ԿԳՄՍ նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի համագործակցությամբ Աշտարակի դրամատիկական թատրոնն այլևս իրականություն է։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է Աշտարակի մշակույթի պալատում։
Նոյեմբերի 24-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը լայն հանրության համար իր դռները բացել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան), որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Դանիել Դանիելյանը ներկայացումից հետո ետնաբեմում հանդիպել է երիտասարդ դերասաններին ու ներկայացման հեղինակներին և ողջունել նրանց.
«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ ներկայացմամբ թատրոնի բացման առիթով։ Արվեստի տարբեր ճյուղերի խաչաձևմամբ հրաշալի արդյունք էր ստացվել։ Մշակութային ապակենտրոնացմամբ մարզերում համայնքային կյանքի աշխուժացումը մեր առանցքային թիրախներից մեկն է»։
Փոխնախարարը թատրոնի տնօրեն Մարիանա Մկրտչյանից հետաքրքրվել է կառույցի ընդհանուր վիճակի, տեխնիկական հագեցվածության, առկա խնդիրների, անելիքների ու արված աշխատանքների մասին։