ԹՎԱՅԻՆ ԱՐԴԻ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ՀՀ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվել ինտերնետից: 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովի շրջանակներում:

«Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ բնակավայրերը օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով ապահովելու ծրագիրը, եւ կառավարության 2021-2026 թվականների  ծրագրում առկա է կետ՝ բնակավայրերի մինչեւ 80 տոկոսը մինչեւ 2026 թվականը օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Այս միջոցառման նպատակը այդ հարցի շուրջ մասնագետներին համախմբելն եւ լուծումներ գտնելն է»,- ասաց նախարարի տեղակալը:

Նրա համոզմամբ՝ մինչեւ 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսը ապահովված կլինի լայնաշերտ ինտերնետով (օպտիկամանրաթելային):

«Այս պահին բնակավայրերի 66 տոկոսն արդեն իսկ ապահովված է օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով, միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու լայնաշերտ ինտերնետից: Մենք խոսում ենք շատ հեռավոր, փոքր բնակչություն ունեցող բնակավայերերի մասին, որտեղ ներդրումներ անելը տնտեսական առումով նպատակահարմար չէ: Այս դեպքում լուծումը տեսնում եմ սուբսիդավորման կամ օպերատորներին շահագրգռելու մեջ, որպեսզի այդ բնակավայրերում ինտերնետ հասանելիություն ապահովեն: Մենք այս պահին ունենք գործիքակազմ. կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այն համայնքներին, որոնք նման հայտ կներկայացնեն: Այս պահի դրությամբ համայնքներից որեւէ մեկը հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ ինտերնետ հասանելիությունը բավականին լավ վիճակում է գտնվում»,- նշեց Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ այս պահին ինտերնետ հասանելիության առումով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Նման կարծիք հայտնեց նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Արշակյանն  ընդգծեց, որ Հայաստանը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, չափազանց կարեւորում է համայնքներում ինտերնետի հասանելիությունը:

ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց՝ համաժողովի շրջանակում մշտապես քննարկվում են ինտերնետի կառավարմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես, օրինակ, ինտերնետի զարգացման հնարավորությունները, ռիսկերին դիմակայելու ճանապարհները, համընդհանուր լուծումների մշակումը եւ այլն: Նա կարեւորեց, որ քննարկումներում ներգրավված են պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, որոնք խնդիրը եւ խնդրին ուղղված լուծումները դիտարկում են տարբեր տեսանկյուններից եւ բերում համակողմանի լուծումների:

Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար Կառավարության հնգամյա ծրագրում հստակ նախանշված են միջոցառումներ, ինչպիսիք են՝ նույնականացման արդիական համակարգի ներդրում, հանրային ծառայությունների թվայնացում, դրանց առցանց հասանելիության ապահովում, բնակչության թվային գրագիտության բարձրացում եւ թվային գործիքների կիրառման խթանում, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների հետ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ապահովում եւ մի շարք այլ ծրագրեր:

 

 

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ

Էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու եւ հեշտացնելու նպատակով Team Telecom Armenia-ն մեկնարկել է Team Energy նախագիծը։

Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցն արդեն հասանելի է ՀՀ ողջ տարածքում։ Արագ եւ գերարագ լիցքավորող AC ու DC լիցքավորիչները էլեկտրական մեքենաների սիրահարներին կօգնեն իրենց ճամփորդությունը դարձնել ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի։

«Team Energy-ն Team էկոհամակարգի այն նախագիծն է, որտեղ հատվում են հեռահաղորդակցությունը, տեխնոլոգիան եւ էկոլոգիան։ Մեր բոլոր նախագծերում առաջարկում ենք լուծումներ, որոնք օգտակար կլինեն սպառողներին, իսկ երկարաժամկետ հեռանկարում կբերեն նաեւ մտածելակերպի փոփոխության։ Team Energy-ի զարգացումը նպաստելու է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը եւ տրանսպորտային ծախսերը»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կայանները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երեւանում, մարզերում, ինչպես նաեւ հիմնական եւ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Team Energy-ի գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչեւ 160 կՎ/ժամ հզորություն։

Team Energy հավելվածը հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում եւ վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաեւ Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Team Energy հավելվածը հասանելի է App store-ում եւ Play market-ում։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ, 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

 

 

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ԵՄ-ԻՑ

 

Հայաստանը 2024 թվականին Եվրամիությունից ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներ։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին  Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետբյուջեի նախնական քննարկմանը ասել է ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում են  երեք հիմնական ուղղություններ։

«Առաջինը  Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացումն է, որը բյուջետային աջակցության դրամաշնորհ է։ Այս ծրագիրը կար նաեւ 2023 թվականին 2,7 մլն եվրոյի չափով, իսկ 2024 թվականին նախատեսվում է 5,4 մլն եվրոյի չափով, հաջորդը՝ «Աջակցություն Հայաստանի դատական ոլորտի բարեփոխումներին. փուլ- 2»,  որը հավելյալ 2,5 մլն եվրո է»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ 2024 թվականի համար նախատեսվում է նաեւ Հայաստանում ԵՄ աջակցության նախագիծ կրթության ոլորտին՝ 10 մլն եվրոյի չափով։ Ըստ նախարարի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո, որից 29,3 մլն եվրոն ուղղակի բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական։

Անդրադառնալով վարկային միջոցներին՝ ֆինանսական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ 2024 թվականի վարկերը կազմում են 21 մլրդ դրամ, որից 153 մլն-ը՝ ընթացիկ ծախսերով, եւ 21 մլրդ 62 մլն-ը՝ կապիտալ։

«Հիմնական մասը, որը կազմում է 18,8 մլրդ դրամ, իրականացվում է ՏԿԵ նախարարության միջոցով՝ ուղղված ոռոգման համակարգի թարմացմանը, կոշտ թափոնների կառավարմանը, ճանապարհային ցանցի բարելավմանը, ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավմանը, քաղաքային զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաեւ կա ՊԵԿ-ի կողմից իրականացվող ծրագիր, որը վերաբերում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային ծրագրին, որի վարկային միջոցներն  ընդհանուր առմամբ կազմում են 2 մլրդ 290 մլն դրամ»,-ներկայացրել է նախարարը՝ հավելելով, որ նախատեսված են նաեւ այլ դրամաշնորհային միջոցներ տարբեր ուղղություններով՝ ոռոգման համակարգ, կոշտ թափոնների կառավարում, գյուղատնտեսական ծրագրերի խթանման, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման ծրագրեր։ Ընդհանուր դրամաշնորհային գումարը կազմում  է 9 մլրդ 760 մլն դրամ։

 

 

 

 




Լրահոս