
Առաջիկա ընտրությունների նախաշեմին զարմանալի «զուգադիպությամբ» կառավարությունը որոշել է պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներով վերանորոգել բոլոր մարզերի գրեթե բոլոր համայնքների փողոցները, դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի տները, քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքները, եւ այսպես շարունակ: Իսկ այդ նպատակով սեպտեմբերի 29-ին կառավարությունն իր հերթական նիստում պահուստային ֆոնդից 10-ական մլրդ դրամ է հատկացրել յուրաքանչյուր մարզին: Իհարկե, դրական երեւույթ է, երբ կառավարությունն ուշադրություն է դարձնում մարզերի համաչափ զարգացմանը: Սակայն տարօրինակն այն է, որ մարզերի հանդեպ նման մեծ ուշադրություն կառավարությունը ցուցաբերում է խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մարզեր ուղարկված գրության մեջ էլ այդ գումարների տրամադրումը նշված է որպես Սերժ Սարգսյանի` նախընտրական խոստումների իրականացման նպատակով արված հատկացում: