ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Եղեգնավան եւ Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքում արձանագրված՝ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ՍՊ ընկերության տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինչպես նաեւ հողը փչացնելու դեպքերի բոլոր հանգամանքները։

 

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը, 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչեւ 2022թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է 2012թ. տրամադրված, ապա 2014թ. փոփոխությունների ենթարկված թույլտվությամբ նախատեսված կոորդինատներից եւ դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Լուսառատ գյուղի տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, տեխնիկաների օգտագործման միջոցով ընկերության կողմից արդյունահանվել է ընդհանուր 2748մ3 ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝  վճարման ենթակա 146.156 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 716,1մ3  ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։

Պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ Հիշյալ գործողությունները հանգեցրել են նաեւ հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որն առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացումը, ինչպես նաեւ խախտվել է Արաքս գետի հունը:

Բացի այդ, ընկերության տնօրենի վերոնշյալ գործողությունների հետեւանքով դեգրադացիայի է ենթարկվել  համայնքային սեփականության՝ 1379մ2 մակերեսով ջրային ֆոնդի եւ 11953մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Արդյունքում 13332մ2 մակերեսով հողային ռեսուրսներին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաեւ տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում եւ վնասում։

Միեւնույն ժամանակ, ՍՊ ընկերության տնօրենը, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով եւ 381-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 6.500.000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։

 

 

 

 

ԶԵՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազատ Զոհրաբի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով ակոսափող հրազենի փամփուշտներ պահելու եւ կրելու թույլտվություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում՝ քննությամբ չպարզված կոնկրետ օրը՝ Մարտունու շրջանում գտնվելու ժամանակ, ապօրինի կերպով ձեռք է բերել կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 59 հատ 7,62մմ /7,62×39/ տրամաչափի մարտական փամփուշտներ՝ նախատեսված «AK» տեսակի ինքնաձիգների, «ՀկԽ» տեսակի ձեռքի գնդացիրների եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար, եւ 5 հատ կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 4.45մմ /5.45×39/ տրամաչափի փամփուշտներ՝ նախատեսված «ԸԽ-74» տեսակի ինքնաձիգների, «ՀկԽ-74» տեսակի ձեռքի գնդացիրների եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար։

Այդ զենքերը պահելու կամ օգտագործելու իրավունք չունենալու պայմաններում, ինչպես նաեւ անհապաղ ՀՀ ոստիկանության մոտակա բաժին հանձնելու փոխարեն, պահել է իր՝ Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի Երիտասարդական փողոցի 38-րդ հասցեի տան տարբեր հատվածներում, որոնք հայտնաբերվել ու վերցվել են 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ Ազատ Ղազարյանի բնակարանում կատարված դեպքի վայրի զննության ընթացքում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օրերս Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի պատշգամբում անձի անշնչացած մարմին է կախված:

Նախաքննության արդյունքում պարզ է դարձել, որ մահացածը Տավրոսի փողոցի բնակիչ, 1940 թվականին ծնված քաղաքացի է:

83-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է տան պատշգամբի ճաղավանդակից կախված:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նույն օրը Վանաձորի ոստիկանության Բազումի բաժին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ քաղաքացին որովայնի հատվածում դանակի հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ պարզ դարձավ, որ 1950 թվականին ծնված Աղայան փողոցի բնակիչը ինքնասպանության փորձ է կատարել: Տեղում օգնություն են ցուցաբերել ընտանիքի անդամները, ապա տեղափոխել են հիվանդանոց, քանի որ ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: 73-ամյա քաղաքացու վիճակը կայուն է:

Մ.Ղ.

 

 

 

 

ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ՉԷ

Ֆատիմա Զուրաբովան Հայաստանի Հանրապետությունում արգելանքի տակ չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նկատի ունենալով մի շարք լրատվամիջոցներից բանավոր հարցում ստացած լինելու հանգամանքը՝ հայտնում եմ հետեւյալը.

2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր Ֆատիմա Ահմադի Զուրաբովան Մին. Վոդի-Երեւան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, եւ մինչ օրս որեւէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ:

Փաստի առթիվ 2023 թվականի նոյեմբերի 11-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհայտ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

Նա հարցաքննվել է որպես վկա եւ ցուցմունք տվել Ռուսաստանի Դաշնության Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել եւ գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, որը, իմանալով իր պատմությունը, դեպի Հայաստանի Հանրապետություն գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ բռնության չի ենթարկվել, որեւէ մեկն իրեն վնաս չի հասցրել:

Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում, վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա սպառնալիքների պատճառով։

Վերոնշյալ վարույթի շրջանակում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որեւէ մեկի հետ չի հանդիպել եւ շփում չի ունեցել։

Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս