Տարածված տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր․ Գագիկ Ծառուկյանի խոսնակը՝ ապօրինի գույքի մասին տեսանյութի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում հայտնել է․

«Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:

Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին: Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:
Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում»։




Լրահոս