ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանա լճում մեկնարկում է Ջրային պարեկային ծառայությունը. անցկացվում են վերջին վարժանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրային պարեկներն այս օրերին, կարելի է ասել, վերջին դասընթացներն են իրականացնում հենց Սևանա լճում։ Շուտով ծառայությունը կսկսի գործել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ նոյեմբերի 15-ին դասընթացներին հետևում էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

«Ողջունելով ջրային պարեկներին՝ փոխնախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ստորաբաժանումը, համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Նա ստորաբաժանման ձևավորմանը աջակցելու համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին։

Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացնում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։

Նավավարման հմտություններ, անձնական և նավի անվտանգություն, ջրի վրա կասկածյալների հետ աշխատանք, առաջին օգնություն. սրանք դասընթացների միայն մի մասն են, որոնք անցնում են ապագա ջրային պարեկները։ Զուգահեռ իրականացվում են նաև տեսական պարապմունքներ, որոնք անցկացնում են «Սևան» ազգային պարկի, ՆԳՆ փրկարար ծառայության, կրթահամալիրի և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։

Իսկ այս ամենին նախորդել էին միջազգային գործընկերների հետ համատեղ լայնածավալ աշխատանքներ, ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար մրցույթներ, ստուգարքներ։

Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։

Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։

Լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցել են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։ Նրանք ուսումնասիրել են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցել են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։

Բացի այդ, նավավարման տեխնիկական հմտությունների զարգացման, փրկարարական սարքավորումների առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով դասընթացներին զուգահեռ ստացած գիտելիքները պարեկները տեղայնացրել են նաև ՆԳՆ կրթահամալիր տեղափոխված նավի շնորհիվ, ինչի ուսումնասիրությունը հեշտացրել է վերապատրաստման այժմյան փուլը։

Այս լայնածավալ միջոցառումներից հետո` դեկտեմբերին, Սևանա լճում և առափնյա հատվածներում կգործի Ջրային պարեկային ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս