ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը. հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրով ցուցահանդեսը:

 

Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։

Հատուկ ձեւավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել մինչուրարտական, ուրարտական եւ հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, այլեւ պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստը, արհեստները։

Հայաստանյան թանգարաններից ներկայացված նմուշները՝ ուրարտական արքաների վահաններ, սաղավարտներ, կապարճներ, արձանագրություններ, արձանագիր ափսեներ, պատկերապատ գավաթներ, արդուզարդի պարագաներ, կնիքներ, ծիսական արձանիկներ, կավանոթներ, համադրվել են ռուսական թանգարաններում պահվող որմնանկարների եւ համանման առարկաների հետ: Ներառված են նաեւ նախորդ դարից սկսած ուրարտական հուշարձանների պեղման, վերականգնման, ուսումնասիրման հետ կապված վավերագրեր, գեղարվեստական գործեր, գծապատկերներ, շոշափողական նմուշներ, ֆիլմեր եւ այլն։

Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Նրանք ռուս գործընկերների հետ մասնակցել են մամուլի ասուլիսին եւ բացման միջոցառումներին։ Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջ բերել Մոսկվայի մշակութային կյանքում։ Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովայի հաղորդմամբ՝ արդեն իսկ բոլոր բացատրական տոմսերը սպառվել են։

Ցուցահանդեսին հաջորդող երկու օրերին կից ցուցասրահներում հանրային դասախոսություններ են կարդացել «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը եւ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։

Ցուցահանդեսի իրականացման շրջանակում նախատեսվում է հրատարակել նաեւ գիտական կատալոգ, որի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2024 թ. հունվարի 28-ը։

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, Էրմիտաժի, Ռուսաստանի պետական պատմական թանգարանի եւ Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանի համագործակցությամբ։

 

 

 

ԹԻՄԲԵՐԼԵՅՔԻ ՀԵՏ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 

Բրիթնի Սփիրսն ու Ջանեթ Ջեքսոնն ընդհանուր բան ունեն. նրանք երկուսն էլ ժամանակին խնդիրներ են ունեցել Ջասթին Թիմբերլեյքի հետ. գրում է Mirror-ը։

 

57-ամյա Ջանեթն աջակցում է 41-ամյա Բրիթնիին իր ներկայիս խառնաշփոթի միջ: Բրիթնիի ամենացավալի պահերը Ջասթինի հետ կրկին ուշադրության կենտրոնում են նրա՝ «Իմ ներսի կինը» ինքնակենսագրականի թողարկումից հետո: 2002 թվականին իրենց բաժանումից հետո Բրիթնին խոցված էր, սակայն Ջասթինը ինքն էր բորբոքել պատմությունն այն մասին, որ Toxic հիթի երգչուհին կոտրել էր իր սիրտը` դավաճանելով իրեն:

Դեպքերից երկու տարի անց Ջանեթին անարգեցին, երբ երգիչը պատռեց նրա կրծկալը՝ մերկայացնելով երգչուհու կուրծքը Super Bowl-ի իրենց ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ։ Դրանից հետո Ջանեթի հեղինակությունն ու կարիերան կտրուկ անկում ապրեցին, մինչդեռ Ջասթինը բարգավաճում էր՝ բախվելով զրոյական հետեւանքների:

Աղբյուրը հայտնել է. «Ջանեթին ու Բրիթնիին դեռեւս հետեւում են քննադատությունները, եւ Ջանեթը դիմել է նրան՝ աջակցելու եւ քաջալերելու համար: Բրիթնին ապշած էր այն բանից, թե ինչպես էին Ջանեթին վերաբերվում Super Bowl-ի ժամանակ եւ զգում էր, որ նրա վրա հարձակվում էր նույն PR-մեքենան, ինչն իրեն արատավորել էր:

Երկուսն էլ կարծում են, որ նա (Ջասթինը) շատ բան ուներ շահելու՝ իրենց կոտրելով: Նրանք ունեն ընդհանուր փորձ, եւ Ջանեթը ցանկանում էր, որ Բրիթնին իմանար, որ ինքը նրա կողքին է»:

42-ամյա Ջասթինը ներողություն էր խնդրել երկու կանանցից էլ՝ նշելով. «Ես խորապես ցավում եմ իմ կյանքի այդ դեպքերի համար, երբ իմ գործողությունները նպաստել են ինչ-որ մեկի խնդրին, երբ ես չեմ բարձրաձայնել այն, ինչ ճիշտ էր: Ես հատուկ ցանկանում եմ ներողություն խնդրել Բրիթնի Սփիրսից եւ Ջանեթ Ջեքսոնից՝ երկուսից էլ առանձին, քանի որ ես հարգում եմ այս կանանց եւ գիտեմ, որ սխալվել եմ»:

Նրա ներողությունը հրապարակվել էր New York Times-ի «Framing Britney Spears» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որը պատմում էր այն մասին, թե ինչպես Ջասթինի պատճառով Բրիթնին զրպարտվեց ԶԼՄ-ներում: Բրիթնիի վերջին բացահայտումներից հետո, սակայն, կարելի է եզրակացնել, որ այդ ներողությունը երգչուհուն չի բավարարել:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել։ Նրա մասնակցությունը շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է. հաղորդում է BBC-ն։

«Բորնմուտի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում Հոլանդը փոխարինվել էր 46-րդ րոպեին։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 6:1 հաշվով։

«Կսպասենք բժիշկների եզրակացությանը։ Եթե առաջիկա խաղից առաջ բժիշկն ասի, որ Էրլինգը պատրաստ է, ցավեր չունի, ես կհամարեմ, որ նա կարող է մասնակցել հանդիպմանը»,- ասուլիսում նշել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Մանչեսթեր Սիթի» – «Յանգ Բոյզ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային 4-րդ տուրի հանդիպումները:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները:

E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը կընդունի «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը «Նյուքասլ Յունայթեդ»-ն է, իսկ «Միլան»-ինը` ՊՍԺ-ն:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Յանգ Բոյզ»-ի, «Ցրվենա Զվեզդա»-ն` «Լայպցիգ»-ի հետ:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը կփորձի գերազանցել «Բարսելոնա»-ին, «Պորտու»-ն` «Անտվերպեն»-ին:

 

 

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հանրությանը հորդորելով 2023 թ. նոյեմբերի 10-12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի եւ որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի եւ նմանատիպ այլ իրերի ու առարկաների:

Նշվում է նաեւ, որ դեպի մարզահամերգային համալիր տրանսպորտային միջոցների շարժը թույլատրվելու է միայն հատուկ անցագրերով:

Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները:




Լրահոս