Անգամ բլոկադան մեզ ընկճել չկարողացավ, բայց պատերազմը… արցախցի կնոջ հուշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամսի 24-ին, վերջապես, ամուսինս ու եղբայրներս եկան․ նույն օրը՝ բթացած ցավը կոկորդներումս խեղդելով՝ հեռացանք Արցախից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, մանկություն, հայրական տուն, մի ողջ ապրած կյանք ու մեր սուրբ հայրենիքը»,- ArmLur.am-ին պատմում է Արցախից բռնի տարհանված Աքսաննա Մաթևոսյանը:

«Սեպտեմբերի 19-ին ամուսինս ու 3 եղբայրներս դիրքերում էին, ոչ մեկից լուր չունեինք․ պատերազմի հաջորդ օրը հայտարարեցին, որ պետք է լքենք գյուղը: Երեք անչափահաս երեխաներիս հետ մի կերպ բարեկամի մեքենայով դուրս եկանք գյուղից և գնացինք Ստեփանակերտ: Վերջին օրերին բոլորն այնտեղ էին կենտրոնանում և մտածում էինք, որ Ստեփանակերտում ավելի ապահով է: 6 օր մնացինք Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, որտեղ տեղակայված էին հիմնականում Մարտակերտի շրջանն՝ իր գյուղերով: Ծանր րոպեներ էին, երեխաները քնում էին սառը հատակին, իսկ մենք սպասում էինք, ինչի՞՝ ինքներս էլ չգիտեինք: Մտածում էինք ընտանիքի անդամների մասին՝ միայն թե մեզանից ոչ մեկը չպակասի»,- վերհիշում է Աքսաննա Մաթևոսյանը։

Այսօր փորձում են նոր կյանք սկսել, ապրում են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ Մինչև մշտական աշխատանք գտնելը՝ Աքսաննան որոշել է տնային պայմաններում ժենգյալով հաց և փախլավա թխել՝ ինչ-որ չափով հոգալով ընտանիքի հոգսերը:

Աքսաննան և ամուսինը՝ Հայրոն, ծնունդով Հադրութից էին: Համալսարանն ավարտելուն պես՝ աշխատել են Հադրութի շրջանի Առաքել գյուղում, ինքը՝ որպես դասվար, ամուսինը՝ պատմության ուսուցիչ: Աքսանան հստակ հիշում է երբ, որ օրն ինչ է տեղի ունեցել.

«Վարձով էինք ապրում մինչև 2020 թվի հուլիսի 11-ը, հետո տուն գնեցինք, միահամուռ ուժերով կահավորեցինք, գնեցինք տան համար բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք անգամ չհասցրեցինք բացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսինս ինձ ու 2 փոքրիկներիս ընկերոջ մեքենայով ուղարկեց Հադրութի իբր ապահով գյուղեր (Քարագլուխ, Դոլանլար, Խծաբերդ), իսկ ինքը մնաց Ջրականի (Ջաբրաիլի) մոտակայքում։ Հոկտեմբերի 1-ին ճանապարհվեցինք Երևան, իսկ ինքը մինչև նոյեմբերի 26-ը մնաց Խծաբերդում… Պատերազմի ավարտից հետո՝ ամուսինս որոշեց, որ պետք է ապրենք Արցախում: 2020 թվականի դեկտեմբերի 3-ին արդեն իմ հայրենի գյուղում՝ Հաթերքում էինք: Ամուսինս անցավ ծառայության: Երբեք չէինք խուսափում դժվարությունից, իրար օգնելով սկսեցինք ամեն ինչ նորից ստեղծել:
Անգամ բլոկադան մեզ ընկճել չկարողացավ, բայց այս պատերազմի հետևանքները…»

Նանիկ Աղասյան




Լրահոս