ԵՐԵՔ ԱՆՁԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ի գիշերը մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ էր եղել Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմի» ճանապարհին։

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեկ մեքենա վթարի է ենթարկվել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը։ Վթարված մեքենայում գտնվող անձանց օգնության են հասել Պարեկային ծառայության աշխատակիցները։

Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վթարված մեքենայում գտնվող անձանց հարազատները ծննդյան արարողությունից վերադառնալիս են եղել, որը նշվել է Աբովյան քաղաքի «Լուսաբաց» ռեստորանում։ Նրանք անադեկվատ վիճակում են եղել եւ դեպքի վայրում հարձակվել են պարեկների, շտապօգնության բժիշկների եւ Գագիկ Շամշյանի վրա։ Փորձել են խլել լրագրողի տեսախցիկը, քանի որ վերջինս լուսանկարել է իրավիճակը։ Հարվածներ են հասցրել շտապօգնության բժիշկներին, ապտակել են կին պարեկին:

Ականատեսների խոսքով՝ բոլորը միայն աջ ու ձախ հարվածում էին իրար, ու ճանապարհը կաթվածահար վիճակում էր: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ Թբիլիսյան խճուղում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, պարեկների, շտապօգնության բժիշկների հարձակման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու եւ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2023թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության կարգախմբերից մեկին անհրաժեշտ է օգնություն։

Կանչով նշված հասցե մեկնած պարեկները տեղում նկատել են ավտովթարի հետեւանքով հավաքված մարդկանց խումբ, որոնցից մի քանիսը դրսեւորել են ոչ ադեկվատ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ինչպես տեղում հավաքված քաղաքացիների, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայրից ոստիկանության բաժին է տեղափոխվել մի կին եւ 2 տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նշված երեք անձանց ինքնությունը։ Վերջիններս Կոտայքի մարզի Քանաքեռավանի բնակիչներ են՝ երկու եղբայր եւ քույր։ Հանցավոր արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա՝ նրանք ձերբակալվել են։

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գտնվելով Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի դեպքի վայրում եւ տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցներին՝ հիշյալ եղբայրները ձեռքերով եւ ոտքերով հարվածել են շտապօգնության ավտոմեքենային, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ տեւական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթեւեկության բնականոն ընթացքը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել, սակայն եղբայրները եւ քույրը, ոստիկանության ծառայողների նկատմամբ արհամարհական եւ կոպիտ վերաբերմունք դրսեւորելով, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որի ընթացքում, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին եւ ձեռքին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ երկու տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ բացահայտվել են Երեւան-Մեղրի մայրուղով երթեւեկող բեռնատարների վարորդների կողմից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ), ինչպես նաեւ ոստիկանության պաշտոնատար անձանց 2023թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում կաշառք տալու բազմաթիվ դրվագներ:

 

Թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող բազմաթիվ գերբեռնված տրանսպորտային միջոցներ առանց կշռման եւ առանց խոչընդոտների անցել են Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետով եւ շարունակել երթեւեկությունը, որի հետեւանքով վնասվել է Երեւան-Մեղրի Մ-2 մայրուղու երթեւեկելի հատվածի ծածկույթը, ինչպես նաեւ չեն արձանագրվել վարորդների կողմից կատարված իրավախախտումները, եւ անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ.-ն Երեւան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման եւ առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար: ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում եւ գտնվելով կշռման կետում, ՃՈ տեսուչ Մ. Հ.-ի դրդմամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող,  գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու եւ կշռելու ուղղությամբ եւ, ըստ այդմ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաեւ ԻԻՀ երկու քաղաքացիների վարած՝ գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման եւ առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ.-ն էլ դրդել է Մ. Թ.-ին նաեւ խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին: Քրեական վարույթով բացահայտվել են նաեւ վերը նշված եղանակով կաշառք տալու եւ ստանալու մի շարք այլ դրվագներ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: 10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն եւ Կ. Հ-ն,  ՃՈ տեսուչ Մ. Հ-ն,  ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաեւ բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն  ձերբակալվել են:

 

 

 

ՀՐԿԻԶԵԼ ԷՐ ՏԱՐԱԾՔԸ

Մարտի 1-ի գիշերը՝ ժամը 2:40-ին, 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» եւ «ԲՄՎ» մակնիշի մեքենաները:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել էին, որ հրդեհից առաջ անհայտ անձը ապօրինի մուտք էր գործել նշված ավտոտնակ եւ գողացել թթվածնի բաքերի ռետինե խողովակներ, ավտոմեքենայի մարտկոցներ, նվագարկիչ, ձմեռային անվադողերի երթեւեկության շղթաներ, մեքենա բարձրացնելու սարքավորում եւ այլ գործիքներ:

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոտնակից գողությունը կատարել էր Ոսկեհատ գյուղի 28-ամյա բնակիչը, ապա հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տարածքը:

Նոյեմբերի 2-ին նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը եւ հայտնել, որ գողացած իրերի մի մասը իր տանն է:

28-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ի մոտ երկարատեւ տեսակցության եկած կնոջը՝ Ե. Հ.-ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28.26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով։

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

 

 




Լրահոս