Ս.Լ. Նարայանանին։ Սեւյանը սեւերով պարտության է մատնել ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիին։

4 միավոր է վաստակել Մանուել Պետրոսյանը, 3,5-ական միավոր՝ Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը, 3-ական միավոր՝ Հայկ Մարտիրոսյանն ու Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ)։

Միանձնյա առաջատարն է հնդիկ Գուջրատի Վիդիտը՝ 5,5 միավոր։

Մրցաշարում կանցկացվի 11 տուր։

 

 

 

ԿՄԻԱՆԱ ՄԵՍԻԻՆ

Բրազիլական «Գրեմիոյի» 36-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հունվարին կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»՝ վերամիավորվելով «Բարսելոնայում» նախկին թիմակիցներ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին եւ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային. հաղորդում է El Pais-ը։

Լուիս Սուարեսն արդեն ունեցել է նախնական բանակցություններ։ «Ինտեր Մայամին» նրան առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։

Դեկտեմբերին կավարտվի Լուիս Սուարեսի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում անվճար կմիանա «Ինտեր Մայամիին»։

 

 




Լրահոս