ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դեռ փետրվարի 7 -ին գրավոր հարցումով էր դիմել կառավարությանը, ՊԵԿ-ին և մի քանի նախարարներին ՝ ՍԴ աշխատանքային որոշումը պրակտիկ գործարկելու առնչությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց Մինասյանն ու հավելեց, որ իր հարցմանն արձագանքել են միայն Արդարադատության ու Էկոնոմիկայի նախարարությունները: Դրանցից առաջինը հղում է արել Սահմանադրության համապատասխան հոդվածին, իսկ երկրորդը ՝ հարցն ուղղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Մինասյանի հարցը հետևյալն էր. «Բազմաթիվ գործատուներ ու հաշվապահներ, հիմնվելով բազմաթիվ պաշտոնյաների հարցազրույցների, հայտարարությունների վրա, ստիպված են եղել կատարել պահումներ և նաև աշխատակցիներին ևս ստիպել, որ ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր ՝ պատճառաբանելով, որ էլէկտրոնային հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս, որ չկատարվի այդ ընտրությունն ու չկատարվեն պահումներ»:
ՀՅԴ պատգամավորի խոսքով ՝ ՍԴ-ի համապատասխան որոշմամբ ՝ ֆոնդեր ընտրելը պարտադիր չէ, և պահումներն էլ աշխատակիցների ցանկությամբ պետք է կատարվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանելով պատգամավորի հարցին ասաց, որ կառավարությունը շատ պատասխանատու է մոտենում այս հարցումներին և օրենքով սահմանված ժամկետում, որը երեկ է ավարտվել, ինքը պատասխանել է: Ինչ վերաբերում է բովանդակությանը, Ասատրյանը շեշտեց, որ իսկապես ՍԴ որոշմամբ մեկ հոդված և մեկ այլ հոդվածի մի մասը կասեցվել են մինչև մարտի 28-ի դատը: Մինասյանը հարցրեց, թե նախարարը կարող է այստեղ հայտարարել, որ ՍԴ որոշումն անիմաստ նորմ է պարունակում, քանի որ ամեն դեպքում պահումներ են կատարվում: Նախարարը պատասխանեց, որ ՍԴ որոշումը իրենք որևէ ձևով չեն մեկնաբանել և հիմա էլ չի պատրաստվում մեկնաբանել: Նա նշեց, որ օրենքով կասեցված է 76-րդ հոդվածը, որը նշանակում է, որ տույժ ու տուգանքներ չեն կիրառվելու և ավտոմատ ընտրություն չի կատարվում: