ArmLur.am-ը հայտնել էր, որ վաղը՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրելու:
ԱԺ-ից տեղեկացանք, որ արտահերթ նիստի օրակարգում լինելու է ՀՀ 2023թ-ի պետբյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումներն ավելացնել 3%-ով՝ ընդհանուր գումարի 6%-ի սահմաններում վերաբաշխելով նույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կընձեռնվի 2023թ. պետական բյուջեի շրջանակներում իրականացնել եւս 3% (77.7 մլրդ դրամ) վերաբաշխումներ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ վերաբաշխումների սահմանաչափի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2023թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2023թ. պետական բյուջեի շրջանակներում մեծածավալ չնախատեսված հատկացումների տրամադրման եւ այդ նպատակով ծախսերի վերաբաշխումների իրականացման անհրաժեշտությամբ:
Նախագիծը հեղինակել է Ֆինանսների նախարարությունը:
Քրիստինա Մուշեղյան