Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ստրասբուրգից վերադառնում է Հայաստան՝ գոհունակությամբ, որ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց Ադրբեջանի գործողությունները հստակ դատապարտող դեկլարացիային:

 

«Այդ փաստաթղթով նաեւ պահանջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ՝ ազատ արձակելու Արցախի առաջնորդներին:

Կոնգրեսը աջակցություն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում եւ որոշում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հաջորդիվ կհրապարակեմ նաեւ ելույթներս»:

Քննարկման մանրամասների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Խաժակյանի հետ:

-Պարո՛ն Խաժակյան, քննարկման ժամանակ նշել էիք գերեվարված արցախցի նախագահների, պաշտոնյաների հարցը: Ի՞նչ արձագանք տվեցին եվրոպացի պաշտոնյաները:

-Եվրոպայի խորհրդի կոնգրեսում ներկայացրել եմ զեկույց՝ իրավիճակի հետ կապված, եւ զեկույցում առանձին տողով նաեւ նշված էր կոչ-պահանջ՝ ուղղված Ադրբեջանին՝ ազատ արձակելու Արցախի պաշտոնյաներին: Շատ հասցեական:

Բնականաբար, Ադրբեջանը քննարկման ընթացքում փորձեց այդ ձեւակերպումը դուրս բերել դեկլարացիայից, եւ ես դրա դեմ խոսեցի՝ ներկայացնելով, որ դա  ոչ միայն ապօրինի գործողություն է եղել, այլ ինքնին պահվող անձինք արդեն մարդու իրավունքների խախտման վկայությունն են: Եվ դեկլարացիան ընդունվեց այնպես, ինչպես նախատեսվում էր, այսինքն՝ ներառված այդ կոչն ու պահանջը պետք է զարգացնել եւ հետագա դիվանագիտական զարգացումներում սա պետք է դարձնել բանակցության առարկա:

-Իսկ բանակցություններում մեզ այդ դեկլարացիան  ի՞նչ արդյունք է տալու, քանի որ գիտենք, պարո՛ն Խաժակյան, որ մինչ այս էլ բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, բանաձեւեր են ընդունվել, սակայն Ադրբեջանը այդպես էլ չի ենթարկվել պահանջներին:

-Ընդհանրապես,  այդ գործիքները, մանավանդ՝ պարտված պետություններին, միայն կարող են հավելյալ կաթիլ ավելացնել այն ընդհանուր միջավայրում, որտեղ փորձում ես քո շահերը ներկայացնել եւ առաջ մղել: Այս իմաստով, եթե մենք չունենայինք ըմբռնում, ես կարող էի ասել, որ աշխատելն էլ այդ ուղղությամբ ավելի բարդ կլինի, բայց հիմա քանի որ մենք ունենք միջազգային հանրության ըմբռնումը, այս շարունակական ճնշումներն են բերելու նրան, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ազատ արձակի նրանց: Սա միքայլանի գործողություն չէ, այլ անընդհատ ջանք պետք է գործադրել այս ուղղությամբ եւ յուրաքանչյուր փաստաթղթում դետալացված  աշխատանք տանել՝ այդ ձեւակերպումների հետ կապված:

-Պարո՛ն Խաժակյան, երբ որ գերիների  խոշտանգումների մասին էիք բարձրաձայնում, եվրոպացի պաշտոնյաները ինչպե՞ս էին արձագանքում, տեղյա՞կ էին այդ ամենի մասին, թե՞ իրավիճակին ծանոթ չէին:

-Խոշտանգումները առանձին քննարկման առարկա չեն դարձել, որովհետեւ փաստաթուղթն ուներ ավելի շատ քաղաքական բնույթ, քան մարդու իրավունքների: Հույս ունեմ, որ Արցախի եւ ՀՀ ՄԻՊ-ը իրենց զեկույցներում ներկայացնում են եղած իրավիճակը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԵՌԱԲԼՈՒՐ»-Ի ՏԱԿ

«Եռաբլուր լացողներ…». հենց այս արտահայտությամբ էր Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը դիմում, երբ պատգամավոր Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց հեռանալ։

Միջամտեցին այլ ընդդիմադիր պատգամավորներ, եւ լեզվակռվի արդյունքում Փաշինյանն արեց այս հայտարարությունը։

Սակայն, հենց Փաշինյանի իշխանության օրոք «Եռաբլուր»-ի տարածքում «Ռենկո» ընկերությունը մեծամասշտաբ շինարարություն է սկսել։ Հենց այդ նույն Toyota-ների եւ Lexus-ների կողքին վեր է խոյանում շինարարական կռունկը։ «Ռենկո» ընկերությունը իտալական շինարարական կազմակերպություն է, գլխավոր տնօրենը՝ Ջովաննի Ռուբինին։

Ընկերությունը 2017 թվականից մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի էներգետիկ համակարգում (գրեթե 280 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ)։

Նիկոլ Փաշինյանը հնարավորությունը բաց չի թողնում նախկինների արածները քարկոծելու, սակայն նրանց կիսատ թողածը վարչապետ Փաշինյանը, սաստելու փոխարեն, ավելի է ծաղկեցնում, եւ իր իշխանության օրոք անգերազանցելի քանակի շինթույլտվություններ է տալիս անթույլատրելի վայրերում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՄԱՆԴԱՏ ԿՈՒՆԵՆԱՆ

Խորհրդարանն այս նստաշրջանում երկու նոր պատգամավոր կունենա:

«Հայաստան» խմբակցության նոր պատգամավորն է Լեւոն Քոչարյանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորն է Տիգրան Պարսիլյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին պատգամավորական մանդատ ստացավ:

Լեւոն Քոչարյանը, հիշեցնենք, կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին՝ խաղաղ ցույցի ժամանակ իբրեւ կարմիր բերետավորների` ճանապարհը բացելու պահանջը չկատարելու եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեեւ տարածված տեսանյութում երեւում է, թե Լեւոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահներն ինչպես են հարվածում։

Պատգամավորական մանդատ ստանալուց հետո, օրենքի պահանջով, նա ազատ արձակվեց, որպեսզի ստանձնի պատգամավորական մանդատը:

ՔՊ-ական նոր պատգամավոր Տիգրան Պարսիլյանն էլ երեկ է ԿԸՀ-ից մանդատ ստացել եւ կմասնակցի այսօրվա նիստին:

Հիշեցնենք, որ նա 2018թ.-ին՝ հեղափոխությունից հետո, նշանակվել էր Արարատի փոխմարզպետ: Մեկ տարի պաշտոնավարելուց հետո՝ 2019 թ.-ին, ազատվել էր պաշտոնից։ Նա ԱԺ-ում զբաղեցնում էր Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ադրբեջանի նախագահը նոր պահանջներ է ներկայացնում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Պիա Կաումուի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հարավային Կովկասում նոր իրողությունների մասին։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանի վերջին իրադարձությունները պետք է դիտարկել  մոտ 30 տարի շարունակված օկուպացիայի եւ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի  համատեքստում։ Առանց այդ օկուպացիայի եւ ագրեսիայի հետեւանքների դիտարկման, ճիշտ չէր լինի մոտեցումներ ներկայացնել՝ կապված տարածաշրջանի ապագայի հետ»։ Ալիեւը միաժամանակ քննադատել է միջնորդներին, որոնց ջանքերը «միանգամայն անհաջող էին»։

Այսպիսով, Ալիեւը ակնարկել է նոր «պայմանների» մասին, որոնց դեպքում Բաքուն կբարեհաճի համաձայնել ապրել խաղաղությամբ։ Նախկինում Ալիեւը քանիցս հայտարարել էր «վնասի փոխհատուցման» մասին։

Հիշեցնենք, որ հակամարտությունը եւ հաջորդ մի քանի պատերազմները սանձազերծվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից, որը փորձել է ուժային մեթոդներով ստիպել լռել Լեռնային Ղարաբաղին։

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-10-ը Ատտիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձեւաչափով համատեղ վարժանքներ։

Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է նպաստելը մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը եւ գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաեւ նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

Հունաստանի ԶՈՒ-ն մասնակցել է համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով (Special Operations Task Unit – SOTU):

Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետեւյալ գործողությունները.

l արագ արձագանքման մարտական կրակ,

l դիպուկահարության մարտավարություն եւ մեթոդներ,

l բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ,

l փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում։

 




Լրահոս