ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՌԱՑՐԵԼ ՔՊ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ, ՔՊ վարչության որոշմամբ, Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից:

 

Ինչպես ՔՊ-ից մեզ փոխանցեցին, պատճառը կարգապահական խախտումն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ որոշումը վաղուց է կայացված եղել.  նա հաճախ է խնդիրներ ունեցել իր թիմակիցների հետ, վիճաբանությունների կենտրոնում հայտնվել:

Մեզ հետ զրույցում Թաթուլ Ասիլյանն էլ պարզաբանեց, որ պատճառը եղել է իր՝ որոշ ժամանակ առաջ արցախցիների վերաբերյալ գրառումը, որը հեռացրել է իր էջից: Չնայած սրան՝ Թաթուլ Ասիլյանն ասաց, որ ընդունում է իր մեղավորությունը եւ շարունակում է պաշտպանել իր արդեն նախկին թիմին:

-Կուսակցությունից շատ ճիշտ են փոխանցել. իմ կարգապահական խախտումն է եղել, ունեցել եմ իմ մեղավորության մասնաբաժինը:

-Ի՞նչ խախտում եք ունեցել: Կմանրամասնե՞ք:

-Ղարաբաղի հետ կապված այդ պահին գրառում էի կատարել, ուրիշ ոչինչ:

-Ձեր ֆեյսբուքյան էջո՞ւմ եք գրառում կատարած եղել:

-Այո՛:

-Բայց մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ այդ գրառումը չկա: Հավանաբար հեռացրե՞լ եք:

-Այո՛, գրառումը հեռացրել եմ երեւի մոտ 2-3 ամիս առաջ:

-Ինչի՞ մասին է եղել այն:

-Ղարաբաղի հետ կապված:

-Բայց կոնկրետ ի՞նչ էր:

-Չեմ կարողանա հիշել՝ կոնկրետ ինչ, բայց որ դրա հիման վրա եմ հեռացված եղել, փաստ է: Որոշակի արցախցիների մասին է եղել խոսքը, որոնք որ դեմ էին մեր իշխանությանը:

-Այսինքն՝ Դուք ընդունո՞ւմ եք Ձեր մեղավորության բաժինը:

-Այո՛, այդ ամենում մեղավոր եմ, բայց դա էական նշանակություն չունի. եթե նույնիսկ ինձ կուսակցությունից հեռացրել են, ես էլի նույն ձեւ հավատարիմ մնալու եմ: Եթե նույնիսկ ինչ-որ հարցով կանգնեմ դատարանի առաջ ու պատասխանատվություն կրեմ, ես էլի շարունակելու եմ կանգնել իրենց կողքին:

-Այսինքն՝ Դուք շարունակում եք մնալ նրանց կողքին, քանի որ Դուք հաճախ եք թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ իշխանական այլ պատգամավորների հետ մտերմություն ցույց տալիս, նկարներ հրապարակում:

-Այո՛, քանի որ Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական թիմի առաջնորդն է, եւ շարունակում ու շարունակելու եմ պաշտպանել նրան ու նրանց:

Այս դեպքը չի կարող ինձ նրանց դեմ տրամադրել: Այս դեպքը նշանակություն չունի, ես իմ հարգանքն ունեմ վարչապետի անձի նկատմամբ:

-Ու՞մ հետ տարաձայնություններ ունեք:

-Դե կարող են լինել բազմաթիվ տարաձայնություններ թիմի ներսում: Ուրիշ ոչինչ չկա:

-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ թիմում շատ են տարաձայնությունները, բայց Ձեր թիմակիցները համակարծիք են եղել այս ամենին, այսինքն՝ Դուք խնդիրներ ունեցել եք այդուամենայնիվ նրանց հետ:

– Եթե դու սխալ ես գործում, ինչպե՞ս կարող են համակարծիք չլինել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ համալսարաններում արցախից բռնի տեղահանված ուսանողներին լավ չեն վերաբերվում։ Բողոքների շարքը լրացվում էր՝ Արցախի պետական համալսարանի ռեկտորին՝ Արմեն Սարգսյանին լավ չընդունելով։ Մասնավորապես՝ ասվում էր, որ նրան տվել են փոքրիկ, ոչ վերանորոգված եւ խոնավ սենյակ։ Այս հարցերը հասկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը մեզ հետ զրույցում տվել է պարզաբանումներ այս հարցերի վերաբերյալ։

 

-Պարո՛ն Հովհաննիսյան, բազմիցս բողոքներ ենք ստանում, որ ԵՊՀ-ում արցախցի ուսանողների հանդեպ կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում։

-Նման խնդիր չկա մեզ մոտ. բոլորը գիտեն, որ արցախցի ուսանողներին լավ են վերաբերվում։

-Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ հանդիպումներ կամ քննարկումներ եղե՞լ են։

-Իր հետ պարբերաբար ենք հանդիպում ուսանողների հարցերը լուծելու վերաբերյալ, անընդհատ իրար հետ ենք։

-Պարո՛ն Հովհաննիսյան, լուրեր են պտտվում, որ ԱրՊՀ ռեկտորին փոքրիկ, խոնավ սենյակ են տվել եւ նրան լավ չեն վերաբերվում։

-Մենք իրեն շատ լավ ենք վերաբերվում, ինքը շատ գոհ է, իրեն որ հարցնեք, ձեզ մանրակրկիտ կպատասխանի։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս թեմայով եւս զրուցել էր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմից արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի։ Թագուհի Թովմասյանը հավելել է նաեւ, որ ամենօրյա ռեժիմով հետեւողական է լինելու ոչ միայն ԵՊՀ-ում, այլեւ ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը եւ կարգավորմանը։ Կրթական հաստատությանն անհարիր այս դրսեւորման կրկնության դեպքում հանրայնացնելու է անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։

Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս։

Անհատական բնակելի 2 տները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2016 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2022 թվականին Կենտրոն վարչական շրջանում։ Հողամասը 2019 թվականին ձեռք է բերվել Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։

Գրիգորյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2017 թվականի արտադրության, Nissan մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 605 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար դրամ։

Որպես այլ ներդրումներ Գրիգորյանը նշել է «Ամազոն»  եւ «Գուգլ»  ընկերությունները, որոնցից համապատասխանաբար ստացել է 125 հազար եւ 175 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ նա մասնաբաժին ունի նաեւ այս ընկերություններում։

Նրա բանկային ավանդները կազմել են 125 հազար ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 30 մլն դրամ, 250 հազար եվրո, 780 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 մլն դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար։

Գրիգորյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 477 մլն 503 հազար դրամ, որից դրամով ստացած միակ եկամուտը դա 75 հազար դրամն է Երեւանի քաղաքապետարանից։

963 հազար ԱՄՆ դոլար Գրիգորյանը ստացել է գույքի օտարումից, գործարքի մյուս կողմը եղել է «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք» ընկերությունը, սակայն այդ մասին այլ մանրամասներ նշված չեն։

Գրիգորյանն ունի նաեւ մասնաբաժին «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում, որի տնօրենն է հանդիսանում եւ որից էլ ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար գումար։

«Հոսթել Ինտերնեյշնըլ»-ից էլ որպես եկամուտ ստացել է 144 հազար ԱՄՆ դոլար։

Գրիգորյանի ստացած փոխառությունները կազմել են 8 հազար 700 ԱՄՆ դոլար։

Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։

Համեմատության համար նշենք, որ Մարությանն ունի 23 անշարժ գույք եւ 310 մլն տարեկան եկամուտ, իսկ նույն կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը՝ 5 անշարժ գույք, սակայն 477 մլն տարեկան եկամուտ։

 




Լրահոս