ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 700 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները. առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող, Երեւան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետեւանքով Երեւան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին «Երիտասարդական պալատ» պետական ՓԲԸ-ին պատկանող, Սարալանջ 1 հասցեում գտնվող 24345.2 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հիշյալ ընկերության սնանկության կառավարչի կողմից 506.000.000 ՀՀ դրամով վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Նշված անշարժ գույքի զբաղեցրած 31,780 քմ մակերեսով հողամասը եղել է պետական սեփականություն եւ պայմանագրով չի հանդիսացել առուվաճառքի առարկա: Միաժամանակ նույն պայմանագրով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին պայմանագիրը անշարժ գույքի կադաստրում պետական գրանցման պահից:

Սակայն այդ ընթացքում դեռեւս պայմանագիրը պետական գրանցում ստացած չլինելու, այսինքն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված չլինելու պայմաններում Ե. Զ.-ն, Սարալանջ փողոցի 1 հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը վաճառելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան իրավական հիմքերի, 2004 թվականի հունվարի 16-ին որոշում է կայացրել, որով վերը նշված ՍՊԸ-ին վերապահել է նշված հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով: Այնինչ, պայմանագիրը պետական գրանցում ստացել է միայն նույն թվականի հունվարի 27-ին, երբ ուժի մեջ մտած է եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքն այդ ժամանակահատվածում արդեն եղել է շատ ավելի բարձր՝ 805.623.000 ՀՀ դրամ:

Երեւանի քաղաքապետի որոշման հիման վրա՝ 2004 թվականի հունվարի 17-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ. Դ.-ի եւ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ. Ա.-ի միջեւ կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62.973.405 ՀՀ դրամով օտարվել է հիշյալ ընկերությանը:

Այսպիսով, Երեւանի նախկին քաղաքապետ Ե. Զ.-ի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին, այն է՝ հեղինակազրկվել է տեղական ինքակառավարման մարմինը, խախտվել է պետական սեփականության հողերը տնօրինելու եւ օգտագործելու օրենսդրությամբ սահմանված կարգը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ. Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, 805.623.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարվել է 62.973.405 ՀՀ դրամով, որի հետեւանքով Երեւան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ե. Զ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Կ. Դ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ՈՒՂԵԿՑՎԵԼ Է ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Իջեւան տարածաշրջանի գյուղերից մեկում: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Այգեհովիտ գյուղի դաշտավայրում վիճաբանություն է տեղի ունեցել երկու կողմերի միջեւ:

Պատճառը, որոքան էլ անհավանական թվա, կապված է  այդ տարածքից հեռանալու հետ, որի ժամանակ կողմերից մեկը մյուս կողմի վրա կրակոց է արձակել: Հրացանից արձակած փամփուշտից տուժել է 1998 թվականին ծնված մի բնակիչ.  վերջինս որովայնի հատվածում ստացել է վնասվածք:

Տուժողը ծանր վիճակում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ հետո՝ Երեւան:

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նշված գյուղի բնակիչ՝ 1999 թվականին ծնված տղամարդը, չկառավարելով իրեն, դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել 1999 թվականին ծնված տղամարդուն, որը նույնպես Կամարիս գյուղի բնակիչ է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած  տեղեկություններով՝ համագյուղացիներն իրար հետ լավ խմել են, որից հետո վեճ է ծագել կողմերի միջեւ, սկսել են միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնել, այնուհետեւ կողմերից մեկը դանակահարել է մյուսին՝ պատճառելով որովայնի հատվածում վնասվածք:

Նախնական տվյալներով՝ տուժողը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի առաջին պատի կտրած, ծակած վերքով:

Իրավապահ մարմինների կողմից որոնվում է դանակահարություն կատարած անձը:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄՏԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՏՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետ Դանիել Բալայանի տուն եւ սկսվել է խուզարկություն կատարել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝  Հակակոռուպցիոն կոմիտեում կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ նրա տուն են մտել ու խուզարկել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝

Դանիել Բալայանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից»:

Եվ, ահա, նրա ազատումից մեկ տարի անց իրավապահները մտում են Ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետի տուն։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱՆՏԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա Կոկաինի գործով քննությունը վերջնական փուլին է մոտեցել, ու ԱԱԾ-ն որոշում կկայացնի, ասել է թե՝ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործի ավարտական փուլում կալանավորների նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել։ Մասնավորապես, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ընկերության տնօրեն Լ.Ա-ի, որը կին է, եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ասել է թե՝ նրանք կալանավայրից դուրս են եկել ու ներկայումս կրում են տնային կալանք։

Գրել էինք, որ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների, ու, ըստ էության, շատ պատասխաններ եվրոպական գործընկերներից արդեն ստացել են։ Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս